
Պատերազմից հետո հակառակորդի վերահսկողության տակ մնացած Հադրութի Տող գյուղում գտնվող «Կատարո» գործարանից հաջողվել է դուրս բերել միայն մի քանի մեքենա գինի։ Գործարանի այգիները, գինով լեցուն ցիստեռներն ու տեխնիկան մնացել են տեղում։ «Կատարոն» Արցախում կորցրած միակ գինու գործարանը չէ։
«Արցախում ամբողջությամբ կորցրել ենք գինու երկու գործարան՝ «Կատարո»- ն և «Ապրիս»-ը, որը ևս շատ կարևոր էր։ Իմ հաշվարկով` գործարաններից յուրաքանչյուրը մեկ միլիոն դոլարից ավելի վնաս է կրել։ Մեկ գործարան էլ մասամբ է ավերվել , մեկ բիզնես նախագիծ կիսատ է մնացել, կորցրել ենք մոտ չորս հարյուր հեկտար իդեալական որակի այգիներ, խոսքը վերաբերում է խաղողի խնդողնի տեսակին, որը աճում է միայն Հադրութի տարածաշրջանում։ Նռան քսան տոկոսը մենք ներմուծում էինք Մեղրիից, ութսուն տոկոսը՝ Արցախից։ Այժմ այդ ութսուն տոկոսը մեր ձեռքում չէ »,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։


Նրա խոսքով ՝ Արցախի մասշտաբով գինեգործության ոլորտում կորուստը շատ մեծ է, բայց եթե հաշվի առնենք, որ մինչև 90-ականների սկիզբը Արցախն ուներ տասնութ հազար հեկտար այգի և արտադրում էր ամբողջ Հայաստանի գինեգործական արտադրանքի կեսից ավելին, իսկ այդ տասնութ հազար հեկտարի մեկ երրորդն է անցել թշնամուն, ապա կարող ենք ասել, որ Արցախի ներուժը մնում է դեռ չօգտագործված, և Արցախն ունի մոտավորապես յոթ հազար հեկտար տարածք բարձր որակի խաղողագործություն զարգացնելու համար։
Գինեգործների միության նախագահը համոզված է, որ «Կատարո»-ն և «Ապրիս»-ը ձևավորել են բրենդներ, որոնք արագ կարող են վերականգնվել, եթե պետությունը բարի կամք դրսևորի և օժանդակություն ցուցաբերի՝ էժան վարկերի տեսքով ։
Ավագ Հարությունյանն անդրադարձել է գինեգործության ոլորտի ներկա վիճակին՝ նշելով, որ նախորդ տարում դժվարությունները շատ էին, բայց դրանք բացահայտեցին, որ հայ գինեգործությունը բարձր իմունիտետ ունի, և «անվտանգության բարձիկներն» այստեղ վատ չեն աշխատում։