ԿարևորՔաղաքական

Տարածաշրջանում հնարավոր են աշխարհաքաղաքական նոր «խաղեր»․ քաղաքագետներ

Վերլուծելով  ներկա իրողությունները` քաղաքագետները փորձում են կանխատեսել տարածաշրջանի հետագա զարգացումները և նախանշել Հայաստանի հնարավոր քայլերը։  Պետք է պատրաստ լինենք  տարբեր սցենարների և աշխարհաքաղաքական նոր «խաղերի»՝ ասում են։  

Ինչպես է լուծվելու Արցախի կարգավիճակի հարցը և որտե՞ղ է ԵԱՀԿ ՄԽ–ի միջնորդությունը․ մինչ կպարզի վերջին շրջանում հաճախակի հնչող այս հարցերի պատասխանը, քաղաքագետ Արա Պապյանը նախանշում է առաջին քայլը, որը Հայաստանը՝ իբրև ինքնիշխան պետություն, պետք է նախաձեռնի։

«Անհրաժեշտ է Հայաստանի  և մեր երկրի  իրավունքները ոտնահարած երկրների միջև փոխհարաբերությունները տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ և առկա բոլոր խնդիրներին տալ իրավական ձևակերպումներ ու լուծումներ»։   

Միջազգային տարբեր փաստաթղթերից մեջբերումներ անելով՝ քաղաքագետը պնդում է՝ Ազգերի լիգայի համար Արցախի հարցը եղել է Հայկական հարցի բաղկացուցիչ մաս։  

«Միջազգային հարաբերություններում ցանկացած տարածքի պատկանելիություն որոշվում է տվյալ տարածքի նկատմամբ միջազգային իրավական փաստաթղթով ամրագրված տիտղոսով։ Քանի որ չկա և երբեք չի եղել միջազգային որևէ իրավական փաստաթուղթ, որով Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը ամրագրված լինի ԼՂ տարածքի կամ ԼՂ շրջական տարածքի վրա, ապա ակնհայտ է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ԼՂ–ն երբեք չի եղել Ադրբեջանի  մաս։ Արցախի հարցը երբեք միջազգային կառույցների, միջազգային համայնքի ու հանրության կողմից չի դիտարկվել որպես մեկուսի տարածքային վեճ։ Այն եղել և մնում է ՀՀ արևելյան սահմանների հարց և որպես այդպիսին՝ հայկական հարցի բաղկացուցիչն է։ Ըստ այդմ՝ Արցախի հարցը կարող է և պետք է լուծում ստանա միջազգային իրավունքի հենքով՝ խարսխված գերտերությունների պարտականությունների և նրանց քաղաքական կամքի վրա»,- ասում է Պապյանը։  

Գերտերությունների պարտականություններից և քաղաքական կամքից զատ՝ քաղաքագետ Սարո Սարոյանը 21-րդ դարում որպես նրանց  առաջնահերթություն նշում է սեփական շահերը, որոնք նա տեսնում է տեղի ունեցող իրադարձություններում։ Նա նշում է  ռուս–թուրքական հարաբերությունների կայացման փաստը, դրանց ռազմավարական մակարդակին, կարծում է,  երկու գործոն է խանգարում․

«Արևմուտքի՝ ԱՄՆ-ի ճնշող ներկայությունը տարածաշրջանում և Թուրքիայի՝ հյուսիս–ատլանտյան դաշինքի անդամ լինելու իրողությունը»։

Քաղաքագետը կարծում է, որ այդ  համագործակցությունը շարունակվելու է։ Մի քանի հնարավոր սցենար է նշում, բայց լուրջ վտանգներ տեսնում է հատկապես մեկի մեջ․

«Այսօր և Թուրքիայի նեոօսմանիզմի գաղափարախոսությունը, և Ռուսաստանի եվրասիականության գաղափարախոսությունը ոչ թե հակադրվում են, այլ դեպքերում փոխլրացնում են միմյանց ։ Ու քանի դեռ երկու երկրների միջև կան չնվաճված կամ կիսագաուղացված տարածքներ,  ինչպիսիք են Հարավային Կովկասը, Ուկրաինան, Բելառուսը կամ Մոլդովան, ապա սպասելի է, որ այդ տերությունների ծավալապաշտական քաղաքականության մամլիչի տակ հայտնվեն այլ երկրներ։ Մեր կարևոր մարտահրավերներից մեկը  Հայաստանի՝ փոխանակվող մանրադրամի վերածվելը թույլ չտալն է։ Իսկ փոխանակվել այն կարող է անգամ Ուկրաինայի հետ, որը Թուրքիան կառավարելի պատերազմի միջոցով հակված կլինի զիջել Ռուսաստանին։ Սա մի սցենար է ընդամենը, բայց  նույն սցենարն է, որը իրականացվեց  Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում։ Ես սա լուրջ վտանգ եմ համարում»,- նշում է Սարոյանը։

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը նույնպես նոր զարգացումներ է կանխատեսում, բայց հորդորում է՝ Թուրքիան չընկալել որպես թշնամի պետություն․

«Թուրքիայի  շահերն այս պարագայում համընկնում են արևմուտքի շահերի հետ։ Մենք չպետք է սպասենք ինչ–որ այլ  լուծումների։ Հայկական պետականությունը պետք է պատրաստ լինի Թուրքիայի՝ և ՆԱՏՕ–ից դուրս գալու,  և ՆԱՏՕ–ում մնալու սցենարներին։  Արևմուտքը մեր տարածաշրջանում իր ռազմավարությունն իրականացնում է Թուրքիայի միջոցով։  Թուրքիան որպես թշնամի ընկալելու մոտեցումը, իմ կարծիքով, վտանգավոր է։ Տարածաշրջանում հնարավոր են  ավելի բարդ «խաղեր»,- ասում է Արզումանյանը։

Այս պահին Արցախի հիմնախնդրի էությունն արդեն փոխվել է։ Արա Պապյանի համոզմամբ, եթե բանակցությունները վերսկսվեն, չի գործի անգամ ինքնորոշման սկզբունքը։

«Եթե մինչև այս պատերազմը մարդիկ կային, որ ինքնորոշման սկզբունքի կողմնակիցն էին, ապա այսօր Արցախի ինքնորոշման սկզբունքն այլևս  չի կարող գործել, որովհետև ակնհայտ է, որ էթնիկ զտումները նաև ինքնորոշման սկզբունքի արծարծման հետևանք են։ Շատ պարզ է ադրբեջանական տրամաբանությունը․ չկա հայ՝ չկա ինքնորոշվող սուբյեկտ։ Իսկ այս մի հատվածը, բնականաբար, մնացել է զուտ ռուսական ռազմաբազայի համար, որը, հնարավոր է, որ մոտ ապագայում՝ ավելի մեծ աշխարհաքաղաքական «խաղերի» ժամանակ, ինչ-որ դերակատարություն ունենա»,- ընդգծում է Պապյանը։

Քաղաքագետերը համոզված են՝ 30 տարվա ընթացքում Հայաստանը գնացել է սխալ ուղղությամբ․ Արցախի հարցն առանձնացվել է հայկական ընդհանուր հարցից և այդպես էլ հնարավոր չի եղել հաղթանակն ամրագրել քաղաքական և դիվանագիտական հարթությունում։

Back to top button