ԿարևորՏնտեսական

0%-ով վարկ, պետական տուրքի վերադարձ․ կառավարությունը փորձում է օգնել գյուղացուն

Փետրվարի 11-ի նիստում կառավարությունը որոշում է ընդունել զրո տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր տրամադրելու մասին։ Անցյալ տարի նման վարկային ծրագիր գործել է տեխնիկա ձեռք բերելու համար։ Այժմ ծրագիրն ընդլայնվում է։ Գործադիրը որոշել է նաև վերադարձնել կոնյակի սպիրտ արտահանողների վճարած  պետական տուրքը։

Եվրոպայից Ռուսաստան, Ռուսաստանից՝ Հայաստան։ «Ռադիոլուր»–ի զրուցակիցը՝ Հովհաննես Գրիգորյանը, մեկ տարի առաջ վերադարձավ ծննդավայր՝ Արարատի մարզի Տափերական համայնք ու որոշեց գյուղատնտեսությամբ զբաղվել։ 2 հա այգին մշակելու համար տեխնիկա էր պետք գնել։ Վարկ վերցրեց տրակտոր գնելու համար։

Պատմում է․ «Դիմել էի վեց մլն դրամ ստանալու համար, այդքան էլ հաստատեցին։ Վարկը վերցրել եմ 6 տարով։ Երկու տոկոսը սուբսիդավորում էր կառավարությունը։ Երբ սկսվեց համավարակը, կառավարությունը աջակցության ծրագիր հաստատեց ու զրոյացրեց վարկիս տոկոսադրույքը»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դիտարկմամբ՝ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրն ամենապահանջվածն է։

Կառավարության  նիստում նա տեղեկացրեց, որ ծրագրի  մեկնարկից՝ 2018-ից մինչև 2020 թվականի դեկտեմբեր հաստատվել է   293 լիզինգի պայմանագրի հայտ։  Համավարակը գյուղացու հոգսը ծանրացրել էր, կառավարությունը որոշեց  մի քիչ թեթևացնել, ու գյուղտեխնիկա ձեռքբերելու նպատակով անցյալ տարի 0 տոկոսով վարկեր տրամադրեց։  Ծրագրի  շրջանակում ձեռք է բերվել 750միավոր սարքավորում, սուբսիդավորման գումարը կազմել է 266 մլն դրամ։

Գյուղտեխնիկայի հանրագումարը  450 միլիոնից դարձել է մինչև  1մլրդ դրամ։

Նախարարի խոսքով՝ նպատակը գյուղատնտեսության ոլորտի զարգացումն է։  Առաջիկայում ավելի մեծ ծրագրեր կիրականացնեն։

Լիզինգի ծրագրով, «ՓՄՁ ՈՒՎԿ»–ի աջակցությամբ,  Հրաչ Հովհաննիսյանը պատերազմից առաջ 14 մլն  դրամ վարկ էր վերցրել ։ Գումարով ձեռք է բերել տրակտոր, հակ հավաքող ու սեղմող սարք։ Այս տեխնիկայով Հրաչը նաև գումար է աշխատում՝ գյուղացիների հողն է հերկում։ Որոշել է այս անգամ էլ դիմել ծրագրին։ Ասում է․ «Ուզում եմ ձեռք բերել հող աղացող սարք։ Փնտրում եմ ՝ հասկանալու համար, թե որտեղ են դրանից վաճառում»։

2020թվականին աճ գրանցած երկու ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է՝ կառավարության նիստում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդհանուր առմամբ, 2020–ին  գյուղվարկերի քանակն ավելացել է։ Զուգահեռ նաև խնդիրներն են ավելացել․ «2020 թվականին մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել։ Օրինակ, 2018 թվականի համեմատ՝ 2020 թվականին տրված վարկերը 6 անգամ գերազանցել են։ Այսինքն, եթե 2018 թվականին 5782 վարկ է տրամադրվել, 2020-ին տրամադրվել է 36 հազար 608 վարկ։ Ընդ որում, 2020 թվականի գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատություններով, թե մենք գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք, ընդհանրապես ոչ մի բան չեն ստանում գյուղացիները»։

Կառավարությունը նիստում որոշեց մինչև տարեվերջ, պետական աջակցության ծրագրի շրջանակում,  երեքից  տասնհինգ  մլն դրամ գյուղատնտեսական վարկերը   գյուղացուն տրամադրել 0 տոկոս տոկոսադրույքով։           

Գործադիրը Կոնյակի սպիտ արտահանողներին էլ կաջակցի․ նրանց կվերադարձնի վճարած  պետական տուրքը։ 100հազար լիտրից ավելի սպիրտ  արտահանելու դեպքում յուրաքանչյուր լիտրի համար վճարվում է 100 դրամ։ Էկոնոմիկայի նախարարությունից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ նախնական հաշվարկով՝ աջակցությունից կօգտվի 15 կազմակերպություն, կվերադարձվի ավելի քան 900 մլն դրամ։

Back to top button