ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտը շնչում է

Տիկին Սվետլանայի ձեռքում Մարտունուց բերված պահածոյացված սերմեր են՝ թերեւս վերջին անգամ հավաքած։ Պատերազմը «խմբագրել» է նաեւ Ստեփանակերտի շուկայում վաճառվող բերքի տեսակները։

Ստեփանակերտի շուկայում ապրանքի պակաս չկա գոնե առաջին հայացքից։ Գների առանձնակի բարձրացում էլ չի նկատվում։ Այնտեղ, ուր շատ կարճ ժամանակ առաջ պայթյունի ձայն էր, հիմա արցախյան բարբառն է լսվում, ոչ արցախցու համար՝ հիմնականում անհասկանալի, բայց հարազատ ակամայից։ 

Ամիսներ առաջ մարդիկ հեռանում էին քաղաքից՝ քաղաքին հրաժեշտ չտալով։ Քաղաքում շրջելիս տպավորություն է, թե Ստեփանակերտն այսօր ավելի մարդաշատ է, գուցե ավելի, քան երբևէ։ Պաշտոնական կոնկրետ թվեր չկան, թե այս ընթացքում քանի մարդ է վերադարձել քաղաք։ Պատերազմը սեղմել է Արցախի սահմանները և հայկական վերահսկողությունից դուրս մնացած շրջանների մեծ մասի բնակիչների բնակության նոր հասցեն Արցախի մայրաքաղաքն է։ Եթե չհիշես, որ մոտ 3 ամիս առաջ դեռ պատերազմ էր, ու թիրախում՝ այս քաղաքը, Ստեփանակերտում պատերազմի մասին հիշեցնող քիչ բան կնկատես։

Կադրերից հայտնի արկի հսկա փոսը չկա։ Վերանորոգման աշխատանքներն այնքան ակտիվ են, որ կարծես քաղաքը պարզապես բարեկարգվում է։ Պատերազմ ապրած քաղաքի փողոցները մաքուր են, մարդաշատ։ Խանութները բաց են, ժամանցի  վայրերը՝ եւս։  Մարդիկ սովորականի պես աշխատանքի են գնում։ Քաղաքում բնականոն կյանքի պատկեր է։ Թաղավարդցի Սուսաննա Հարությունյանը իր գյուղի միակ գեղեցկության սրահը Ստեփանակերտ է տեղափոխել։ Այստեղ այլեւս միակը չէ, բայց հաճախորդի պակաս չունի՝ օրական 15-20։

Դասերը դպրոցում վերականգնվել են։ Դպրոցի ճակատին նոր ցուցանակ է, վրան՝ հայ զինվորի պատկերը։ Ասելիքը՝ զինվորին ենք պարտական դպրոց վերադառնալու համար։ Բայց պատերազմը խառնել ու վերադասավորել է դասարանները, Արցախի տարբեր շրջանների երեխաներին մեկտեղել։  

Կապն ու կոմունալ հարմարություններն վերականգնվում են, կյանքի նոր սցենարներն են ավելանում։ Ստեփանակերտի «սրտում» մի բան էլ է ավելացել․ կենտրոնական հրապարակում  ցուցանակ է։ Ցուցանակի «սրտում»  մարտում ընկած մեր հերոսների լուսանկարներն են։ Պատերազմի կսկիծն ամենաշատը, թերեւս, հենց այստեղ ես զգում։ Բայց մի բան հերքել չենք կարող՝ պատերազմը տանուլ է տալիս այնտեղ, որտեղ չի ստացվում կանխել վերադարձը։

Back to top button