ԿարևորՀասարակություն

Գորիս-Դավիթ Բեկ վիճարկելի հատվածում անվտանգ է, առնչվող հարցերը՝ վտանգավոր

Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ճանապարհների անվտանգության հարցը կրկին խորհրդարանական օրակարգում է։ Խոսքը Գորիս–Դավիթ Բեկ 21 կմ ճանապարհատվածի մասին է։ Խորհրդարանական քաղաքական ուժերն այսօր իշխանությունից պարզաբանում են պահանջել ենթադրյալ «ճանապարհային» պայմանավորվածությունների եւ անվտանգային հարցերի վերաբերյալ։

Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածն այս պահին անվտանգ է՝ «Ռադիոլուրին» փոխանցում է Դավիթ Բեկի համայնքապետ Բենիամին Պողոսյանը եւ նշում՝ տեղյակ չէ, թե խորհրդարնում ինչ է քննարկվում, բայց այս պահին համայնքի բնակիչները երթեւեկում են միջպետական ճանապարհահատվածով։

«Այս պահին դեպքեր չունենք, որ մեզ անվտանգ չզգանք։ Ոչ մի միջադեպ չի եղել։ Բայց չեմ կարող երաշխավորել՝ թե վաղը ինչ կլինի։ ՀՀ սահմանապահ զորքերը հսկում են սահմանը։ Մ2 ճանապարհով դավիթբեկցիները երթեւեկում են դեպի Կապան, այնտեղից էլ՝ Երեւան։  Գյուղը ճանապարհից 4 կմ հեռավորության վրա է, գլխավոր ճանապարհն անցնում է, կարելի է ասել, գյուղի կողքով»։

Նախօրեին Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի վիճարկելի տարածքի մասին ՊՆ հաղորդագրություն տարածեց՝ գրեթե նույնությամբ ընդգծելով 2020 թվականի դեկտմբերի 19–ի անվտանգային դրույթները։  

«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև»։

ՊՆ պարզաբանումը ոչ միայն չի բավարարել պատգամավորներին, այլեւ նոր հարցեր է առաջ բերել։ Ճեպազրույցի օրակարգում կրկին այս թեման էր։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան հատվածում 21 կիլոմետրը անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս։

«Գորիս-Կապան հատվածում 21 կիլոմետրը անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել: Այնպես չէ, որ ինչ-որ համաձայնագրերով պիտի լինի: Պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պիտի գործի և գործում է: Ոչ մի վայրկյան ադրբեջանցիների կողմից այդ ճանապարհը չի փակվել»։

Ի՞նչ է նշանակում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս ձեւակերպումը․ քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն  Շահինյանը տարեվերջին գրություն էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով տրամադրել փաստաթղթեր, կոորդինատներ, նկարներ, հիմնավորում, թե ո՞րն է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը: Քարտեզագիրը ստացել է պատասխանը․ հուսադրող չէ՝ ասում է․

«Ավելի լավ է մեկնաբանություն տա բանախոսըեւ հղում կատարի՝ թե ո՞րն է միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը։ Դա վերացական բառ է։ Խոսք, որը ասվում է առանց իրավական փաստաթղթերի, հիմքի։ Սահմանների գործընթացի վերաբերյալ տարբեր նամակներ եմ հղել պետական գերատեսչություններ եւ հասկացել, որ չկա որեւէ պատասախանատու, որը սպառիչ կպատասխանի․ ընթանում է այսպիսի գործընթաց, եւ կան այսպիսի արդյունքներ։ Ամեն ինչ ցաքուցրիվ է»։

Կե՞ղծ է, թե՞ ոչ․ «Լուսավոր Հայաստանը» իշխանությունից պահանջում է հոդաբաշխ բացատրություն համացանցում շրջանառվող ենթադրյալ հուշագրի մասին։ «Եթե դա ստորագրված է գործադիր իշխանության կողմից, դա հակապետական փաստաթուղթ է, հակասահմանադրական»,–ընդգծում է Տարոն Սիմոնյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում էլ հիշում են՝ գաղտնի հնարավոր հավելվածի մասին ավելի վաղ են խոսել։ Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այս ենթադրյալ հուշագրի հետ կապվող զարգացումները որակում է՝ որպես «իշխանության կապիտուլյացիոն քաղաքականության շարունակություն»։

«Եթե իշխանությունն իրականացնում էր ու շարունակում է իրականացնել կապիտուլյացիա, ապա ընդդիմությունը պետք է իրականացնի հրատապ մոբիլիզացիա, այսինքն` ողջ ժողովուրդը պիտի դառնա ընդդիմություն այս իշխանությանը, որովհետև չգիտենք՝ Խորհրդային Հայաստանի 29 000 քկմ–ից, որը նաև մեր Հայաստանի տարածքն է, ինչքանն է մնացել»։

Թեմայի շուրջ իշխող քաղաքական ուժից խոսեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Սահմանների կոորդինատներին չի անդրադառնում, բայց նման փաստաթղթի գոյությունը կասկածի տակ դրեց։

«Ամեն մեկը կարող է իր աշխատասենյակում կազմել 300 հատ այդպիսի փաստաթուղթ: A4 ֆորմատի թղթի վրա համակարգչով հավաքած տեքստ է, որի մեջ ինչ ասես՝ գրում են և հետո տարածում որպես հարյուր տոկոս ճշմարտություն»,-նշում է Գաբրիելյանը:

Քարտեզագիր Շահեն Շահինյանը մանրամասնում է՝ պետությունների ՄԱԿ-ի անդամակցումը չի ֆիքսում նրանց սահմանները և դրանք չեն դառնում միջազգայնորեն ճանաչված։ «Սահմանները ճանաչվում են երկկող կամ բազմակողմ միջազգային պայմանագրերով և այլ փաստաթղթերով, որոնց ստորագրումից և բոլոր կողմերի վավերացումից հետո ֆիքսվում է երկրի պետական սահմանը և դառնում ճանաչված։ Քանի չկա ստորագրված փաստաթուղթ չկա ճանաչված սահման։ ՀՀ Միջազգայնորեն ճանաչված պետական սահման արտահայտությունը չունի ոչ մի հիմք»,–ասում է քարտեզագիրը։ Ըստ Շահինյանի՝ ներկա պահին հիմք են ընդունվում քարտեզներ, որոնք հիմնված չեն ոչ մի միջպետական պայմանագրի վրա:

Back to top button