ԿարևորՀասարակություն

Նոր օնկոծառայություններ ՀՀ-ում․ արտերկիր մեկնելու կարիքը կնվազի

Այսօր նշվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Ոլորտի մասնագետները բարձրաձայնել են ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները։ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղելավար Գևորգ Թամամյանը հայտնել է, որ Հայաստանում շուտով մանկական քաղցկեղի պալիատիվ կենտրոն կբացվի։ Կենտրոնը նախատեսում է նաև առաջիկայում ստեղծել ընտանիքի կացարան։

«Բարև Ռոբին, ի՞նչ ես անում»։

Միլենա Մակարյանն է, 9 ամիս առաջ է ընդունվել արյունաբանական կենտրոն։ Գյումրեցի 11–ամյա աղջնակին հանդիպեցի հիվանդանոցի միջանցքում։ Ռոբոտ  Ռոբինին տեղեկացնում էր լրագրողների այցի մասին։ Մեր զրույցը շարունակեցինք իր հիվանդասենյակում։ Պատրաստվում էր հաջորդ ներարկմանը։«Ռադիոլուրին» իր վիճակի մասին պատմում է մասնագիտական գնահատումներով։

«Այն ժամանակ երկտեսություն ու գլխացավ ունեի։ Այդ գանգատներով են ինձ բերել։ Հիմա արդեն ամեն ինչ լավ է»,- ասում է Միլենան։

Մայրը՝ Թեհմինե  Բաղդասարյանը, սակավախոս է։ Զգացողությունների մասին գերադասում է չխոսել։ Սակայն մի բան շեշտում է՝ մտահոգություններն արդեն փոքր-ինչ թեթևացել են։ Կարեւորը՝ երեխան այլևս չի բողոքում ցավերից։ Բուժումը դրական ընթացք ունի։

«9 ամիս է՝ բուժվում է, վերջին փուլում ենք։ Փոփոխությունն ակնհայտ է։  Հիմա արդեն լավ է, իրեն լավ է զգում։ Վստահ եմ՝ ամեն ինչ լավ ընթացք կունենա։ Ամեն ծախս հիվանդանոցն է հոգացել»։

Հայաստանում տարեկան  80-100 երեխայի մոտ ախտորոշվում են քաղցկեղի տարբեր տեսակներ։ Մանկական ուռուցքաբանության վիճակագրության մեջ ամենամեծ թիվը բաժին է ընկնում արյան քաղցկեղին։ Մասնագիտական դիտարկումների համաձայն՝ պացիենտների  70-75 տոկոսը լիովին առողջանում է։

Բուժման արդյունավետության բարձրացման միտումը լավատեսություն է ներշնչում․ եթե 90-ականներին Հայաստանում երեխաների մոտ գրանցվում էր  3-5 տոկոս առողջացում,  ապա այսօր ամեն 10 երեխայից 7-8–ը լիարժեք առողջանալու հնարավորություն ունի՝ ասում է  արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Հայաստանում բժշկագիտության այս  ճյուղը փորձում է քայլել միջազգային նվաճումներին զուգահեռ։

«Հիմա Մեղրիի կամ Նոյեմբերյանի գյուղերի հայ երեխան կարող է ստանալ այնպիսի լիարժեք  բուժում, ինչպիսին կստանար Լոնդոնում կամ Ֆրանկֆուրտում։ Սակայն արդյունքների առումով, իհարկե, մենք դեռ զիջում ենք արևմուտքին» ,-նշեց Դանիելյանը։

Հայաստանյան մանկական ուռուցքաբանության ոլորտում հաջողություններն ակնհայտ են՝ ասում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի  ղեկավար Գևորգ Թամամյանը։ Բուժման նպատակով Հայաստանից դուրս մեկնելը կրճատելն օրախնդիր է։ 2018 թվականից իրականացվում է աուտոտրանսպլանտացիա։ Սա սեփական բջջով բուժման մեթոդ է՝ փորձում է պարզ բացատրել մասնագետը։ Այս ընթացքում նման 11 միջամտություն է արդեն արվել։ Այս տարի ծրագրվում է կյանքի կոչել նաև ալոգեն փոխպատվաստման ծրագիրը։

«Այս բուժումների համար երեխան այլևս չպետք է գնա արտասահման։ Նաև բարձր դոզայով մետոտրեքսատի ներարկումները նաև նպաստեցին դրան։ Արդեն 1.5 տարի է՝ երեխաները սրա համար չեն գնում արտասահման»,-ասում է Գևորգ Թամամյանը։

Բայց դեռ կան ախտորոշումներ, որոնց ելքը ստիպվված են լինում փնտրել արտասահմանում։ Հայաստանում դեռ չեն իրականացվում կլինիկական որոշ հետազոտություններ, իմունո- ու բջջային որոշ թերապիաներ։ Սրանք բավականին ծախսատար են և մեծ գումարներ են պահանջում՝ ասում է Գևորգ Թամամյանը։

« Հուսով ենք, որ դրանք ժամանակին  կկարողանանք կատարել»։  

Մանկական արյունաբանության ամենակնճռոտ հարցերից է օնկոլոգիական դեղերի հարցը։ Հայաստանը փոքր շուկա է․ դեղագործական ընկերությունները շահագրգռված չեն գրանցման ու դեղերը Հայաստան բերելու մեծ ծախսեր անել։   Սամվել Դանիելյանը հուսով է՝ լուծում կգտնվի։

«Ամեն տարի որոշ քայլեր արվում են։ Եվ այս տարի առավել ևս հուսով ենք, որ  մեր ամբողջ դիապազոնը  աստիճանաբար կփակվի պետական գրանցում ունեցող դեղորայքներով։ Դինամիկա կա, հուսով եմ, որ մի քիչ ավելի լավ կապրենք, քան նախորդ տարիներին»։

Դանիելյանը մեկ այլ կարեւոր ասելիք էլ ունի․ հորդորում է շատ խոսել արյան բանկի մասին։ Երեխաների կյանքերի փրկության համար արյունը երբեք շատ չէ։ Որքան հնարավոր է՝ շատ արյուն հանձնեք՝ խնդրանքն է քաղաքացիներին։

Back to top button