ԿարևորՀասարակություն

Տեառնընդառաջին բարեմաղթեք՝ «Գնամ, անեմ բարություն, հոգիս գնա արքայություն»

Փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը, բայց տոնակատարությունները սկսվում են  փետրվարի 13-ի երեկոյան․ եկեղեցական օրացույցով  նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Տեառնընդառաջը խորհրդանշում է 40–օրական Հիսուսին տաճար տանելը:

Երբ Հիսուսին բերել են տաճար, դրա արևելյան կողմի՝  նախկինում չբացված դռները բացվել են ուժեղ դղրդյունով, և մարդիկ ճրագներով դուրս են եկել տներից` տեսնելու՝ ինչու է աղմուկ բարձրացել: Նրանք ակամայից ճրագներով լուսավորել են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Ահա սա է այսօր վառվող խարույկի խորհուրդը: Իսկ հավատալիքը, թե խարույկի վրայից ցատկելը հաջողություն կբերի, հոգևորականների պնդմամբ, սնոտիապաշտություն է։ 

Հաճախ ենք լսում, թե Տեառընդառաջը հեթանոսական տոն է, որը հայ եկեղեցին վերցրել է՝  համադրելով  քրիստոնեական ու հեթանոսական տոները։ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եսայի քահանան ասում է՝ սա տոնին առնչվող   ամենատարածված թյուրըմբռնումներից է, որովհետև հեթանոսական տոնը չի կարող համադրվել  քրիստոնեականի հետ։  Բացատրում է․  «Այս երկու կրոնները հակադիր են միմյանց, բայց հավանական է, որ հնուց մնացած ժողովրդական ավանդույթները համադրվեն կամ փոխակերպվեն։ Տեառնընդառաջը չի կարող լինել հեթանոսական, որովհետև հեթանոսության մեջ, առհասարակ, նմակ տոն չի եղել։ Այս տոնը նվիրված է 40-օրյա մանուկ Հիսուսին տաճար բերելուն և Տիրոջն ընծայելուն»։

Ըստ Նոր Կտակարանի՝ Հրեաստանում սրբազան  ավանդույթ կար. ծնողներն իրենց առաջնեկ արու զավակին քառասուն օրականում տանում էին տաճար` ընծայաբերելու Աստծուն: Մանուկ Հիսուսին ևս ծնողները տանում են տաճար, որտեղ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար ծերունի  ընդառաջ է գալիս նրան: Այստեղից էլ ծագել է տոնի անվանումը` Տեառնընդառաջ։ Տոնի հոգևոր խորհուրդը ներկայացնում է Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը․

«Խորհուրդը  սա է․ Աստված ինքը երկնքից խոնարհվեց, եկավ ընդառաջ մարդկանց, որոնք մոլորվել  ու Աստծուց հեռացել էին, և ինչ  ասես, որ չէին պաշտում։  Մեր մեծերն ասում էին՝ սիմոնածեր լինեք, այդ օրը Սիմեոն ծերն ինքը առաջինն ընդառաջ եկավ Տիրոջը»։

«Փա՛ռք քեզ, Աստված, քանզի աչքովս տեսա իմ փրկությունը, և լույս բացվեց մարդկանց վրա, որոնք խավարի մեջ նստած   էին»,-տեսնելով մանուկ Հիսուսին՝ բացականչում է Սիմեոն ծերունին: Սրբազան ավանդության համաձայն՝ այդ պահին տաճարի արևելյան դռները դղրդյունով բացվում են, ու մարդիկ ճրագներով դուրս են վազում տներից` իմանալու, թե ինչ է կատարվում: Նրանք գիտեին սուրբգրային օրենքը` տաճարի արևելյան դռները կբացվեն, երբ տաճար կմտնի ու այնտեղից դուրս կգա Տերը:

Փետրվարի 14-ը հռչակված է նաև նորապսակների օրհնության օր, և եկեղեցիներում անցկացվում է հատուկ կարգ: Տեր Եսայի քահանա Արթենյանը  հիշեցնում է՝ կարգը վերաբերում է միայն ամուսնացած զույգերին, բայց տոնը բոլորին է։ Տոնի կարևորագույն պայմանն էլ ոչ թե խարույկի վրայից ցատկելն է, այլ մասնակցությունը Սուրբ պատարագին։

Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգության ավարտին  հավատացյալները եկեղեցուց վառվող մոմեր են տանում՝ որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշ:  Ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով  վառվում է նաև տոնական խարույկը։

Հնում այդ խարույկի մոխիրը համարում էին սրբազան: Բարեհաջող ծննդաբերության համար կանայք այն լցրել են ջրի մեջ ու խմեցրել հղի հարսին: Մոխիրը հաճախ պահել են կճուճի մեջ, որ առատություն լինի, շաղ են տվել հավաբնում, որ հավերը շատ ձու ածեն, նաև արտերում, որ  բերքը պաշտպանեն մկներից։

«Գնամ, անեմ բարություն, հոգիս գնա արքայություն». Տեառընդառաջին հնում մարդիկ հենց այս խոսքով են  շնորհավորել  իրար: Այսօր քչերը գիտեն այդ մասին:

Back to top button