ԿարևորՀասարակություն

Եվրոպան նրան չհետաքրքրեց, վերադարձավ ու կյանքը տվեց հայրենիքին

Փափուկ ու անհոգ կյանքը Հակոբի համար չէր: Գերմանիայում բուժում ստանալուց հետո նա ծնողներին ստիպել էր վերադառնալ հայրենիք, որ իր պարտքը կատարի: Անտեսել էր ողնաշարի խնդիրներն ու մեկնել ծառայության: Տարիներ շարունակ Հակոբ Քարտաշյանը խոսել էր  «Եղնիկներում» ծառայելու մասին: Ճակատագիրն էլ ընդառաջ էր գնացել և վիճակահանությամբ ծառայության էր մեկնել 7-րդ պաշտպանական շրջան:

Նրա զենքը ականանանետն էր, բանակ մեկնելու առաջին օրերից զորամասում սովորել էր տիրապետել այդ զինատեսակին, որի համար էլ ստացել էր «մինոմյոտչիկ» մականունը: Հակոբ Արթուրի Քարտաշյանը ծնվել ու մեծացել է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում: Առողջական խնդիրների պատճառով դեռ 2015թ.-ին  հասել էր Գերմանիա, այնտեղ բուժում ստացել, ապրել 4 տարի: Նույնիսկ բուժման ընթացքում Հակոբի սիրտը չէր կտրվել հայրենի Թալինի շրջանի լեռներից, հողից ու քաղցրահամ ջրից:  Հայրը՝ Արթուր Քարտաշյանն ասում է, որ որդին շարունակ երազում էր շուտ  տուն վերադառնալու մասին.


«4-5 տարի նույն ցավով էր տառապում՝ էթամ, հասնիմ, ծառայեմ: Տղամարդը պտի ծառայե: Իրա համար իրա հայրենիքը, տունը, շրջապատը, ընկերները: Ասում էր՝ էսի ուրիշ մոլորակ է, էսի մեր համար նախատեսված չէ, ընձի հետաքրքիր չէ էս լավ կյանքը: Ես ուզում եմ էթամ, իմ հայրենիքին իմ պարտքը տամ»:

Ծնողները ցանկությունը կատարեցին, վերադարձան 2019թ.-ի սեպտեմբերին: Նա պատրաստ էր նույիսկ հաջորդ օրը մեկնել բանակ, բայց սպասեց զինկոմիսարիատի կանչին: Ծանուցագիրն ուշացել էր, իսկ  Հակոբի անհանգստությունը սաստկացել: Նա ծնողներին ստիպել էր միասին գնալ Թալինի զինկոմիսարիատ:

«Ինքը մեջքի պրոբլեմ ուներ, չէր կարում երկար ժամանակ ոտքի վրա կանգնել: Ինքը կարող է ծառայության չեթար, բայց մտնում էր վայենկոմատ ու ասում՝ ես առողջ եմ, ես ի վիճակի եմ, ես պիտի էթամ ծառայելու: Ոչ էլ պավեստկա էր եկել, թե գնալու ես ծառայության»:

Տաքարյուն ու սպորտային կազմվածքով տղան թույլ չէր տվել ծնողներին  խոսել ողնաշարի հիվանդության մասին:

Դեռ Գերմանիայում նա բոլորին հավաստիացրել էր, որ ծառայելու է ամենադժվար ու վտագնավոր զորամասում՝ «Եղնիկներում»: Ցանկությունը կատարվել էր: Մայրն ապշած էր նրա  կանխազգացումների վրա: Մանուշ Սարգսյանը որդուն բանակ էր ճանապարհել 2020թ հունվարի 29-ին.

«Անընդհատ կրկնում էր՝ ես կէթամ, կընկնեմ «Եղնիկներ», կտենաք: Եկանք, քաշեց, ընկավ Ղարաբաղ: Մեկ էլ, որ  չզանգեց, ասեց՝ մա, գիտես, «Եղնիկներ»  եմ էթում, ընկել եմ «Եղնիկներ» »:

Նեղսրտած ծնողներին որդին էր հույս տվել, թե լավ առիթ է Արցախը տեսնելու համար: Հակոբն 8 ամիս ծառայել էր  ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Չնայած բարձրադիր գոտուց ունեցած գլխացավերին՝ անտրտունջ ծառայել էր և լավ ծառայության դիմաց հույս ունեցել արձակուրդ գնալ, բայց պատերազմ էր սկսվել:

«3 օր լուր չունեինք ընդհանրապես: Հետո զանգեց, թե՝ մա, հրաշքով փրկվել ենք Քյոխի ճիշտ հրամանով, թե չէ ոչ մեկս սաղ չէինք մնա: Շատ մեծ քանակությամբ օդային հարձակում էր եղել: Մենք էլ ուրախացանք, լավ է, փրկվել է, մտածինք շուտ կպրծնի էս պատերազմը: 3 օր զանգեց ու դրանից հետո ընդհանրապես զանգ չի եղել»:

Պատերազմը չէր ավարտվում, որդին էլ չէր զանգում,  կապի խնդիր կար: Տղայի մասին կցկտուր տեղեկությունները ծնողներին էին հասել պայմանագրային զինծառայողների ու կամավորականների միջոցով: Հակոբը քաջաբար էր կռվել, վախ չէր ունեցել: Զինակից ընկերները պատմել եմ մի միջադեպի մասին.

«Ֆոսֆորային զենք էին օգտագործել, մի թեթև ընկել ու բռոնիժիլետը վառել էր: Տղերքը բլինդաժում են եղել, ծուխ, մուխ, մեկ էլ նայել, տեսել են մեկը ձենը գցել է գլուխը՝ վա՜յ, բուշլատս վառավ, վա՜յ, բուշլատս վառավ: Մեկ էլ նայեն՝ Հակոբն է, տղերքը կարծել են թուրք է եղել: Կանգնել ու նույնն է ասել՝ հը, վախեցաք: Ինքը վախ չուներ, մենակ դիտարկման էր գնում»:

Հայրենիքը կյանքից առավել սիրող 21-ամյա երիտասարդը քաջալերվելով հրամանատարությունից, անձնվիրաբար կռվել էր: Հոկտեմբերի 21-ին նրա զենքից շարունակաբար ականանետեր էին արձակվել, անդադար կրակել էր և լռել  իրենց ուղղված ռումբերի պայթյունից. «4 մինամյոտից մենակ իրենց մինամյոտն են ռմբակոծել, 4 ընկերով միանգամից զոհվել են»:

Հակոբ Քարտաշյանը չհասցրեց վայելել հայրենիքի սերն ու կարոտն առնել:  Նրա երազանքներն անկատար մնացին: Պատերազմի դաշտից ծնողներին էին վերադարձրել որդու  զինվորական փոշոտ համազգեստն ու անձնական իրերը. «Սրանք շատ կեղտոտ էին, լվացրել եմ, սրանք հիգիենայի պարագաներն են,էս թուղթը գրպանից հանեցի, հաշվարկի թուղթ է, իր անձնական  հեռախոսը շորերի հետ բերեցին, չի աշխատում, երևի խոնավացել է: Էս էլ ժաամցույցն է, Գերմանիայից էինք բերել, գերմաներեն է խոսում, կույրի համար է»:

Հակոբ Քարտաշյանը հուղարկավորված է  հայրենի գյուղում՝ Արագածավանում: Այս պատերազմում Աարգածավանից զոհվեց 8 զինվոր:

Back to top button