

ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր նշում է ծննդյան 80-ամյակը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ շնորհավորելու Վարպետին հոբելյանի առթիվ:
«Հայկական բալետային արվեստում անուրանալի են Ձեր դերն ու ազդեցությունը, նվիրումն ու վաստակը: Շնորհակալ ենք Ձեզ մշակութային բեղուն գործունեության և մեծ ավանդի համար»,- նորհավորելով հոբելյարին ասել է նախարար Դումանյանը։
Ի նշանավորումն Վիլեն Գալստյան արտիստի 80-ամյա հոբելյանի՝ ցուցադրվել է նրա կենսագործունեությունն ամփոփող տեսաֆիլմ, որում, ինչպես Վարպետն է բնորոշում՝ «Բալետի մասին չի կարելի խոսել, այն պետք է նայել, վայելել, զգալ»:
Վարպետն ընդգծել է՝ բալետից գեղեցիկ ոչինչ չկա: Վիլեն Գալստյանը բեմում է արդեն 65 տարի: Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բալետի երիտասարդ արտիստը նույն թվականին բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև՝ 1961 թ.-ից՝ Երևանի թատրոնում:


Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել նաև Մոսկվայի «Բոլշոյ», Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր թատրոններում: Ավելին՝ նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) և այլն: Ժամանակին եղել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում էլ ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, մինչ այդ՝ 1979 թ.-ից, 5 տարի եղել է Երևանի օպերային թատրոնի բալետմայստերը, իսկ դրանից առաջ նույն պաշտոնը վարել է նաև 1972-75 թթ. և 1977-79 թթ.:
2014 թ.-ից դարձյալ հրավիրվել է Օպերային թատրոն՝ իբրև գլխավոր բալետմայստեր: Վիլեն Գալստյանի կերտած Սպարտակը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակում», Ալբերտը՝ Ադանի «Ժիզելում», Արմենը՝ Խաչատրյանի «Գայանեում», Կոմիտասը՝ «Անտունիում», Դավիթը՝ «Սասունցի Դավիթում», Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետում», հայ բալետային արվեստի բացառիկ նմուշներից են:
Սակայն «Գայանեի» մասին Վիլեն Գալստյանն առանձին սիրով է խոսում՝ նշելով, որ ինքն է ծնունդ տվել այդ ներկայացմանը: Վիլեն Գալստյանի բալետային արվեստով օտարազգի հանդիսատեսը հիացել է Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում: