ԿարևորՀասարակություն

Նոր կարգավորում՝ դպրոցի տնօրեն ընտրելիս․ պաշտոնն այլևս կռվախնձոր չի դառնա

Դպրոցի մուտքի մոտ դիմավորում են ոստիկանները։ Զանգ՝ տնօրենին, հետո միայն՝ մուտք դպրոց։  Խաչատուր Աբովյանի անվան թիվ մեկ դպրոցում դասադուլը շարունակվում է։ Աշակերտները՝ միջանցքներում, ուսուցիչները՝ ուսուցչանոցում բոյկոտում են նոր տնօրենի նշանակումը։ Նախկին տնօրենն ուսուցչանոցում է, մի պատ այն կողմ՝ իր սենյակում, նոր տնօրենն է Քարմիլե Առաքելյանը։ Վերջինս աշակերտների հետ զրույցներով փորձում է շտկել իրավիճակն ու  երկուշաբթի օրվանից  դպրոցում վերականգնել  բնականոն դասապրոցեսը։

«Ես բավականին աշխատել եմ սառույցը կոտրելու ուղղությամբ։ Իսկապես բոյկոտ կար, աշակերտներն էլ ինֆորմացված չէին շատ իրադարձությունների վերաբերյալ։ Ես արդեն զրուցել եմ աշակերտների հետ, իրազեկել եմ իրենց իրավունքների, պարտականությունների վերաբերյալ», ասում է նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը։

Իսկ ուսուցչական կազմը դեռ  սպասում է Քարմիլե Առաքելյանին տնօրեն նշանակելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի չեղարկմանը։ Բոյկոտը շարունակելու ենք՝ «Ռադիոլուրին» ասում է անգլերենի ուսուցչուհի Ռուզաննա Ղազարյանը։  

« Դիմել ենք բազում քայլերի, ոչ մի դրական արձագանք  առայժմ չկա։ Սպասում ենք հետագա քայլերի։  Իսկ հետագա քայլը կլինի արդեն օրենքի դաշտում», նշեց ուսուցչուհի Ռուզաննա Ղազարյանը։   

Որևէ անարդար գործընթաց տեղի չի ունեցել՝ խնդրի մասին ասել էր ԿԳՄՍ նախարարը։ Վահրամ Դումանյանը բվստահեցնում է՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Ավելին՝ վստահեցրել էր՝ հանրակրթական համակարգում չկա հովանավորչություն, որ տնօրենները նշանակվեն քաղաքական  գործիչների միջամտությամբ, չկան կոռուպցիոն սխեմաներ։

«Ես տեղյակ չեմ, թե ով ում հետ է կապվում։  Նման տեղեկություն ես չունեմ, ու հետաքրքիր էլ չի բացարձակ»։    

Մինչ դպրոցում հին ու նոր են անում, տնօրենի նշանակումը կապում պաշտոնյաներից մեկի անվան հետ, կառավարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենի ընտրությանը փորձում է համակարգային լուծում տալ։ Գործադիրի նոր որոշման հիմնական նորություններից է, որ տնօրենն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Իսկ հավասար ձայներ ստացած հավակնորդների միջեւ ընտրությունն այլեւս չեն կատարի փոխվարչապետը կամ նախարարը։

Այդ դրույթը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տալիս, վերացվել է։  Մանկավաժական եւ ծնողական խորհուրդներում նույնպես տնօրենի թեկնածուի ընտրություն պետք է անեն, իսկ դպրոցի կառավարման խորհրդի ներկայացուցիչները պարտավոր են քվեարկել ծնողական եւ մանկավարժական խորհրդի հավանությանն արժանացած թեկնածուի օգտին։ Աբովյանի անվան դպրոցի արդեն նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ դեռ չգիտեն, թե փոփոխություններն ինչպես կանդրադառնան իրենց վրա։

«Գիտենք, որ օրենքը հետադարձ ուժ չունի, բայց դեռ չենք հասցրել խոսել իրավաբանի հետ, հասկանալ թե ինչ կբերի կարգի փոփոխությունը մեզ»։

Մինչ փաստաթղթավորված կարգավորումները դպրոց կհասնեն՝ ԿԳՄՍ-ից պնդում են՝ երեխաների կրթություն ստանալու իրավունքն այս դպրոցում պետք է  րոպե առաջ վերակագնել։  

Back to top button