ԿարևորՔաղաքական

Հայ ռազմագերիների հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտներ ստեղծելն անթույլատրելի է․ ՀՀ ԱԳ նախարար

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների` ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը, անդրադարձ են կատարել Արցախում հումանիտար իրադրության և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը` ընդգծելով Ադրբեջանի կողմից այդ գործընթացում խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը։ Այս առնչությամբ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի իր գործընկերոջը հարցը օրակարգում մշտապես բարձր պահելու համար:

ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել եննաև երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի պատվիրակության վերջերս Հայաստան կատարած այցը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները տեղում քննարկելու համար, մտքեր են փոխանակվել այցի արդյունքներով ձեռնարկվելիք հետագա քայլերի շուրջ։

ԱԳ նախարարներ Այվազյանը և Լը Դրիանը կարևորել են տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների շարունակականությունը:

Back to top button