ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ «վերակենդանացնելու» փորձ․ ո՞րն է միջազգային կառույցի անելիքը նոր իրավիճակում

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Փորձագետների մի մասի կարծիքով՝ կառույցը կորցրել է արդիականությունը, մյուսների դիտարկմամբ՝ կառույցը նոր իրավիճակում նոր առաքելություն ունի։

Ինչպիսի՞ն են ռուսական տրամադրությունները ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում աշխատանքը շարունակելու և Արցախի կարգավիճակը լուծելու առնչությամբ՝ «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել հենց ռուսական վերլուծական շրջանակներից։ Ի՞նչ կլինի 5 տարի հետո, եթե Ադրբեջանը պահանջի տարածաշրջանից դուրս բերել խաղաղապահ ուժերին․այս հարցի պատասխանը հստակ պատկերացնում են Մոսկվայում։

Մոսկվան փորձում է «վերակենդանացնել» ԵԱՀԿ ՄԽ–ի ձևաչափը։Ոչ թե ձևաչափի փոփոխության, այլ արդեն գոյություն ունեցող ձևաչափի աշխատանքը շարունակելու անհրաժեշտության մասին է խոսել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Պաշտոնական Մոսկվան, հակառակ  հակամարտությունը ամբողջովին լուծված համարելու ադրբեջանական մոտեցմանը, հաստատում է՝ Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը դեռ առջևում է։

«Առաջվա պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումներին համապատասխան դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա։ «Եռյակն» ունի հզոր միջազգային աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակային հարցերի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումներ մշակելու գործում։ Բայց զգույշ, առանց շտապելու, երբ ժամանակը գա», – նշել է Անդրեյ Ռուդենկոն:

Թե երբ կգա խնդրի լուծման ժամանակը, Ռուսաստանի փոխարտգործնախարարը «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում չի նշել։ Այդ հարցը «Ռադիոլուր»-ը փորձեց պարզել ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Եվգենի Սատանովսկուց։ Ի՞նչ կլինի, եթե «զգույշ և առանց շտապելու» թեզը գործի 5 տարուց ավելի և այդ ժամկետի ավարտին Ադրբեջանը՝ ըստ ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների, պահանջի խաղաղապահներից լքել տարածաշրջանը՝ հարցրինք ռուս քաղաքագետին։

 «Այնտեղ ռուս խաղաղապահներ են կանգնած, ճի՞շտ է։ Եթե 5 տարի անց Ադրբեջանը Ռուսաստանից ինչ-որ բան պահանջի, հավանաբար, Մոսկվան և Բաքուն պայմանավորվելու տարբերակ կգտնեն։ Դժվար թե 5 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը կթուլանա  այն աստիճանի, որ հնարավոր կլինի նրանից ինչ–որ բան պահանջել։ Այլ հարց է, որ խնդիրները պետք է լուծել՝ չսպասելով 5–ամյա ժամկետի ավարտին»,-պատասխանեց վերլուծաբանը։

Մոսկվայի պատկերացրած լուծումների մասին ակնարկ կա նաև ՌԴ  փոխարտգործնախարար Ռուդենկոյի խոսքում․ «Այդ սկզբունքների մեծ մասն արտացոլում են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Խոսքն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի, փախստականների վերադարձի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միջանցք թողնելու, անվտանգության ապահովման, խաղաղապահ առաքելության, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման մասին է»։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը թեև վերջին շրջանում դարձավ  Ռուսաստանի Դաշնության, այսպես ասենք, «մենաշնորհը», բայց այնտեղ նաև շեշտում են, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են մշակել ու ներկայացրել հակամարտության կարգավորման սկզբունքները և թեկուզ այդ պատճառով Ղարաբաղյան հակամարտության քաղաքական վերջնական կարգավորումը հենց համանախագահներն ավարտին պիտի հասցնեն։

Եվգենի Սատանովսկին սա դիտարկում է ոչ թե որպես քայլ խնդրի կարգավորման ուղղությամբ, այլ՝ պարզապես «ժեստ», որն ընդունված է միջազգային պրակտիկայում։ ԵԱՀԿ ՄԽ հետագա աշխատանքից նա ակնկալիքներ չունի։

 «Քննարկել կարելի է ամեն ինչ՝ անսահմանափակ ժամանակահատվածում։ Քաղաքական գործիչները դրա համար էլ ապրում և աշխատում են։ Իրենք սրտնեղած են, չէ՞, որ առանց իրենց է լուծվել։ Դե թող խոսեն»,-ասում է Սատանովսկին։

Միջազգային ձևաչափը անարդյունավետ համարող քաղաքագետին հիշեցրինք, որ նույն ձևաչափում շուրջ 30 տարի աշխատեց նաև Ռուսաստանը։

 «30 տարի առաջ Ռուսաստանը այլ էր, քան այսօր։ Նրա  խնդիրներն էլ էին ուրիշ։ Ռուսաստանը շատ բան չուներ, որ ունի այսօր։ Այսօր Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ գործել միայնակ, արագ,  արդյունավետ և այն արդյունքներով, որոնց  չի կարող հասնել ոչ մեկը։ Իսկ Ղարաբաղյան հակամարտության դեպքում ոչ մեկը չէր կարող հասնել անգամ Ռուսաստանի արածի կեսին»,- նշում է վերլուծաբանը։  

Տևական ժամանակ է, ինչ Ֆրանսիան է փորձում ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը։ Հենց այդ կողմի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի և Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը։

Այս հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը դեռ հայտնի չէ, քանի որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն առայժմ Ղարաբաղյան հակամարտության հարցով ակտիվություն չի ցուցաբերում։ Բայց սա չի նշանակում, որ Միացյալ Նահանգներում հարցն անտեսում են։ Կարելի է ասել՝ դեռ սպասում են։ Դեկտեմբերի վերջին ԱՄՆ Կոնգրեսը ամերիկյան հատուկ ծառայություններին հանձնարարեց երեք ամսվա ընթացքում ներկայացնել գրավոր պարզաբանում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև առկա լարվածության, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Փետրվարի վերջին լրանում է այդ վերջնաժամկետը։ Միացյալ Նահանգների կեցվածքը, թերևս, կախված կլինի այդ զեկույցի արդյունքներից։

Հայաստանում կան շրջանակներ, որոնք կարծում են, թե կարգավիճակի լուծման տրամաբանությունն արդեն փոխվել  է։ Դրա մասին է խոսում օրինակ քաղաքագետ Արա Պապյանը․

«Եթե մինչև այս պատերազմը մարդիկ կային, որ ինքնորոշման սկզբունքի կողմնակիցն էին, ապա այսօր Արցախի ինքնորոշման սկզբունքն այլևս  չի կարող գործել, որովհետև ակնհայտ է, որ էթնիկ զտումները նաև ինքնորոշման սկզբունքի արծարծման հետևանք են։ Շատ պարզ է ադրբեջանական տրամաբանությունը․ չկա հայ, չկա ինքնորոշվող սուբյեկտ։ Իսկ այս մի հատվածը, բնականաբար, մնացել է զուտ ռուսական ռազմաբազայի համար, որը, հնարավոր է մոտ ապագայում՝ ավելի մեծ աշխարհաքաղաքական «խաղերի» ժամանակ, ինչ–որ դերակատարություն ունենա»։

Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանին, ապա այստեղ մշտապես պնդել են ԵԱՀԿ ՄԽ–ի գործող ձևաչափը պահպանելու և Արցախյան հակամարտությունը բացառապես այդ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Back to top button