ԿարևորՀասարակություն

5 միլիոն դրամ՝ վիրավորելու, 10 միլիոն՝ զրպարտելու համար

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագիծը, որով նախատեսվում է  սոցիալական ցանցներում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկել՝ վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնելով  5, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:

Առաջարկը բուռն քննարկումների առիթ է դարձել․ մասնագիտական շրջանակները խստացումները քողարկված տուգանք են  համարում, ընդդիմադիրները՝ խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ, իսկ հեղինակները համոզված են, որ տեղեկատվական դաշտում առկա իրավիճակն ավելի  կտրուկ քայլեր է պահանջում։

Իշխանությունները թերագնահատում են մասնագիտական կարծիքը, ինֆորմացիայի և լրագրողների առանձնահատուկ դերը ժողովրդավարական հասարակարգում, ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով վիրավորանքի և զրպարտության փոխհատուցումները խստացվող նախագծին։ 

Միջազգային իրավունքի մասնագետը նախագիծը համարում է ոչ նպատակահարմար, նշելով, որ դատական վարույթն այսպես, թե այնպես տևելու է 2-3 տարի, և այդքան ժամանակ անց մի քանի միլիոն դրամ  ավելի փոխհատուցումը իրավիճակը չի սփոփելու։  Եվ առհասարակ,  հարցական է՝ սա փոխհատուցո՞ւմ է, թե՞ քողարկված տուգանք։ Տպավորություն է, որ այս  նախագծի նպատակը պատժելն է, ոչ թե փոխհատուցելը՝ ասում է մասնագետը:

«Իշխանությունները գնում են ամենահեշտ ճանապարհով․ օրենքում բացարձակ արգելքներ են սահմանում, փոխհատուցման սահմանաչափն են բարձրացնում այն դեպքում, երբ կոնտենտի հարցին շատ զգույշ էր պետք մոտենալ, որովհետև լրատվամիջոցները առցանց են, և ցանկացած արգելք շրջանցելու հնարավորություն կարելի է գտնել։ Լրատվամիջոցների հետ աշխատելու այս մեթոդը  չի ծառայելու իր նպատակին, բացի՝ քաղաքական որոշ նեղ շահեր հետապնդելը»,-ասում է Արա Ղազարյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն  դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 16-ին է հայտարարություն տարածել՝ մտահոգություն հայտնելով  նախագծի վերաբերյալ և առաջարկելով հանել այն շրջանառությունից։ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պարզաբանում է․ զարգացած երկրներում փորձում են խոսքի ազատության հիմքերին ձեռք չտալ, քրեական հետապնդում չսկսել, մեզանում առավել ևս նույն կերպ է պետք վարվել, որովհետև  մենք չունենք ժողովրդավարական կայացած ավանդույթներ, դատական անկախ համակարգ,  քննադատություն հանդուրժող պաշտոնյաներ․

«Իշխանությունները շատ վստահ են իրենց վրա, այս ռեպրեսիվ օրենքի նախագիծը դրեցին շրջանառության մեջ և ընդունեցին՝ առանց   մասնագիտական կարծիքի հետ հաշվի նստելու։ Ապագայում նրանք ստիպված կլինեն արդեն հաշվի նստել միջազգային կառույցների գնահատականների և քննադատությունների հետ»,-ասում է Աշոտ Մելիքյանը։

Նախագծի հեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ, փոփոխությունները   ոչ միայն անհրաժեշտ, այլ նաև ուշացած է համարում։ Նա համաձայն չէ այն գնահատականներին, որ նախագիծը տեղեկատվական դաշտում առկա խնդիրներին   խորքային լուծում չի տալու․

«Ես, որպես մարդ, որն ունի 6 դատական հայց զրպարտանքի և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ, որ այս օրենքը կզպսի մարդկանց ստահոդ նորություններ տարածելու հարցում և նաև մեր քաղաքացիներին զերծ կպահի համացանցային աղբից, ինչ–որ չափով բնականաբար»,-նշում է Ալեն Սիմոնյանը։

Նախագիծը  փետրվարի 11-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց 72 կողմ, 30 դեմ և 2 ձեռնպահ ձայնով: «Իմ քայլը» կողմ էր քվեարկել, «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»՝ դեմ: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը չէր քվեարկել:

Back to top button