ԿարևորՀասարակություն

Մեծ Պահքի բուն խորհուրդը՝ վերադառնալ դրախտ

«Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», — ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին: Հայ եկեղեցու  հոգևոր սպասավոր Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքով՝ կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: Փետրվարի 15-ին մեկնարկել է Մեծ Պահքը․ ինչպես այն պահել, որպեսզի չվերածվի, այսպես ասած, ձևական դիետայի, այլ  իսկապես ընդունելի լինի Տիրոջը։

«Պահքը  ամենավաղ ավանդությունն է, որովհետև այն սկսվեց դրախտից, երբ Աստված արգելեց ուտել  պտուղը։ Պահքի նշանակությունն  այնքան մեծ է, որ կարելի է ասել՝ դա փրկության խնդիր է։ Եթե Պահքը պահողն այն խախտում է, գրեթե անում է նույնը, ինչ արեց Ադամը Եվայի հետ միասին։  Մեր հայրերն այս սուրբ ավանդույթը պահել ու փոխանցել են մեզ, որպեսզի մենք մաքրվելով դիմավորենք Տիրոջ փառավոր Սուրբ Հարությունը»,-ասում է Հայ եկեղեցու  հոգևոր սպասավոր Տեր Շահե քահանա Հայրապետյանը։

Մեծ Պահքը  կտևի  48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության  տոնը: Այս  շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք։ Որոշ սննդատեսականեր տարակարծությունների առիթ են տալիս, օրիանակ մեղրը, ի վերջո, այն կենդանական ծագում ունի՞, թե՞ ոչ։

Ըստ Շահե քահանայի, մեղուն նեկտարը բնությունից վերցնում ու վերադարձնում է մարդուն,  ուստի մեղրը համարվում է բուսական սնունդ և միանգամայն թույլատրելի Պահքի շրջանում։ Իսկ եթե առանց տեղյակ լինելու կերել եք, օրինակ,   լավաշ, որի  մեջ կենդանական յուղ է օգտագործվել, դա ձեր մեղքը չէ, այլ արտադրողի, նկատում է քահանան։ Ըստ նրա, մեր եկեղեցում ծայրահեղություններ չկան, ի վերջո Աստված նայում է սրտին։ Պողոս առաքյալի խոսքն է մեջբերում․ «Կերակուրը չէ, որ մեզ կանգնեցնելու է Աստծո առջև»։

«Կոպեկի արժեք չունի, եթե սննդի սահմանափակումներով պահում ես Պահքը, բայց սիրտդ թողնում այս աշխարհում։  Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, հայհոյանքից, զազրախոսությունից և այլն։ Պահքի օրերին պարտադիր է Աստծո խոսքը լսելը, սրտում ամբարելը, Աստծո հետ մնալը»,-ասում է Տեր Շահե քահանա Հայրապետյանն ու երկու բառի մեջ ամփոփում Մեծ Պահքի գլխավոր  խորհուրդը՝ վերադառնալ դրախտ։

Back to top button