ԿարևորՀասարակություն

Ժեստերի լեզուն՝ հայ պատանիների մշակած հավելվածում

Հայաստանում կա շուրջ 16 000, աշխարհում՝ 466 միլիոն լսողական խանգարում ունեցող մարդ, շրջապատված գերազանցապես ժեստերի լեզուն չիմացողներով։ Հայ պատանիների ծրագրած Corvus հավելվածի նպատակն է վերացնել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփման խոչընդոտը։ Հավելվածի նախագծողներն են Էմմա Վանեցյանը և Թամարա Բուդումյանը։ Աղջիկները նշում են՝ Corvus-ի առաքելությունն է՝ օգնել մարդկանց՝ սովորել ժեստերի լեզուն, հեշտացնել խուլ մարդկանց հաղորդակցման խնդիրը ու բարձրացնել վերջիններիս կյանքի որակը։

18-ամյա Էմմա Վանեցյանը ծնունդով Գավառից է։ Լսողության եւ արտահայտվելու խնդիր չունի, բայց ժեստերի լեզուն սովորելու ցանկությունն այնքան մեծ էր, որ սկսեց համապատասխան հավելվածներ փնտրել համացանցում։ Զարմացավ՝ ընդամենը մեկ հավելված գտնվեց, այն էլ,իր բնորոշմամբ, «կիսատ–պռատ»։ Իսկ ինչու չստեղծել սեփական ստարտափ ծրագիրը։ Մտահղացումը կիսեց մանկության ընկերուհու՝ Թամարա Բուդումյանի հետ։ Սա եղավ գաղափարի վրա աշխատելու սկիզբը։  

«Ստարտափը մշակեցինք Դեմո օրվա ժամանակ։ Ներկայացրինք մեր ստարտափը և ստացանք վեբ դիզայնի նվեր։ Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք ինքնուրույն պետք է դիզայնը կազմենք, հետո տանք մասնագետներին, որպեսզի շտկեն և արդեն  աշխատենք ծրագրավորողների հետ»։

Ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ընկերուհիները հանդիպում են StartUp Club Gavar-ում։ Ակումբում ստարտ-ափեր մշակելու ժամանակ առաջարկված բազում գաղափարներից ամենահարազատն Էմմայի` ժեստերի լեզուն սովորելու համար հավելված մշակելն էր՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Թամարան։ Նա էլ 17 տարեկան է՝ դարձյալ Գավառից։

«Համախմբվեցինք գաղափարի շուրջ և հիմա փորձում ենք ստեղծել corvus-ը։ Դեռ գաղափարի  փուլում է, բայց երբ պատմում ենք ընկերներին կամ հարազատներին, իսկապես զգում ենք անհրաժեշտությունը։ Այն հասցնելու ենք ավարտին»։

Հայաստանում լսողական խանգարում ունի շուրջ 16 000 մարդ։ Հենց նրանց հետ շփման խոչընդոտն են ցանկանում վերացնել հավելվածի պատանի հեղինակները։ Երբ հայերեն ժեստերի լեզուն սովորելու փորձեր էին անում, հասկացան՝ մասնագետ գտնելը բարդ է։ Իսկ ծրագրված բջջային հավելվածը զգալիորեն կհեշտացնի սովորելը`այն տեղափոխելով դիջիթալ դար։

«Մեր թիրախային խումբը ոչ թե լսողական խնդիր ունեցողներն են լինելու, այլ մարդիկ, որոնք ուզում են շփվել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ կամ պարզապես մեզ նման ուզում են սովորել իրենց սեփական զարգացման համար»։

Corvus-ն այժմ դեռ մանրամասն գծված գաղափար է։ Առաջին հատվածում այն նման է լինելու խաղի, որտեղ սովորողները կարող են տեսնել ամեն ժեստի վիդեո տարբերակը։ Սպառողներն ամեն մակարդակն անցնելիս ստուգող վարժություն են անցնելու։ Երկրորդ հատվածում սպառողը կարող է վճարովի վիդեոկապով մասնագետից ավելին սովորել։

Հեղինակները հետագայում նախատեսում են ավելացնել, այսպես ասած, թարգմանչական հատված, որը բանավոր խոսքը կվերածի գրավորի, գրավորը՝ բանավորի։ Կներմուծվի նաեւ անգլերեն ժեստերի լեզուն՝ դուրս բերելով հավելվածը միջազգային շուկա։ Նպատակն իրագործելու համար իրենք իրենց մինչեւ տարեվերջ ժամանակ են տվել։

Back to top button