ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետն ու ԱԺ փոխխոսնակը դատապարտել են Ցեղասպանության և Հոլոքոսթի հուշարձանի պղծումը

Որևէ հուշարձանի նկատմամբ ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է, որը պետք է բացառել քաղաքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով՝ այսօր առավոտյան տեղեկացել է, որ «անհայտ չարագործները պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող՝ հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը»:

«Երևանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաև երևանցի լինելու պատվաբեր կոչումը, և որևէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը», — գրել է Մարությանը՝ հույս հայտնելով, որ իրավապահները արագ և համարժեք արձագանք կտան:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ևս դատապարտել է հուշարձանի պղծումը։

«Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու համար հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը: 

 Նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած և այդ հանցագործության դեմ պայքարի ջատագով հասարակության մեջ»,- գրել է Սիմոնյանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button