ԿարևորՀասարակություն

Շոշում լսվող նամազի ձայնը խլացնում են շինարարական աշխատանքներով

Շուշիի տակ ծվարած Շոշ գյուղի ամեն անկյունից երևում է Ղազանչեցոց եկեղեցին։ Ամիսներ առաջ գյուղում լսվում  էր առավոտյան ժամերգության ձայնը, հիմա՝ արդեն նամազի։ Եկեղեցին գյուղից ընդամենը 3 կմ հեռավորության  վրա է։ 

Գյուղամիջյան ճանապարհով կարելի էր ոտքով բարձրանալ եկեղեցի, հիմա  հնարավոր է միայն հեռվից նայել՝ ասում է գյուղապետ Էրիկ Աբրահամյանը։

«Ցավոտ է ամեն առավոտ տեսնել Շուշին մեր դիմաց։ Էլ նամազի ձայն ենք էլ լսում, էլ իրենց ձայները»։

Թշնամին  երբեմն օդ է  կրակում, կամ դեպի գյուղ քարեր են շպրտում գյուղի։ Բայց շոշեցիներին դա չի ընկճում։

Շոշի դպրոցի փոխտնօրեն, պատմության ու աշխարհագրության ուսուցիչ Գրիգորի Վերդյանն առաջին պատերազմի ժամանակ 13 տարեկան էր։ Մտքով չէր էլ կարող անցնել, որ պատմությունը  կրկնվելու է, ու արկի ձայները լսելու են  նաև իր երեխաները։ Բայց իրենց լսած  ձայները  հաղթական էին։

«Մենք Ադրբեջանին չենք պարտվել։ Մեր բանակը կռվել է ՆԱՏՕ–ի  երկրորդ ուժի ՝ թուրքական  բանակի դեմ», -ասում է Վերդյանը։

Պետք է փորձենք համակերպվել նոր իրողության հետ․ ունենք այն, ինչ ունենք, բայց ամեն անգամ դասարան մտնելիս չմոռանանք մեր նպատակին հասնելու քայլերի մասին խոսել։

Հայրենիքը սկսվում է մեր տնից ու ավարտվում սահմանում։ Մեր երեխաները պետք է մեծանան հենց այդ գիտակցումով։ Սա դեռ վերջը չէ, մենք մեր պատմական հողերը պետք է հետ բերենք»,– նշում է պատմության ուսուցիչը։

Հինգ երեխաների հայր Սողոմոն Մելքումյանը  պարտության շունչն   ամեն օր  է  զգում։  Առաջին օրվանից հայրենի գյուղն է պաշտպանել։ Չի էլ պատկերացրել, որ ավարտն այսպիսին կլինի։

«Որ նամազ են անում, էդ պահին չես էլ ուզում դուրս գալ։ Որ իմանաս՝ 100 տոկոսանոց պարտվել ես, վերցրել են, էդ ուրիշ ա։ Բայց սենց ավելի ցավ ա։ Իսկ հիմա համ մեր ախպերները, մեր ընկերները չկան , համ էլ Շուշին չկա» ։

Վերդյանների տունն առաջինն էր, որ զգաց թշնամու արկի հարվածը։  6-ամյա Վահեն    պատերազմի մասին շատ բան չգիտի, բայց հաստատ որոշել է՝ զինվոր է դառնալու։ Օրը սկսում է՝ հերոսների մասին երգելով։

Շոշեցի  խանութպան  Վրեժ Սարգսյանի  հաճախորդները փոխվել են․ Հադրութի Կարմիր Շուկայի, Ջաբրայիլի  բնակիչներին  փոխարինել  են ռուս խաղաղապահները։ Չի ուզում հիշել զգացողությունը, երբ  առաջին անգամ գյուղի վերևում  տեսավ ադրբեջանական դրոշը․

«Ոնց որ տանդ մեջ չապրես. տեսնում ես մեկին, որը նույն տարածքում քեզ հետ ապրելու կռիվ է տալիս։ Պատերազմի օրերին հույսերս մեծ էր, որ հաղթելու ենք։ Երբ ավարտվեց, մի կողմից՝ ուրախացանք, որ վերջացավ, մի կողմից էլ՝ տխրեցինք, որ եղածը դա է»։

Գյուղի շուրջ 50 տոկոսը վերադարձել է։ Մարդիկ փորձում են ապրել իրենց առօրյայով, վերականգնել քանդվածը։ Պատերազմի օրերին թշնամու արկերը 100 տուն են քանդել, երեք տուն էլ այրվել է։ Վնասվել է գյուղի բնակֆոնդի մոտ 80 տոկոսը։ Այժմ գյուղում շինարարական  3 բրիգադ է աշխատում։

Շոշում  գտել են ապրելու իրենց  բանաձևը։ Նամազի  ձայնը լռեցնում են շինարարական աշխատանքների ձայնով։

«Մեր գյուղն է, մեր հողը, ուրիշ ո՞ւր պիտի գնանք ապրելու։ Էստեղ էլ պիտի մնանք ու շարունակենք ապրել», — ասում է գյուղապետը։

Back to top button