Աբխազական երկաթուղին վերագործարկելու առաջարկը՝ գայթակղիչ, բայց անիրատեսական


Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիան չի ցանկանում անմասն մնալ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման նախագծերից։ Աբխազական երկաթգիծը վերաբացելու հարցով Ռուսաստանին դիմելուց հետո, այդ երկրի խորհրդարանը պատրաստվում է նամակներ ուղարկել նաև տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում Հայաստանին։ Որքանո՞վ է իրատեսական աբխազական կողմի առաջարկը։
Աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը պատերազմից հետո տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման ֆոնին կրկին ակտուալ է դարձել։
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին վերագործարկելու առաջարկով։
Խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում ասում է. «Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո առաջ է եկել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հնարավորություն։ Ուստի Աբխազիան, որ միշտ պատրաստ է եղել, հիմա ևս իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցել տարածաշրջանային մեծ նախագծերին»։
Լոգուան ընդգծում է, որ առաջիկա օրերին նույն հարցով նամակներ կուղարկվեն տարածաշրջանի տրանսպորտային ճանապարհները բացելու հարցում շահագրգիռ բոլոր երկրներին։
Ռուսաստանում փորձագիտական շրջանակները թեև առաջարկը գայթակղիչ, բայց մոտ ապագայում անիրատեսական են համարում՝ տեխնիկական, ֆինանսական խոչընդոտների պատճառով՝ հաշվի առնելով նաև ամենակարևորը՝ Վրաստանի գործոնը։
Վրաստանում գտնում են, որ աբխազական կամ հարավօսական առևտրային միջանցքները կարող են վերագործարկվել միայն ՌԴ-ի հետ գլխավոր հարցը լուծելուց հետո:


Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին մեզ հետ զրույցում ավելի վաղ՝ պատասխանելով աբխազական երկաթգծի հնարավոր վերագործարկման հարցին, ասել է․
«Աբխազիան և Օսեթիան այս պահին չեն վերահսկվում Վրաստանի կողմից, և իհարկե, տարանցիկ հաղորդակցությունն այդ երկրներով անհնար է, ուստի պետք է առաջին հերթին լուծվի այդ տարածքների հետ կապված գլխավոր խնդիրը միջազգային հարթակներում, ինչպիսին Ժնևյան ձևաչափն է»։
Ժնևում 2011 թվականին Ռուսաստանն ու Վրաստանը երկկողմ համաձայնագիր են ստորագրել բեռնափոխադրումների մոնիթորինգի ու մաքսային կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: «Առևտրային միջանցքների մասին» փաստաթուղթը Մոսկվային ու Թբիլիսիին հնարավորություն է տալիս դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում զարգացնել առևտրային ու տրանսպորտային կապերը Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով՝ միևնույն ժամանակ չանդրադառնալով դրանց կարգավիճակի հարցին: Սակայն հերթական անգամ այս հարցով բանակցությունները փակուղի են մտել։
Կոնֆլիկտաբան, Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլին, որ գործող իշխանությունների հետ դեռ 2012-ին էր աբխազական երկաթգծի վերաբացման հարցն առաջ քաշել, նշում է․
«Դա անիրատեսական է։ Իրատեսականը միայն կողմերի թողած ստորագրություններն են, դրանից ավել ոչինչ չի փոխվելու»։
Ըստ նրա՝ հազարավոր պատճառներ են լինելու, թե ինչու ապրանքներն այդ ճանապարհներով չեն շարժվում, բայց գլխավոր հարցերից մեկը, ըստ նրա, շարունակելու է մնալ «Վրաստանի տարածքների բռնագրավումը, Աբխազիայից և Ցխինվալիից ռուսական զորքերի դուրս բերումը»։
Բացի քաղաքական հարցերից՝ ճանապարհի վերաբացումը տեխնիկական լուրջ խնդիրների առաջ կկանգնի․ դրա համար անհրաժեշտ է մոտ 270 միլիոն դոլար։
Տարիներ շարունակ Ռուսաստանի հետ կապող Լարսին այլընտրանք փնտրող Հայաստանի համար, ըստ տնտեսագետ Գրիգոր Նազարյանի, տարածաշրջանային նոր իրողությունների պարագայում նպատակահարմար է աբխազական երկաթգծի վերագործարկումը։ Այն Հայաստանի համար ավանդական ուղի է եղել, արագության և նույնիսկ ուևորափոխադրումների առումով։
«Այն մի ամբողջ ցանց է եղել մինչև 42 մլն տոննա/կմ տարեկան շրջանառությամբ։ Իհարկե, հիմա խնդիրը ծավալների ապահովումն է, բայց այն կապահովվի․ Մենք վերին լարսի հետ կապված տեսնում ենք՝ որքան խնդիրներ են առաջ գալիս, եթե այլ գործոն չդիտարկենք, միայն եղանակային պայմանները միշտ որոշակի բարդություններ առաջացնում են։ Եվ այդ առումով աբխազական երկաթուղու բացումը միանշանակ կբերի որոշակի տնտեսական օգուտների»։
Երկաթուղային այս հաղորդակցությունը կասեցված է պատերազմի պատճառով՝ 1992-ից: