

«Մենք կատարվում ենք, ոչ թե կատարում»։ Թվում է՝ այս խոսքերը Հրանտ Մաթևոսյանն ասել է երեկվա, այսօրվա և վաղվա համար։ «Մենք»-ը՝ մեր սխալների հետ, անձնական դերանունից փոխակերպվել է բայի ու կրկնվում հարյուր տարին մեկ։ Կրկնվում ենք մենք, մեր սխալները։ Մաթևոսյանն ասում է՝ գոյության անվերջ խնդիր կա, բայց լուծումն էլ կա։
«Պետք է պատմությունը լավ իմանալ, բայց պատմության և ողբերգության բեռի տակ էլ չմնալ։ Մաթևոսյանն ասում էր, որ ժամանակակից աշխարհի հետ պետք է կարողանանք համընթաց քայլել»,-ասում է գրականագետ Հայկ Համբարձումյանը։
Մենք քայլու՞մ ենք ժամանակակից աշխարհին համընթաց․ ի պատասխան հարցի՝ գրականագետը հիշում է Մաթևոսյանի խոսքերը․ «Մեր քաղաքական միտքը մնացել է Սասունի լեռներում»։ Վերջին պատերազմն էլ, կարծես, հաստատեց գրողի իրավացիությունը՝ մենք կատարվում ենք, ոչ թե կատարում։ Գրականագետ Հայկ Համբարձումյանն ասում է, որ քաղաքական ու սոցիալ-հասարակական խնդիրները լուծելու ճանապարհին Մաթևոսյանը բացառում էր ռոմանտիզմը ու հորդորում սթափ գնահատել իրականությունը։ Ի՞նչ կհորդորեր Մաթևոսյանը, թե ապրեր վերջին պատերազմը․ ենթադրաբար կասեր․
«Պետք է ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել թշնամուն։ Սիրել հայրենիքը ու եղբորդ»։
Մաթևոսյանը հիշեցնում է մարդուն ՝ մարդու մասին։ Հիշեցնում է, որ հիշողությունը մեր ազգային գենետիկական կոդն է, որ անցյալը մոռանալ չի կարելի։ Հայկ Համբարձումյանն ասում է՝ Մաթևոսյանը մարդու մեջ տեղավորում է Աստծուն, ու ցույց տալիս, թե ում կերպարանքով ենք ստեղծված։
Կարդում եմ Մաթևոսյանի «Ծառեր»–ից հաճախ մեջբերվող մի հատված․
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես – հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…
Գրողից մի պատկեր էլ ՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին, զրուցակիցս է հիշեցնում․թուրքերն ուզում են հայկական արոտավայրերն ու նախիրը վերցնել։ Թվում է՝ մեր օրերի մասին է գրված։ Ճիշտ է Մաթևոսյանը․ մենք կատարվում ենք․
«Կգա նոր սերունդը, իմ առաջնորդությունը ես նրանց եմ տալիս: Իմ հույսը նրանց հետ է: Ի՞նչ երաշխիքներով ենք 21-րդ դարում հայտնվում: Ինձ համար մեծագույն երաշխիք է, որ թշնամանքը հարևան որոշ երկրների, իրենց համար ավելի ծանր բեռ է լինելու, քան մեր հանդուրժումը, քան մեզ մեկուսի թողնելը: Ավելի ստույգ ասեմ՝ թուրքերի ագրեսիվ վերաբերմունքը մեր նկատմամբ իրենց համար ավելի ծանր խնդիր է լինելու, քան մեզ համար։Մենք պարտավոր ենք մեզ պահել գոնե այնպես, որ մեր արգելք լինելու հետ հաշվի նստեն»։
Ու, փաստորեն, մեզ է թողնված որոշումը՝ մենք արգելք ենք, թե՞ ոչ։