ԿարևորՀասարակություն

«Գուգլ մեփսը» ո՞նց է այս ճանապարհը գծել․ մտահոգություն՝ նախատեսվածից վաղ անցկացված հանրահավաքում

Այսօր «Ազատության» հրապարակում զգալի դադարից հետո իր հերթական հանրահավաքն է անցկացրել «Հայրենիքի փրկության շարժումը»։ Նախապես որոշված էր հանրահավաք անցկացնել փետրվարի 20-ին։ Հրատապ հավաքի անհրաժեշտության մասին Շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ էր հայտարարություն տարածել՝ ժողովրդին կոչ անելով հավաքվել ու որոշել անելիք։

Պատճառն իշխանությունների որոշումն էր՝ այսուհետ Սյունիքի սահմաններին մոտ նկարահանումներն անհրաժեշտ է համաձայնեցնել Ազգային անվտանգության ծառայության հետ։ Զուգահեռ խոսակցություններ ծավալվեցին ինչ-որ գաղտնի փաստաթղթի մասին, ըստ որի, ի վնաս Հայաստանի, Սյունիքի սահմաններով կոմունիկացիաների հարց է լուծվում։ Հենց այս հարցերով մտահոգված էլ «Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 20-ի հանրահավաքն անցկացրել է այսօր։

Խնդիրն այն է, որ Սյունիքի շուրջ ինչ-որ բան է նախապատրաստվում, օղակը սեղմվում է՝ նման մտահոգություն ունի «Հայրենիքի փրկության շարժումը»։ Դրանք հայտնելու եւ հետագա անելիքների մասին խոսելու համար էլ ժողովրդին այսօր «Ազատության» հրապարակ էր հրավիրել Շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ինչպես ինքը ձեւակերպեց, խոսելու համար, խորհրդակցելու եւ անելիքները որոշելու։  

«Նախորդ ամիսներին մենք չէին հասկանում՝ ի՞նչ է կատարվում Սյունիքում, ինչու՞ ենք մենք կորցնում մեր սահմանները, ինչու՞ ենք կորցնում մեր ճանապարհները։ Ոմանք ասում էին, որ իշխանությունն ուղղակի  պարալիզացված է, չի կարողանում տիրապետել իրավիճակին։ Պարզվեց՝ ոչ։ Պատահաբար պարզվեց, որ, բացի այն եռակողմ հայտարարությունից, կա նաեւ գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ. 6 կետանոց գաղտնի փաստաթուղթ»։

Ենթադրյալ փաստաթղթի մասին խոսել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա այսօրվա հավաքի երկրորդ եւ վերջին բանախոսն էր։ Պատմեց Սյունիքի մարզից իր տեղեկությունները,  ապա եզրակացրեց.

«Եթե ասում եք՝ թուղթ չկա, բա «Գուգլ մեփսը» ո՞նց է էս ճանապարհը գծել։ Միայն կարող եմ ասել, այս է վիճակը, ժողովուրդ, չունենաք խաբկանք, թե ինչ-որ լավ բան հնարավոր է։ Սահմանադրությամբ ասված է՝ հող տալը՝ միայն հանրաքվեով։ Մեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի գնալ-տեսնել՝ ոնց է անցել, հո հող չե՞նք տվել։ Ես պինդ կանգնած եմ, որ սա Հայաստան է։ Չկա թուղթ, որ դա նրանցն է, դա նրանցը չէր կարող լինել»։     

Վազգեն Մանուկյանն էլ մտավախություն հայտնեց, որ դեռ էլի կան հանրությանը ոչ հայտնի պայմանավորվածություններ ու հավանաբար դրանց պատճառով են Սյունիքում նկարահանումները սահմանափակվում։

«Երեկ նաեւ տարածվեց մի նոր հայտարարություն, որ լրատվամիջոցները իրավունք չունեն գնան Սյունիք ինքնակամ եւ պարզաբանեն իրավիճակը։  44-րդ օրը պարզվեց, որ խայտառակ պարտվել ենք՝ փակել էին մամուլը։ Նույնը հիմա կատարվում է Սյունիքում՝ փակում են մամուլը»։

Որպես հետպատերազմյան խնդիրների լուծման ուղիղ ճանապարհ՝ «Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն առաջնային է համարում գործող իշխանության հեռացումը։ Սա շարժման անփոփոխ օրակարգն է, իսկ նպատակներն էլ հստակ ձեւակերպված են՝ վստահեցրեց։  

Երբ տեւական ժամանակ «Հայրենիքի փրկության շարժումը» հավաքներ ու երթեր չէր անցկացնում, մամուլը ենթադրում էր, որ 17 կուսակցությունների ձեւավորած շարժումը կազմաքանդվում է։ Վազգեն Մանուկյանը նախ հերքեց, ապա շեշտեց․«Կազմաքանդվել չկա։ 17-ը նորմալ, իր համար աշխատում է»։

Վստահեցմամբ հանդերձ՝ այսօրվա հավաքին 17 կուսակցություններից ոչ մեկը ելույթ չունեցավ։ Փետրվարի 20-ին էլ Շարժումը հանրահավաք կանցկացնի։ Իսկ այսօրվանից իրենց շտաբը դառնում է «Ազատության» հրապարակը՝ ասաց Մանուկյանը։v

Back to top button