ԿարևորՀասարակություն

www-ով առևտուրն աճում է․ պատճառներ, կանոններ, հարկեր

Հնադարում մարդը կարող էր հոգալ իր կարիքները, բայց նախընտրեց ստրուկ պահել։ Ինքդ քո մասին հոգ տանելով ոչ ոքի չէիր զարմացնի։ Ստրուկ պահելն ավելի թանկ էր, ծառայություն ստանալու ցանկությունը՝ ավելի մեծ։ Դա էր մոդայիկ։

Մեր օրերում շատ բան չի փոխվել․ ինչ-որ բան ցուցադրելու մարդու ցանկությունը հաստատուն է, եղանակները՝ փոքր ինչ այլ։ Օրինակ՝ ոչ թե գնալ ոսկու շուկա և գնել ինչ-որ իր՝ ի ցույց դնելով փողդ, այլ չգնալ ոսկու շուկա և գնել նույն իրը՝ ի ցույց դնելով կարողությունդ․ սոցիոլոգի մասնագիտական դիտարկումն է։  Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը օն-լայն առևտուր անելու, ծառայություն պատվիրելու՝ գնալով տարածվող պրակտիկան դիտարկում է ինչ-որ մեկին ինչ-որ բան ցուցադրելու, սեփական անձը կարևորելու ցանկության դրսևորում։

«Սպառողականությունը այսօր, համընկնելով տեղեկատվական ժամանակահատվածի և տեղեկատվածական հարթակներում գնելու– վաճառելու կարողությունների հետ, դարձավ շատ հարմարավետ մշակույթ շատերի համար, և մարդիկ նախընտրեցին տնից պատվիրել սպառողականություն՝ էլ ավելի ճոխ տեսանկյունից»։

Սպառողական վարքագիծը շարունակ փոխվում է, վերջին շրջանում՝ հատկապես արագ․ առևտուրն ավելի շատ է տեղափոխվում օն-լայն հարթակ։ Հիմնական պատճառը՝ ցուցադրականություն, հարմարավետություն, ժամանակ խնայելու, սեփական կարևորությունը ընդգծելու ցանկություն․ կարծում է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբոինի ղեկավարը։ Սպառողական վարքագծի վրա պակաս չազդեցին նաև արտաքին ազդակները, կորոնավիրուսն ու պարտադրված մեկուսացումը մարդուն ավելի շատ մղեցին դեպի առցանց առևտուր։ Թե առևտրաշրջանառության ո՞ր տոկոսն է ներկայում բաժին ընկնում օնլայն առևտրին, ու որքանով են այս թվերը փոխվել վերջին մեկ տարում՝ պաշտոնապես չի հաշվարկվել։ Բայց ՊԵԿ-ի «խոշորացույցն» աշխատում է համացանցում․ օն-լայն առևտրով զբաղվողների համար թերևս աննկատ՝ համապատասխան վարչության աշխատակիցները քաղաքացիների դիտարկումներով ու օպերատիվ տվյալներով հետևում են՝ տվյալ բիզնեսն արդյոք արդեն հարկման դաշտում է։

«Սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող առևտուրը հարկվում է նույն ընթացակարգերով, ինչպես այլ վայրերում իրականացվողը։ Երկու դեպքում էլ հարկվող օբյեկտները և դրանց նկատմամբ կիրառվող հարկի դրույքաչափերը նույնն են»,-պետեկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Նազարբեկյանը վստահեցնում է՝ ֆեյսբուքում, ինսթագրամում, կրպակում, թե պահեստում իրականացվող առևտուրը հարկման նույն մեխանիզմն ունի․

«Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց իրացման տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը, ազատված են հարկերից, բացառությամբ անհատ ձեռնարկատիրոջ համար ամսական 5000 դրամ վճարը»։

Տարեկան մինչև 115 միլիոն դրամ իրացման շրջանառության դեպքում հարկման դրույքաչափը 1,5- 5 տոկոս է, իսկ 115 միլիոնը գերազանցող շրջանառության դեպքում՝ 4-10 տոկոս։ Սակայն, անկախ շրջանառության, համապատասխանաբար նաև՝ հարկման չափից, մի պայման պարտադիր է բոլորի համար․

«Այն դեպքում, երբ անձն արտադրությամբ է զբաղվում, շահույթ ստանալու նպատակ է հետապնդում, ռիսկ է դնում այդ գործունեության մեջ՝ կլինի առևտուր, արտադրություն կամ այլ ոլորտ, նախապես՝ մինչև գործունեություն իրականացնելը, օրենքի պահանջն է, որ պետք է ունենա պետական գրանցում»,–նշում է ՊԵԿ ներկայացուցիչը։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանը հարկերի նկատմամբ մեր հայրենակիցների պատասխանատվությունը բավարար է համարում, ասում է՝ հարկ վճարելու մշակույթը դժվարությամբ, բայց զարգացել է։ Իսկ օն-լայն առևտրի դաշտում ռիսկերից խուսափելու համար պետական համակարգը դեռ անելիք ունի․

«Բնականաբար, պետք է բարելավվի հարկային վերահսկողության գործիքակազմը, որովհետև եթե այդ քանակները սկսեն աճել, եթե շատ տարբեր մարդիկ սկսեն այդպես վաճառել, ու դրա մասին ոչ ոք չիմանա, բացի հարկային խնդիրներից՝ նաև անհավասար մրցակցություն կառաջանա»,– տնտեսագետի համոզմունքն է։

Ամեն դեպքում օն-լայն առևտուրը հարմար է ոչ միայն գնորդի, այլև վաճառողի համար։ Տնտեսագետ Մակարյանը և սոցիոլոգ Աթանեսյանը թվարկում են պատճառները, որոնցով պայմանավորված՝ վաճառողն ընտրում է օնլայնը՝ ֆիզիկականի փոխարեն․ արագություն, մարքեթինգային հնարքների կիրառման ավելի լայն ու մատչելի հնարավորություն, վարձակալության, կոմունալ և այլ ծախսերի բացակայություն։

23-ամյա Էլինայի առաջարկած ապրանքները գնելու հասցեն նախ սկսվում էր «www»-ով։ Հետո փոխարինվեց «ք․ Երևան, Իսահակյան փողով»-ով։ Առևտրի 2 տարբերակների տարբերությունը լավ է պատկերացնում։ Օն-լայն առևտրի դեպքում, օրինակ, ստիպված չէր խանութը բացել ամեն օր՝ ժամը 10-ին, աշխատավայր հասնելու համար բավական էր միացնել համակարգիչը։ Սակայն պատմում է նաև հակառակ կողմի մասին․

«Առաքման խնդիր կար, հարմար չէր լինում վերցնել, գրում էին էն ժամանակ, երբ էդ օրվա առաքումը վերջացած էր լինում, կամ ուզում էին տեսնել, տեղում ընտրել, իսկ տեսականին շատ մեծ էր, հնարավոր չէր բոլորը տանել»։

Էլինայի խանութը 3 օր է՝ ինչ «ֆիզիկական» է, փաստաթղթային հարցերն անսովոր են, բայց եթե օրենքը պահանջում է՝ այլ տարբերակ չկա։ ՊԵԿ ներկայացուցչի արձագանքը․

«Ցավոք, հարկային օրենսդրությունը չի նախատեսում նման դեպք, որ ինչ–որ փորձաշրջան, ժամանակ տրվի անձին, որ նա հասկանա՝ կարո՞ղ է բիզնես անել, թե ոչ, հետո միայն պետական գրանցում ունենա։ Այս իմաստով օրենքի պարտադիր պահանջ է, որ մինչև գործունեություն իրականացնելը պետք է պարտադիր գրանցում ունենալ»։

Չգրանցված օն-լայն առևտուրը ենթադրում է վարչական, իսկ եթե ապօրինի գործունեության ընթացքում պետությանը հասցված վնասը 500.000 դրամ և ավելի է, նաև՝ քրեական պատասխանատվություն։
Օրինական, երբեմն խախտումներով, ՊԵԿ–ի աչքի առաջ կամ գուցե դեռ գաղտնի՝ օնլայն առևտուրը շարունակում է զարգանալ՝ առաջացնելով հարց՝ գուցե մի օր կյանքն այնքան համացանցային դառնա, որ խանութ ու տաղավար այլևս չլինի՞։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյան․

«Միշտ լինում են մարգինալ սուբյեկտներ, ովքեր անում են հակառակը։ Եթե բոլորն անցնեն դեպի համացանց և սկսեն այդտեղ շփվել, առևտուր անել, ապրել օն-լայն կյանքով, ի հակառակ դրան՝ կգտնվեն մարդիկ, որոնք անգամ եթե նախկինում ամենաակտիվն էին սոցցանցում, դուրս կգան այնտեղից, կգնան գյուղ, կգնեն տուն, կսկսեն կարտոֆիլ ցանել, ձվածեղ սարքել բնական ձվից, նկարել ներկերով և ոչ թե համակարգչի մկնիկով։»

Այսպես կստեղծվի նոր մոդա, և շրջապտույտը կշարունակվի հավերժ։ Իսկ քանի դեռ նորաձևությունը և մարդու պահանջներն այս կետի վրա են, մնում է լարել ուշադրությունը՝ որ ձեզ չմոլորեցնեն օն-լայն առեւտրում, գործել օրենքի սահմաններում, խուսափել հնարավոր ռիսկերից և տնտեսական ստվեր ստեղծելու գայթակղությունից․ վերջինը պատժելի է։                   

Back to top button