ԿարևորՀասարակություն

Բարեփոխումներ 5 տարում՝ 4 ոլորտում․ ի՞նչ է խոստանում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության վավերացված համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից։ Որոշ գնահատականներով՝ այն նոր մակարդակի կբարձրացնի ԵՄ-Հայաստան գործընկերությունը։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման բարդ ու երկար ուղին ավարտվեց։ Այն ստորագրվել էր 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում։ Համաձայնագրով նախանշված անելիքները կյանքի կոչելու ճանապարհային քարտեզի մշակումն ու իրականացումը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանատվությանն է դրված։ Գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը «Ռադիոլուրին» ասաց.

«Համաձայնագիրը ենթադրում է մի շարք, գրեթե բոլոր ոլորտներում համագործակցություն և բարեփոխումներ։ Մեկ բառով կարելի է ասել, որ համաձայնագիրը ենթադրում է բարեփոխումների օրակարգ։ Ենթադրվում են այդ բոլոր ոլորտներում բարեփոխումներ, այդ թվում՝ եվրոպական չափորոշիչների ներմուծում մեր օրենսդրության մեջ, ենթակառուցվածքներում, ինստիտուտներում ու առօրյա կյանքում»։

Համաձայնագրով կուռ իրավական հիմք է ստեղծվում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած արդարադատությունից մինչև անվտանգություն ու տնտեսություն, գյուղատնտեսություն ու ենթակառուցվածքներ, շրջակա միջավայր, կլիմա, կրթություն և գիտություն, մշակույթ, առողջապահություն և այլն։ Համաձայնագրի շուրջ 80 տոկոսը ուժի մեջ էր մտել 2018 թվականին։

«Այն հատվածը, որը մարտի մեկից ուժի մեջ կմտնի, այդ համաձայնագրի 20 տոկոսն է և վերաբերում է ՏՏ ոլորտում համագործակցությանը, աշխատանքի իրավունքի և սոցիալական պաշտպանությանը, առողջապահությանը և այլն։ Եվ մենք կունենանք գործողությունների ամբողջական ծրագիր, որով առաջիկա մի քանի տարում նախատեսում ենք իրականացնել քայլեր»։ 

Այդ առումով ե՞րբ կարելի է ակնկալել կոնկրետ արդյունքներ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը նկատեց, որ տարբեր ոլորտներում իրականացվելիք միջոցառումները տարբեր ժամկետեր են պահանջում։

«Եթե համակարգային դիտարկենք, կարելի է ասել, տարբեր հրահանգներ և կանոնակարգեր պետք է ՀՀ-ի կողմից մոտարկվեն ԵՄ ստանդարտներին մոտավորապես 5 տարում։ Այսինքն՝ ամեն ոլորտում այդ միջոցառումներն իրականացնելուց հետո մենք կարող ենք խոսել տվյալ ոլորտի արդյունքի մասին»։

Ուշագրավ է, որ ՀԸԳՀ փաստաթղթում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը՝ խաղաղ կարգավորմամբ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Բայց սա թերևս արդեն ժամանակավրեպ դրույթ է, ու խնդրի լուծումն արդեն այլ փաստաթղթերի կարգավորմանն է մնացել։

Back to top button