ԿարևորՀասարակություն

Մշակվում է Հայաստանի սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզ

Հայ գիտնականները Հայաստանի կենտրոնական հատվածի՝ վերջին օրերի երկրաշարժերի հավանականության մասին դեռ 2019-ին էին խոսել՝ հիմք ընդունելով նորագույն սարքավորումներով արված իրենց հետազոտությունները։ Նույն դիտարկումների հիմքով՝ առաջիկայում նոր ուժեղ երկրաշարժ սեյսմոլոգները չեն կանխատեսում։ Մասնագետներն այլ ուշագրավ դիտարկում էլ ունեն․ ներկայում Վանաձորը սեյսմիկ ռիսկերի տեսանկյունից ավելի ռիսկային է գնահատվում, քան Գյումրին։ Ի՞նչ եւ ի՞նչ արդյունավետությամբ են կանխատեսում երկրաշարժների մասին հայ մասնագետները։

Չեխական ու  ռուսական արտադրության թեքաչափեր, ԱՄՆ-ից Հայաստան հասած՝ տարածաշրջանում  միակ՝ հինգերորդ սերնդի  սեյսմոգրաֆ․ այս սարքերը տեղադրված են սեյսմիկ ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելում։ Վերջին 4-5 տարում սրանց ավելացել են նորագույն թվային սեյսմոգրաֆները։

Ի՞նչ են դրանք թույլ տալիս անել, ի՞նչ են կանխատեսում․ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում  է. «Եթե ոչ կոնկրետ երկրաշարժ, բայց ընթացիկ սեյսմիկ ռեժիմի ակտիվացումն առ այսօր մենք բավականին ճշգրիտ ասել ենք»։

 Ի՞նչ են  սարքերն արձանագրում առաջիկա օրերի համար։ ԱԻՆ ներկայացուցիչը «Ռադիոլուր»–ին փոխանցում է․ «Ակտիվությունը պահպանվում է, թույլ և միջին ուժգնության երկրաշարժեր հնարավոր են։ Մենք պետք է բոլորս զգոն լինենք, խուճապի չմատնվենք»։

Անդրադառնալով հարցին, թե աշխարհում չկան երկրաշարժ կանխատեսող սարքեր, այդ դեպքում ինչպե՞ս, ի՞նչ է կանխատեսվում Հայաստանում ու ինչ արդյունավետությամբ։ «Երկրաշարժերը կանխատեսում կամ չեն կանխատեսում մասնագետները, ոչ թե սարքերը։ Դրանք բարձր ճշգրտություն ունեն՝  10-ի -7 աստիճան կամ 10–ի -8 աստիճան։ Մաթեմատիկոսները գիտեն ՝դա ինչ է նշանակում։ ֶԵկեք տոկոսի չվերչածենք։ Սա մի քիչ բարձդ հասկացություն է։ դրանք նորագույն սարքեր են։ Վստահեք մեր խոսքին»,– ասում է Հրաչյա Պետրոսյանը։  

Վերջին օրերի երկրաշարժերի հետցնցումներն աստիճանաբար մարում են, դրանք շատ թույլ են անգամ  սարքերով գրանցելու համար՝ ասում է Պետրոսյանը։ Երկրաշարժը, որքան էլ անկախատեսելի, սակայն, որոշակի օրինաչափությունների ենթարկվում է։ «Ինչքան ավելի շատ երկրաշարժ է լինում, այդ չափով այդ երկրաշարժերի ուժին համապատասխան՝ երկրի ընդերքում կուտակված էներգիան լիցքաթափվում է։ Այսինքն՝ չկա չարիք, առանց բարիքի։ Երկրաշարժից հետո երկրի ընդերքը լիցքաթափվում է»,- նշում է մասնագետը։

Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում դեռ 2019-ից են հետազոտել ու նկատել՝ Հայաստանի Կենտրոնական ու հյուսիսային հատվածներում խզվածքի ակտիվացում է նկատվում։ Ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում արձանագրում է․

«Հայաստանի և հարակից շրջանների 2013-2018 թվականների ընթացիկ սեյսմիկ մոնիտորինգի տվյալների հիման վրա՝ Հյուսիսային և Կենտրոնական Հայաստանի հարակից շրջաններում տարանջատվել և քարտեզագրվել են 30կմ և 40 կմ շառավղով սեյսմիկ ռեժիմի պարամետրերի անոմալ դրսևորման տարածական տիրույթներ։ Գնահատվել է 2020-2025 թվականների այդ տիրույթներում 5-5.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժերի հավանականություն։ Փաստորեն՝ 2021 փետրվարի 13-ին Կենտրոնական Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, ինչպես մեր  գիտական դիտարկումներն էին ցույց տալիս»։

Ցնցումներից առաջ ու ցնցումների ժամանակ ընդերքից  ձայներ են լսվում։ Երկրաշարժը խզվածքների  տեղաշարժն է, նման դեպքերում ձայներ են գալիս՝ ասում է  Պետրոսյանն ու հակադարձում դիտարկումներին, թե դրանք պայթյունի ձայն էին։  

«Նման խոշոր զանգվածների տեղաշարժի դեպքում սովորաբար խուլ ձայներ են գալիս։ Ես տանը նստած՝ զգացի՝ 4-5 վայրկյան ցնցվեց, ես հստակ ասացի, որ սա երկրաշարժ է, ու կասկած չկա։ Ամենաուժեղ ցնցումը կարող է մինչև մեկ րոպե տևել, մինչդեռ մարդկանց թվում է, թե շատ երկար էր»։

Անդրադառնալով անհանգստություններին՝ մասնագետը նշում է՝ մինչ վեց բալ ինտենսիվության երկաշարժերը, ինչպիսին էր փետրվարի 13-ինը, շենքերում լուրջ փոփոխություն չեն առաջացնում։ Գուցե շենքերի կարաններում՝ այսպես ասած կարերի վրա, ճաք կամ ճաքի զարգացում առաջանա, սակայն այդ ինտենսիվությունը լուրջ խնդրով չի սպառնում»,- ասում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Գուրգեն Նամալյանը ու գնահատում առհասարակ բնակֆոնդի շենքերի սեյսմակայությունը։

«Նոր նորմերով՝ շենքը կառուցվում է 3-4 բալ եւ ավելի ինտենսիվ  երկրաշարժերի համար։ Նոր շենքերը կառուցվում են 3-4  անգամ ավելի հուսալի, քան հներն են կառուցվել։ Դրանք կառուցվում են երկթաբետոնե հիմնակմախքով, ինչը շատ մեծ առավելություն է։ Հաշվի առնելով սա՝ կարող ենք ասել, որ նոր շենքերը սեյսմակայուն են»։ 

«Սպիտակի երկրաշարժը խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերի համար փորձություն էր, պատկերը լաբորատորիա էր՝ բաց երկնքի տակ»,-ասում է զրուցակիցս։ Հիշեցնում է՝ բազմաբնակարան, ինը հարկանի կարկասային շենքեր կառուցվել էին և Գյումրիում, եւ Երեւանում։ Գյումրիի 135 նմանատիպ շենքերից 96-ը հիմնովին փլուզվեց, մնացածն էլ ապամոնտաժվեց՝շատ մեծ ճաքերի պատճառով։ Սա արդեն մտահոգիչ է։

Խոցելի են նաև նախատեսվածից ավելի հարկեր ունեցող շենքերը։ Մասնագետը տեղեկացնում է՝ քաղաքաշինության պետական կոմիտեն այժմ մշակում է Հայաստանի սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզ։

Հաստատվելուց հետո՝ դրանով սահմանված շինարարական նորմերով են կառուցվելու շենքերը։ Գյումրիի՝  Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենը քարտեզում խութեր է տեսնում․

«Գյումրին բոլոր ժամանակներում համարվել է սեյսմիկ ռիսկի ամենաբարձր ազդեցության գոտի։ Բայց, փաստորեն, հիմա Վանաձորը գտնվում է ավելի բարձր ռիսկային գոտում, քան Գյումրին։ Մենք այդ քարտեզի վերաբերյալ հայտնել ենք մեր բացասական կարծիքը»։

Երկրաշարժի հետազոտությունների համար ավելի շատ տվյալներ են պետք, որոնց տրամադրումը որոշ պատկան կառույցներ բարդացնում են։ Իրենք էլ հիմք են ընդունում միայն միջազգային որոշ գնահատումներ։ Ու մինչ գիտա-պաշտոնական հարթակներում փորձում են առավել խորը հետազոտություններ անել՝ այդ ընթացքում իրար հետ հարցեր պարզելով,  մասնագետները հորդորում են երկրաշարժի ժամանակ խուճապի չմատնվել։

Հարկ է հանգիստ, առանց կուտակումների դուրս գալ շենքերից։ Ոչ մի դեպքում վերելակ չնստել․ հոսանքազրկման դեպքում վերելակում մնալու հավանակությունը կրկնակի է դարձնում վտանգը։ Խորհուրդ չի տրվում նաև աստիճանները ծանրաբեռնել։ Արդեն դրսում ամենակարևորը շենքերից հեռու կանգնելն է։

Back to top button