ԿարևորՀասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Սրբոց Վարդանանց տոնի առիթով

Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին նշում է նվիրական հիշատակը Սրբոց Վարդանանց:

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու  մեծագույն սրբերից են:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում ասվում է.

«Արդարև, Սուրբ Վարդանանք սոսկ պատմություն չեն, այլ ոգու վեհ ներկայություն մեր կյանքում: Հայ քրիստոնեական մեր ինքնությանը ոչինչ այդչափ ոգեշնչում չի պատճառում, որքան հավատքի և հայրենյաց սիրո նրանց վկայությունը:

Հինգերորդ դարում նրանք արիությամբ դիմակայեցին ահեղ փորձությանը՝ ունենալով վստահությունը, որ մեր ժողովուրդը առհավետ սիրով կապված պիտի մնա հայրենի իր երկրին և Քրիստոսի Սուրբ Անվանը, քանզի «երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք Դ 12):

Այսօր Սուրբ Վարդանանք դարերի հեռվից պատգամում են մեզ, որ Քրիստոսով զորացած և հայրենյաց սիրո ջերմ զգացումով քաջ ու արդյունավոր լինենք մեր սրբությունների ու արժեքների պաշտպանության և մեր հայրենիքի զորացման ու շենացման սրբազան մեր պարտքի ու պատասխանատվության մեջ:

Նրանց հիշատակը կոչում է, որ բազմապատկենք ու միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի, հանուն մեր իղձերի, հանուն մեր նահատակ զավակների, ովքեր Վարդանանց պայծառ ու անմահ ոգով մարտնչեցին և զոհվեցին Արցախի համար այս պատերազմում: Հայցում ենք առ Փրկիչ մեր Տերը, որ բարեխոսությամբ Սրբոց Վարդանանց, Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի մեր հայրենիքը, պահպանի մեր ժողովրդին սիրով միասնական, ամուր հույսով ու հավատքով և պարգևի մեր սրտերին հայրենաշեն ու ազգաշեն ձեռքբերումների ու հաղթանակների ուրախություններ»:

Ս. Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Back to top button