ԿարևորՀասարակություն

Ինչ է կատարվում Ներքին Խնձորեսկում

Մինչև պատերազմը՝ Ներքին Խնձորեսկը ադրբեջանական սահմանից հեռու էր 130 կիլոմետր, հիմա՝ 200 մետր։ Ներքին Խնձորեսկ թշնամու զորք չի մտել,բայց սահմանի որոշ հատվածներում  ադրբեջանցի զինվորականները առաջ են եկել։ Նրանց վրաններն անգամ գյուղի կենտրոնից են երևում։ Սահմանազատումն իրականացվել է GPS համակարգով, ու մեր որոշ հողատարածքներ մնացել են այն կողմում։ Համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը դիմել է մարզպետարան, որպեսզի սահմանազատման աշխատանքներն իրականացվեն ոչ թե GPS համակարգով, այլ քարտեզներով։

«Ես պահանջել եմ, որ Խնձորեսկի ու Ներքին Խնձորեսկի կադարաստրային քարտեզը բերեն։ Առաջիկա օրերին իրենցից մարդիկ կգան, մենք կգնանք ու ճշտումներ կանենք, որ պարզ լինի, թե ինչ է կատարվում: GPS-ը չի համապատասխանում մեր սահմանի հետ։ Մասնագետներն էլ թող գան, գնանք տեսնենք, թե սահմանում ինչ է կատարվում»,-ասում է Երվանդ Մալունցը:  

Երվանդ Մալունցը երկու գյուղի գյուղապետ է: Խնձորեսկում 460 ընտանիք է ապրում, Ներքին Խնձորեսկում՝ 36։ Պատերազմից հետո արցախցի 4 ընտանիք էլ է ավելացել։ Սահմանի այն կողմից թշնամին հաճախ է գոռում, թե Ղարաբաղը Ադրբեջանինն է։ Գյուղացիների համար վիճակն անսովոր է:

Մեր զրուցակիցներից մեկն ասում է՝ մենակ գյուղապետով հարց չի լուծվի: Նա սպասում է, որ խորհրդարանի պատգամավորներից մեկը գա գյուղ ու հարցնի՝ ժողովուրդ, ո՞նց եք ապրում: Մեկ ուրիշը չի թաքցնում, որ երբեմն վախենում են, ու եթե թշնամին ավելի մոտենա, գյուղից կգնան։

Գյուղապետ Երվանդ Մալունցը հասկանում է գյուղացիների մտահոգությունը: Ասում է. «Հին սերունդը տեսել է պատերազմը, իսկ նոր սերունդը միանգամից անակնկալի է եկել։ Թշնամին գա 200 մետրի վրա, դե, պարզ ա, որ մարդիկ ծանր կտանեն»։

Առաջին ընդհարումը անասնապահների հետ է եղել. ադրբեջանցիները պահանջել են այս տարածքում անասուն չարածեցնել։ Գյուղի արոտավայրերը ադրբեջանցիների աչքի առաջ են։ Գարունը շուտով կբացվի, բայց անասուններին արոտավայր տանել չեն կարող, իսկ գյուղում մի անասունը տուն է պահում։ Գյուղացիները դժգոհ են, մտահոգ: 

Մեկն ասում է. «Վարկ եմ վերցրել, ոչխար եմ առել, հիմա չգիտեմ՝ ինչ անեմ։ Ստիպված պտի ծախեմ։ Պարո՛ն Փաշինյան, դու չես կարում մի բան անես, գնա, ուրիշը գա, կանի»:

Մեկն էլ մտահոգված է, որ անասունը ուղղակի բնազդով կգնա իր սովոր արոտավայրը.

«Եթե անգամ որոշենք կենդանիներին բաց թողնել արոտին, կգնան ու կանցնեն սահմանը։ Չենք կարող անգամ մեր սեփական անսուններըհետ բերել»։

Սյունիքի շատ գյուղերի նման, Ներքին Խնձորեսկում էլ պատերազմի շրջանում ինքնապաշտպանական ջոկատ է կազմավորվել։ Հրամանատարը Սիմոն Բեգլարյանն է՝ երեք պատերազմի մասնակից։ Նա գյուղացիներին հորդորում է խուճապի չմատնվել. գյուղի սահմանները հսկում են ազատամարտիկները՝ զինված ուժերի հետ միասին։

«Ես, արդեն 30 տարի, զինվոր եմ: Ինձ համար կարևորը իմ սահմանների ամրություն է, վերևների հետ ես կապ չունեմ։ Իհարկե, ծանր է տեսնել ադրբեջանական դրոշը… այդ դրոշը ես տեսել եմ իմ դիմացից փախնելուց, իսկ հիմա տեսնում եմ սահմանին կանգնած», -ասում է Սիմոն Բեգլարյանը:

Նա մեզ ճանապարհում է՝ հուսադրելով. հանգի՛ստ եղեք, մենք այստեղ ենք։

Back to top button