ԿարևորՀասարակություն

Աղավնոյում ծարավ են որոշման

Lույսը դեռ չէր բացվել: Շարժվում ենք Արցախ։ 44-օրյա պատերազմից հետո` երկրորդ անգամ։ Առաջին անգամ Արցախ մուտք ենք գործել Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածով։ Դեռ հնարավոր էր։ Առաջին անցակետը Գորիսի Տեղ գյուղն է։ Հենց այստեղ էլ սկսվում է  նոր իրականությունը։ Մեր սահմանապահները ստուգում են փաստաղթերը, մեքենայի բեռնախցիկն  ու ասում՝ բարի ճանապարհ:

Ցուցանակի գրությունը՝  «Ազատ Արցախը ողջունում  է ձեզ», առաջվա պես չի ջերմացնում․ ցուցանակից այն կողմ ռուսական դրոշն է:

Առաջին կանգառը Աղավնո գյուղն է։ Անցնում ենք երկու անցակետով։ Ուզում ենք մի քանի կադրեր անել, ռուս խաղաղապահն ասում է՝ թույլտվություն պետք է ունենաք Ադրբեջանի  արտգործնախարարությունից։  Հարցիս՝ «ինչո՞ւ, մենք հայկական  հողում ենք», ռուս խաղաղապահը չի պատասխանում, ասում  է՝ սադրիչ հարց եմ տալիս։

Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել գրեթե ամբողջ Քաշաթաղի շրջանը՝ բացառությամբ 3 բնակավայրի՝ Բերձոր, Ներքին Սուս, Աղավնո։ 

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ  Չավուշյանը համոզված է՝ Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքում տեղակայված գյուղը  հայկական պահելը ռազմավարական  նշանակության հարց է։ Նա, սակայն, ոչ պաշտոնական աղբյուրներից երբեմն տեղեկություններ է ստանում, թե բնակիչների մուտքը Բերձոր խոչընդոտվում է։ Աղավնոյի մասին դեռ չի լսել։ Մի անգամ էլ Անդրանիկը վիճել է ռուս խաղաղապահնեըի հետ, երբ ասել են, թե տարածքը Հայաստանի ղեկավարը 5 տարով իրենց է հանձնել։ Չավուշյանն ասում է՝ ինքը հիշեցրել է Պուտինի խոսքերը՝  «ով  որտեղ կանգնած է, թող մնա այնտեղ»։

Աղավնոյի համայնքապետը մտադիր չէ թողնել գյուղը։ Ասում է՝ ո՞նց կարող է մի անձը մենակ պայմանագիր կնքի ու ամբողջ ժողովրդի ճակատագիր որոշի։ «Մենք սպասում ենք պատասխանտու մարմիների  պաշտոնական հայտարության, բայց քանի դեռ չեն հայտարարում, իրավունք չունենք լքել մեր տները։ Կամ որ ասում են՝ գնանք, ո՞ւր գնանք, ինչո՞ւ գնանք»։ 

Աղավնոյում այսօր 25 ընտանիք է բնակվում, մոտ 90 մարդ։ 38 ընտանիք պատերազմի օրերին դուրս է եկել գյուղից ու  դեռ չեն վերադարձել։ Հայտնի էլ չէ՝ կվերադառնա՞ն թե՞ ոչ։ Հեռացածներին սպասում են, բայց վստահ չեն, որ կկարողանան նրանց տները երկար պահել։ Գյուղապետն ասում է՝ «Տունն ապրողին է, հողը մշակողինը»։

Քաշաթաղի 54 դպրոցներից միայն մեկն է մնացել։ Պատերին՝ արցախյան շարժման պատմությունը։ Հնի կողքին դպրոցի նոր շենք է կառուցվում։ Դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը վստահեցնում է՝  կաշխատեն ամեն օր, որ իրենց դպրոցը լավագույնը լինի, բայց այսօր ուսուցչի խնդիր ունեն։ Հույս ունեն, որ գյուղ վերադարձողների մեջ նաև ուսուցիչներ կլինեն։

«Մարդիկ առաջին հերթին անվտանգության հարցն են բարձրացնում։ Ուզում են իմանան՝ որքան է ապահով գալ-աշխատելը։ Ես մտածում եմ՝ այսպես աշխատելով կարող ենք դպրոցը պահել։ Ուզում ենք ունենալ այն, ինչ կար մինչև պատերազմը»։

Դասերն Աղավնոյի դպրոցում վերսկսվել են հունվարի 11-ից։ Այդ օրը դպրոց եկել է  10-ը աշակերտ, մեկ ամիս անց՝ արդեն 18-ն են։ Նրանցից մեկն էլ Անի Գրիգորյանն է։  Նա 13 տարի ապրել է Բերձորում։ Հիմա էլ, թեև իր դասընկերներից շատերը հեռացել են, ինքը լավատես է՝ նորից շատանալու են։ 

Գյուղում խաղահրապարակ էլ է կառուցվում։ Անգամ պատերազմի օրերին շինաշխատանքները չեն դադարեցվել։ Գյուղապետն է ասում է՝ դա յուրահատուկ մեսիջ էր, որ իրենք ընտըել են կյանքի ճանապարհը։ «Քանդում են մեր տները, մենք նոր ենք կառուցում։ Ուրիշը։ Մնալու հարց չկա․ եթե այսքանի միջով անցել ենք ու մնացել, ուրեմն, էլ չենք գնալու»։

Անդրանիկ Չավուշյանի  5 երեխաներն անգամ պատերազմի  օրերին գյուղից դուրս չեն  եկել։ Կինը՝ Քրիստինե Խալափյանը, վստահ է, որ ճիշտը դա էր։ Հիշում է ամուսնու խոսքերը՝ հիվանդ մորը խնամում են, ոչ թե թողում ու հեռանում։

Լիբանանից Աղավնո տեղափոխված Չավուշյանները Արցախից չեն հեռանալու․ ասում են՝ հողը պահում ենք զենքով ու երգով։

Back to top button