ԿարևորՀասարակություն

Ագարակն ու Եղվարդը՝ կրակոցների ձայների տակ․ ՊՆ-ն հաստատում է ՄԻՊ-ի ահազանգը

Սյունիքի Կապան համայնքի Եղվարդ եւ Ագարակ գյուղերում այսօր օրը խաղաղ է սկսվել, Ադրբեջանի հսկողության տակ անցած հատվածից կրակոցի ձայներ չեն լսվել։ «Ռադիոլուրին» հայտնել են Եղվարդի գյուղապետ Արուսյակ Դավթյանը եւ Ագարակի գյուղապետ Հայկ Սահակյանը։

«Այս երկու օրը հանգիստ է, բայց Արման Թաթոյանը ճիշտ է ասում՝ կրակում են։ Իհարկե, այս պահի հանդարտությունը երաշխիք չէ, որ կրակոցները կդադարեն։ Ադրբեջանական դիրքերից մինչեւ գյուղ մեկ կիլոմետր է, իրենք որ խոսում են, մենք լսում ենք։ Տարբեր տեսակի զենքերից են կրակում՝ անկանոն»,–իրավիճակը ներկայացնում է Ագարակի գյուղապետ Հայկ Սահակյանը։  Գյուղապետը նաեւ նկատում է՝ գյուղում կյանքը շարունակվում է, երեխաները դպրոց են գնում, բակում խաղում։ «Ինչ անենք, սա է իրավիճակը»,-ասում է Ագարակի գյուղապետը։

Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակել էր տեսանյութ, որին կից գրել էր. «Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»:

Թաթոյանը նշել էր, որ այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները:

Եղվարդում  նույնպես կյանքը շարունակվում է, բայց՝ կրկին անկանոն եւ տարբեր ինտենսիվությամբ արձակվող կրակոցների ձայների տակ։ Գյուղապետ Արուսյակ Դավթյանը իրավիճակն այս պահին հանգիստ է բնութագրում, ասում է՝ բնակչության շրջանում խուճապային իրավիճակ չկա։ «Բայց որ գիտես դիմացդ ադրբեջանցիներ են կանգնած,  հոգեբանորեն ճնշվում ես։ Բնակավայրից ձայները պարզ լսվում են՝ 1 կմ է հեռավորությունը։ Ապրում ենք, ի՞նչ անենք, մեր հողն է, մեր ջուրը։ Միայն գյուղատնտեսական աշխատանքների մասով այս պահին ունենք խնդիրներ»,–«Ռադիոլուրին» փոխանցում է Արուսյակ Դավթյանը։

Պաշտպանության նախարարությունից  «Ռադիոլուրին» հայտնեցին, որ ադրբեջանական կողմը հիմնականում օդ է կրակում, ինչի մասին հայկական կողմն անմիջապես տեղեկացնում է տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին: Իրավիճակի վերաբերյալ «Ռադիոլուրի» մյուս  հարցերին  ՊՆ–ից խոստացել են անդրադառնալ առաջիկայում։

Back to top button