ԿարևորՀասարակություն

Երրորդ փաստաթուղթ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ դեռ անհայտ փա՞ստ, թե՞ մանիպուլյացիա

ԱԺ–ում փոխվարչապետ Ավինյանի մակարդակով արված հայտարարությունից այսօր փորձում էին խուսափել իշխանական պատգամավորներն ու նախարարները։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտնի փաստաթղթերից զատ այլ հնարավոր պայմանավորվածության մասին է՝ Դավիթ Բեկ-Գորիս  ընդհանուր օգտագործման ճանապարհահատվածի մասով։ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր լրագրողներին հորդորել է սրան առնչվող հարցերն ուղղել ոչ թե իրեն, այլ հենց փոխվարչապետին, «նոյեմբերի 9-ի եւ հունվարի 10-ի փաստաթղթերից բացի այլ տեղեկություն չունեմ»՝ ասել է։ Ավինյանի հայտարարությունից հետո այսօր տարբեր մտահոգություններ են հնչել։

Նոյեմբերի 10-ի և հունվարի 10-ի եռակողմ հայտարարություններից բացի՝ ի՞նչ փաստաթուղթ կարող է գոյություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ կամ առանց դրա։ Հարցը երեկվանից հուզում է լայն շրջանակների, բայց ոչ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին։

ԱԺ-ում Տիգրան Ավինյանի ուշագրավ հայտարարությունից հետո նա չի փորձել ճշտել՝ ինչ բանավոր համաձայնության մասին է խոսել փոխվարչապետը։ Կառավարությունում լրագրողներին այսօր նա հորդորեց հարցն ուղղել ոչ թե իրեն, այլ՝ Ավինյանին։

 «Դուք հարցնում եք տեղյա՞կ եմ, թե ոչ, ես ասում եմ՝ տեղյակ չեմ»։

Բացառապես մեկ հարցի պատասխանելու պատրաստ նախարարը հստակեցնում է՝ տեղյակ է միայն նոյեմբերի և հունվարի եռակողմ հայտարարություններից։

Հնարավոր երրորդ փաստաթղթի կամ փաստաթղթի ուժ ունեցող պայմանավորվածության մասին խոսակցություններն ակտիվորեն սկսեցին շրջանառվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցից հետո։ ԱԺ-ում նրան պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝  փաստացի չհերքելով տարածվող լուրերը, բայց նաեւ շեշտելով՝ դրանք պետական գաղտնիք  են պարունակում։

Կարեն Սիմոնյան. «Պայմանագիրը, հուշագիրը, միջազգային փաստաթուղթը կարող են ունենալ գաղտնի բովանդակություն, բայց ինքնին պայմանագրի գոյության փաստը չի կարող լինել գաղտնի։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, բացի երկու հայտարարություններից, ունե՞ն այլ երրորդ փաստաթուղթ միմյանց միջև կնքված՝ առանց Ռուսաստանի միջնորդության, թե՝ ոչ»:

Տիգրան Ավինյան. «Առանց Ռուսաստանի միջնորդության որևէ փաստաթղթի մասին համենայնդեպս տեղեկացված չեմ, և բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ–Գորիս ընդհանուր օգտագործման հատվածի ճանապարհին, քանի որ այնտեղ վիճելի հատվածներով էր անցնում ճանապարհը։ Եւ դա, բացի ձեր նշած հայտարարություններից, ինձ հայտնի միակ պայմանավորվածությունն է»։

Ի՞նչ բանավոր պայմանավորվածության մասին է խոսքը․ սա արդեն փոխվարչապետը չի հանրայնացնում։ Եթե պատգամավորներին շատ է հետաքրքրում, հարցի քննարկումը կարող են կազմակերպել առանձին՝  հանձնաժողովներում՝ ասում է Ավինյանը։ Մինչդեռ նախորդիվ հնարավոր պայմանավորվածության մասին տեղեկություններ ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ Փետրվարի 9–ին նա գրել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի 6 կետանոց հուշագիր՝ Սյունիքի հատվածում ճանապարհի որոշ հատվածների համատեղ շահագործման մասին։ Գրառման մեջ ներկայացվում են կոորդինատներ, սկզբունքներ, սահմաններ, ուղեկալների տեղադրում կոնկրետ տարածքներում և այլն։  Ենթադրյալ փաստաթղթի նախաբանում, ըստ Բագրատյանի, գրված է՝

«Ի կատարումն 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված … հայտարարության…» Գորիս-Դավիթ Բեկ ու Կապան — Ճակատեն ճանապարհների անվտանգությունը ապահովելու համար կողմերը պայմանավորվում են..»։

Բագրատյանը գրել է, թե սահմանները որոշված են GPS-ով, որոնք չեն համապատասխանում իրական սահմանային քարտեզներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև։ Դրանք խախտված են ի վնաս հայկական կողմի։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, իմքայլական Հովհաննես Իգիթյանն աշխատում է շրջանցել այս հարցը։

Թեև երեկ Աժ–ում հնչել են պատասխաններ, բայց խորհրդարանական մեծամասնության պատգամավորը դրանք բավարար չի համարում։

-Կներեք, ես «իգնոռ» կանեմ այն հարցերը, որոնք կհամարեմ․․․ ես «ըստ էության ստորագրել» բառը չգիտեմ, այդ տեղեկությունները չունեմ։ Եթե դուք ունեք, ես եմ ձեզ հարցով դիմում։  Ես զգացի, որ դուք շատ ավելի տեղեկություններ ունեք։

-Դուք կարո՞ղ եք վստահեցնել, որ որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել։

-Դուք ինձ հարց եք տալիս, ես փաստեր չունեմ։

Օրվա ընթացքում ԱԺ–ում հնչել են այլ մտահոգություններ եւս՝ կապված հետպատերազմական հարցերի հետ։ Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն արտաքին քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին է պնդում, մինչդեռ արտգործնախարար Արա Այվազյանը համոզված է՝ իր ղեկավարած գերատեսչությանը հաջողվում է լուծել մարտահրավերները։

Թեմայի մասով ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզաբանեցին՝ դեռևս 2020թ. դեկտեմբերի 19-ին հաղորդագրություն էր տարածվել, որում մասնավորապես նշված էր.

«1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։

2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ 

3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:

Այսպիսով, վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև։

Back to top button