ԿարևորՔաղաքական

Ստատուս քվոյի փոփոխության դիմաց՝ սահմանի բացո՞ւմ․ կհրաժարվի՞ Թուրքիան մյուս նախապայմաններից

Արդեն  մեկ ամսից ավելի  ուժի մեջ է կառավարության այն որոշումը, որով արգելվում է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2019–ին Թուրքիայից Հայաստան  ներմուծվել է թուրքական ծագման 268 միլիոն դոլարի ապրանք, իսկ  հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Թուրքիա արտահանումը ավանդաբար չնչին ծավալներ է ունեցել՝ նույն 2019-ին, օրինակ,  կազմելով 2.2 միլիոն դոլար։

Այս համատեքստում ակտիվորեն քննարկվում է  Հայաստանի արտգործնախարարի կողմից օրերս շրջանառության մեջ դրված այն թեզը, համաձայն որի՝ «Թուրքիան այլևս պատճառ չունի  Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու»։ Ընդդիմախոսներն այս հայտարարության մեջ  ոչ միայն  տնտեսական, այլև քաղաքական ու անվտանգային լուրջ խնդիրներ են տեսնում։  

«Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Հայկ Գևորգյանը վստահ է՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում աշխատող  քաղաքացիների մեծ մասը կրում է թուրքական արտադրության հագուստ։ Այդ պետության հետ ապրանքաշրջանառությունը զարգացնելու, իսկ հետագայում հայաստանյան շուկան կլանելու  թեզերը մանիպուլյատիվ է համարում։

«Այդ հարցը շատ է մանիպուլացվում։ Հենց այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր կա։ Վստահ եմ՝ այստեղ գտնվող շատերի հագուստի կեսից ավելին Թուրքիայում է արտադրվել։ Ինչպե՞ս են դրանք հայտնվել Հայաստանում։ Անկախ նրանից՝ մենք ունենք դիվանագիտական հարաբերություններլ, թե ոչ, ինչպիսի հոգեբանական դիրքորոշում ունենք այդ երկրի հանդեպ, այդ առևտուրը լինում է»։

Ի՞նչ կլինի սահմանները բացելուց հետո․ այս հարցի պատասխանը պատգամավորն արդեն ունի։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ այդ կառույցն իրեն ապահովագրել է բարձր մաքսատուրքերով և տնտեսական այլ պաշտպանական միջոցներով։

«Թուրքիայից ներմուծված ապրանքները ԵՏՄ կանոններով կմաքսազերծվեն, եթե այդպիսի բան լինի։ ԵՏՄ– ի շուկան ինքն իրեն պաշտպանում է»։

Մինչ ակտիվորեն քննարկվում է Թուրքիայի հետ  սահմանը բացելու ու դրանից տնտեսական օգուտներ ստանալու հարցը, «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը,  վստահեցնում է՝ Ռուսաստանի միջնորդությամբ ձևավորված աշխատանքային խմբում տնտեսական բաղադրիչը չի քնարկվում։

«Ընթացող բանակցությունները որևէ կերպ չեն  առնչվում ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը։ Ինչպես նշվում է նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ, խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհների ապահովմանը։ Օրինակ, Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և հունվարի 10–ի ստորագրված հայտարարության մեջ՝ Հայաստանի համար այդ դեպքում մեզ էլ ճանապարհ տրամադրվի, չգիտեմ, երկաթուղով դեպի Իրան, դեպի Ռուսաստան։ Խոսքը զուտ տարանցիկ ճանապարհների մասին է։ Առևտրաշրջանառության մասին պաշտոնական քննարկում, բանակցություն չկա»։

Այս քննարկումներին զուգահեռ, սակայն, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ–ի ամբիոնից օրերս պաշտոնապես հայտարարեց․ 

«Այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը»։

Ապաշրջափակման խնդիրը արտգործնախարարը կապեց բացառապես Արցախյան հիմնախնդրի հետ։ Թշնամու կողմից ուժի կիրառմամբ ստասուս քվոյի  փոփոխությունից հետո  արտգործնախարարն ապավինում է միջազգային հանրության ճնշմանը՝ Թուրքիային կառուցողական դաշտ վերադարձնելու համար։ Մասնագիտությամբ պատմաբան–միջազգայնագետ պատգամավոր Գոռ Գևորգյանը այս թեզում վտանգավոր միտումներ է տեսնում։

«Եթե դուք հեռանկարային առումով դրական երևույթ եք համարում՝ հաշվի առնելով պատմության փորձը, ապա ես կարծում եմ, որ սահմանների ապաշրջափակումը կարող է մեկ այլ կարևոր խնդրի առաջ կանգնեցնել մեզ»։

Թե ինչ նկատի ունի պատգամավորը, մասնագիտորեն ներկայացնում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նա հիշեցնում է ևս մի քանի գործոն–նախապայման, որոնց պատճառով Թուրքիան շրջափակել է Հայաստանը։ Արցախյան հիմնախնդիրը դրանցից ընդամենը մեկն էր․

 «Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը հիմնված է նախապայմանների և պարտադրանքի վրա, որ Հայաստանն ընդունի այդ նախապայմանները։ Միայն դրանից հետո Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի և սահմանը կբացի։ Եվ խնդիրը միայն Արցախյան հիմնախնդիրը չէ։ Բացի արցախյան հիմնահարցում Արցախին պաշտպանելուց՝  հրաժարվելը Հայաստանի կողմից, մյուս նախապայմանը և պահանջը այն է, որ Հայաստանը հրաժարվի ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից։ Երրորդը՝ որ Հայաստանը վերահաստատի, որ հավատարիմ է Կարսի պայմանագրին»։  

Իսկ  սա, ավելի պարզ ձևակերպմամբ,  նշանակում է հրաժարվել տարածքային պահանջներից։  

Թուրքիայի կողմից սահմանների բացման անհրաժեշտության մասին թեզը շրջանառության մեջ դնելուց հետո արտգործնախարարը կետերով չի անդրադարձել և չի խոսել Թուրքիայի նախապայմանների և այդ հարցում Հայաստանի հետագա կեցվածքի մասին։

Մինչդեռ Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականության փոփոխություն տեղի չի ունեցել։ Դրա ոչ մի նախադրյալ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի տեսնում։ Ընդհակառակը՝ Հայաստանի սահմաններին մոտ նոր զորավարժություններ կազմակերպելը նա դիտարկում է որպես ճնշման լրացուցիչ փորձ՝ պատերազմում պարտված կողմի վրա։  

«Ես չեմ կարծում, որ Հայաստանը կհրաժարվի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը կհրաժարվի Արցախին օժանդակելու քաղաքականությունից, և ես չեմ կարծում, որ Հայաստանը կհայտարարի պաշտոնապես, որ ինքը հավատարիմ է Կարսի պայմանագրին։ Եթե այդ երեք բանից Հայաստանը հրաժարվի, ապա մենք, ըստ էության, կդադարենք Հայաստան լինելուց»։    

Թուրքիայի նախապայմանների առնչությամբ մտահոգություններ արտահայտում են ոչ միայն պատմաբանները և թուրքագետերը, այլև՝ Սփյուռքի կառույցները, ինչին ի պատասխան արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել։ «Տարբեր առիթներով Հայաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ դիտարկելու ենք ոչ թե Թուրքիայից հնչող հայտարարությունները, այլ գործողությունները: Այդ գործողությունները մինչ օրս չեն եղել կառուցողական»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Back to top button