ԿարևորՀասարակություն

Մեկ ուղի, երկու տեր․Մարտակերտի ճանապարհը եռակի երկարել է

Մարտակերտ, Մադաղիս ցուցանակից այն կողմ  կա երկու ճանապարհ և մեկ ընտրություն։  Մադաղիսը, Թալիշը և Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր գրավված են։  Պատերազմից հետո Ստեփանակերտ–Մարտակերտ ճանապարհը երկարել է մոտ 3 անգամ։  Ասկերանի և Աղդամի միջով անցնող կարճ ու ուղիղ  ճանապարհի փոխարեն Մարտակերտ հասնում ենք ոլորապտույտ ճանապարհով 2 ու կես ժամում։  Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ասում է՝  Մարտակերտ-Ստեփանակերտ տրանսպորտային գիծն արդեն գործում է:

«Նոյեմբերի 9-ից հետո մարդիկ սկսել են վերադառնալ քաղաք։ Մշտական ջրի, գազի, փողոցների լուսավորման հարցը արդեն լուծված է, վերականգնել ենք։,-նշում է քաղաքապետը»

Մարտունու, Շուշիի, Հադրութի, Ասկերանի և Քաշաթաղի շրջաններից շուրջ 900 քաղաքացի ժամանակավոր բնակություն են հաստատել Մարտակերտում։ Այստեղ են  տեղափոխվել 40 ընտանիք Մադաղիսից, 5 ընտանիք՝ Թալիշից։ Քաղաքի գրեթե կեսն ավերվել է, պատմում է քաղաքապետը «Ռադիոլուրին»։

«Շատ ենք ուզում, որ այդ մարդիկ մնան էստեղ։ Ավերված տները կվերակառուցենք, կացարաններ կստեղծենք նրանց համար։,-ասում է Միշա Գյուրջյանը»

Պատերազմից հետո Մարտակերտի երկու դպրոցներում աշակերտների թիվը աճել է, միասին՝ 900 աշակերտ կա։

Մարտակերտի բնակիչ Ռուբեն Հարությունյանը հայրենի Մոխրաթաղ գյուղը կորցրել է առաջին արցախյան պատերազմի ժամանակ։ Հիշում է՝ 2000 կտորից բաղկացած գրադարան ուներ։ 44–օրյա պատերազմից հետո գիրք կարդալ չի կարողանում, կարևոր հարցերի պատասխաններն, ասում է, գրքերում չի գտնում․

«Ինձ միայն հիմա մեկ հարց է տանջում, ու՞ր ենք գնում, ո՞վ է մեզ տանում և որտե՞ղ է տանում»,-ասում է Ռուբեն Հարությունյանը։

Մարտակերտից Ստեփանակերտ տանող ճանապարհը կիսում ենք ադրբեջանցիների հետ։ Վերադարձը Ստեփանակերտ՝ ավելի երկար է տևում։ Շարժվում ենք ադրբեջանական «AZ Petrol»  գազադիզելային տասնյակ բեռնատարների հետևից։ Որքան օրը մթնում է, այնքան մեծանում է ճանապարհները շփոթելու վտանգը։ Պետք է լինել զգոն՝ չհայտնվելու համար հայրենիքի այն հատվածում, որտեղ ադրբեջանական դրոշներն են:

Back to top button