ԿարևորՀասարակություն

Համացանցային հիգիենա․ ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները

2019 թվականին՝ 83, 2020–ին՝ անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող 80 վարույթ է հարուցվել։ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ դրանք վերաբերել են պետական մարմինների, ՏԻՄ–երի, իրավաբանական անձանց կողմից անձնական տվյալների մշակման իրավաչափությանը։ Անձնական տվյալներ մշակող որևէ կազմակերպություն վարչական պատասխանատվության չի ենթարկվել․

«Դրա անհրաժեշտությունը չի եղել։ Գործակալությունը կայացնում է որոշում նախ իրավունքի վերականգնման մասին, օրինակ՝ պահանջում է դադարեցնել մշակումը, պահանջում է ոչնչացնել տվյալները, թույլ չի տալիս տվյալները մշակել կամ թույլ է տալիս մշակել որևէ նախապայմանով։ Գործակալության որոշումները բոլոր դեպքերում ըստ էության ընդունվել են, և որևէ դեպքում չի եղել առարկություն»,-նշում է Հայրապետյանը։

Գևորգ Հայրապետյանը կարևորում է հատկապես էլեկտրոնային առողջապահական համակարգի պաշտպանությունը։ 2020-ին ադրբեջանցի հաքերները համավարակից մահացածների և կոնտակտավորների անձնական տվյալներ հրապարկեցին՝ դա ներկայացնելով որպես հաջողված հաքերային հարձակում։ Մինչդեռ ըստ բանախոսի,  իրականում,սերվերները կիբերհարձակման չէին ենթարկվել։ Տվյալները արտահոսել են ոչ թե կիբերհարձակման հետևանքով, այլ  օգտատիրոջ միջոցով։

«Երբ ֆեյսբուքում որևէ մեկի օգտահաշիվը, գաղտնաբառը կարողանում են կորզել հաքերային հարձակմամբ, դա չի նշանակում, որ կոտրել են հենց ֆեյսբուքը, ֆեյսբուքի սերվերները, Ցուկերբերգին։ Դա նշանակում է, որ կոտրել են օգտատիրոջը, հիմնականում ֆիշինգի միջոցով։ Այդպիսով, անկախ նրանից, թե գաղտնաբառերը, որքան լավ են պաշտպանված, որքան բարդ են դրված, միևնույն է, մարդն ինքն է դա վստահում հաքերներին, չարագործներին»,-մանրամասնում է Հայրապետյանը։  

2020 թվականին անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը 132 նյութ է հրապարակել առցանց հարթակում։ 37–ը վերաբերել է պատերազմական իրավիճակում անձնական տվյալների պաշտպանությանը։ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ շատ խոսվեց անձնական տվյալների պաշտպանության մասին։ Մասնավորապես՝ պե՞տք է արդյոք հրապարակել անհետ կորածների, գերիների ու մահացածների թիվը։  Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ օրենքը չի արգելում, բայց եթե տվյալները թույլ են տալիս անձի նույնականացում, նախընտրելի է չհրապարկելը։

Back to top button