ԿարևորՎերլուծական

Թուրքիայի «քաղաքական ախորժակը»՝ ըստ քարտեզի․ ինչո՞վ է այն սպառնում Հայաստանին և աշխարհին

Արցախի դեմ ագրեսիայում հաջողությունից հետո Թուրքիայի «քաղաքական ախորժակն» ավելի է բացվել։ Թուրքական հեռուստատեսությամբ օրերս պտտվում է քարտեզ, որտեղ անթաքույց  ի ցույց են դրվում այդ երկրի նկրտումները։

Ներկայացվում է «Ստրատֆոր» կենտրոնի քարտեզ-ծրագիրը, ըստ որի՝ Թուրքիան կծավալվի ինչպես դեպի հարավ՝ արաբական երկրներ, այնպես էլ հյուսիս և արևելք՝  Ղրիմից մինչև Ալթայ ու Սիբիր։

Ազդեցության ակնկալվող ընդլայնման գոտում է նաև Հայաստանը։ Փորձագետները տարբեր դիտարկումներ ունեն հարցի շուրջ․ ոմանք դրանք անվանում են չափազանցված հավակնություններ, ոմանք էլ մտահոգվում են, թե սա կարող է հանգեցնել ռազմական բախումների։

Այն քարտեզը, որը ցուցադրվել է թուրքական հեռուստաընկերության կողմից, իրականում Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր այդ երկրի ձգտումների հիմքում է՝ մեզ հետ հեռախոսազրույցում նկատեց թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։  


«Այն իրականում այսօրվա Թուրքիայի գերնպատակն է, և գաղտնիք չէ, որ Էրդողանը ցանկություն ունի դառնալ նոր թուրքական հանրապետության երկրորդ Աթաթուրքը։ Եվ որպեսզի նա դառնա այդպիսին, պետք է անպայման ընդլայնի Թուրքիայի սահմանները»,-ասաց Հովհաննիսյանը։

Խոսքը Թուրքիայի ազդեցության ընդլայնման քարտեզի մասին է, որն ավելի վաղ պատրաստվել էր ամերիկյան Stratfor ընկերության կողմից։ Ըստ այդմ՝ ազդեցության գոտում կհայտնվի նաև Հայաստանը։ Մեկնաբանելով քարտեզը՝ մի շարք փորձագետներ նշում են, որ Թուրքիան երբևե չի հրաժարվել Օսմանյան կայսրության վերստեղծման գաղափարից, իսկ վերջին շրջանում Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացներն ու դիսկուրսը վկայում են այդ մասին։  Այդպիսով Թուրքիան անուղղակիորեն նաև ՌԴ-ին է ցուցադրում իր բացահայտ նկրտումները՝  վերջինիս հարավային շրջանների նկատմամբ ունեցած հավակնությունների մասով։ Ըստ «Ստրատֆոր» կենտրոնի քարտեզ-ծրագրի՝ Թուրքիան նպատակ ունի ծավալվել նաև Ղրիմից մինչև Ուրալ, ապա նաև՝  Լեռնային Ալթայ ու Սիբիր։ Այնպես որ այդ ծրագիրը կամ նպատակը նոր չէ՝ նկատում է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը.

«Առավել ևս՝ հաջողություն ունենալով Արցախում, Թուրքիայի ախորժակն ավելի է մեծացել»։

Ի դեպ, հետաքրքիր է, որ  հետախուզական տեղեկատվության հավաքման ու  հրապարակման ուղղվածությամբ «Ստրատֆոր» կենտրոնի վելուծաբանները չեն անդրադարձել Գերմանիայի նկատմամբ թուրք ռազմավարների այն հաշվարկներին, որոնց համաձայն՝ 2048 թվականին Գերմանիայում նրանց թիվը կարող է հասնել մինչև 50 միլիոնի։ Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ նման զարգացման դեպքում կարող են հավակնել  ավելի շատ իրավունքների, քան գերմանացին ունի իր հողում։ Մի բան, ինչը թուրքերն արեցին Բյուզանդիայում՝ ամբողջությամբ ոչնչացնելով հազարամյա ժողովուրդների և մշակույթներ։

Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը չի կարծում, թե թուրքերի ագրեսիվ հաշվարկները Գերմանիայի մասով կարող են իրականություն դառնալ։

«Դա մեծ աբսուրդ է, որովհետև թուրքական համայնքն այստեղ բազմաշերտ է։ Գերմանիայի վիճակագրական տվյալներով՝ թուրք են համարվում բոլոր նրանք, ովքեր եկել են Թուրքիայից, բայց նրանց էթնիկ տարբերությունների մասին ոչ մի վիճակագրական վարչություն բացահայտ չի խոսում։ Պատրանք է ստեղծվում, որ թուրքական համայնքը մեծ է Գերմանիայում և գնալով մեծանում է»։  

Թուրքիայի ագրեսիվ հավակնոտ ծրագրերի կողքին, սակայն, իրականությունը բոլորովին այլ է։ Ազատ Օրդուխանյանն ասում է, որ Թուրքիայից եկածների մեջ, իհարկե, մեծամասնությունը քրդեր են, բայց այդ մարդիկ իրենց թուրքերի հետ չեն նույնականացնում։

«Իրենց եվրոպական ազատությունն են ձեռք բերել և կարողանում են կառուցել իրենց ինքնությունը։ Այնպես որ, դա շատ հարաբերական հարց է։ Թուրքերը կարող են այդպիսի երազանքներով տարված լինել, բայց չեմ կարծում, որ կհասցնեն այդ ժամանակահատվածում այդքան թուրքեր ունենալ այստեղ»։   

Առավել ևս այսօրվա իրավիճակում չեմ կարծում, որ գերմանացիները կհանդուրժեն թուրքական ազդեցության ավելացումը Գերմանիայում, հատկապես, որ ազգայնական տրամադրություններն այս երկրում արդեն որոշակիորեն սրվում են՝ ուղղվելով նաև թուրքական գործոնի  ու նրանց ազդեցության դեմ՝  հավելեց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահը։       

«Մեծանում է ազգայնական շարժումը և այդ ազգայնական շարժումը, բարեբախտաբար, ուղղված է նաև թուրքական գործոնի նվազեցմանը։ Թուրքիան փորձում է իր համայնքի միջոցով նոր դիրքեր գրավել գերմանական իրականության մեջ, բայց չեմ կարծում, որ Գերմանիան այն երկիրն է, որտեղ թուրքերը կարողանան բարձրաձայն խոսել ինչ-որ մի օր»։  

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է՝ եթե  ՀՀ-ի, Ռուսաստանի և Վրաստանի դեպքում ունեն որոշ տարածքային հավակնություններ, ապա Գերմանիայի դեպքում հավակնում են մեծ ներկայացվածություն ունենալ քաղաքական վերնախավում։ Այդ դեպքում Գերմիանիան «կանաչ լույս» կվառի Թուրքիայի գլխավորությամբ նոր ռազմական դաշինքի ստեղծման ցանկության առաջ․ փորձագետ Կարեն Հովհաննիսյան։     

«Կարծես թե Թուրքիան կարողանում է համախմբել թյուրքալեզու պետություններին և այդ ռազմական դաշինքի գաղափարը նրանց մոտ ավելի արդիական պահել»։

Թուրքիայի նկրտումները կարող են ի վերջո նյարդայնացնել նաև Ռուսաստանին, ուստի Կարեն Հովհաննիսյանը չի բացառում, որ առաջիկա տարիներին դա հանգեցնի ռազմական բախման, քաղաքական դերերի և ազդեցությունների ավելացման պայքարը կարող է սպառնալ դրանով։  

Ցուցադրել ավելի
Back to top button