ԿարևորՀասարակություն

Պատերազմը «խմբագրեց» աջակցության ծրագիրը. մրցույթում հաղթել են, բայց գումարը չեն ստացել

Կորոնավիրուսի համավարակի օրերին գործադիրը որոշեց աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին։ Ծրագրերից մեկով կառավարությունը նրանց դրամաշնորհներ էր առաջարկում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հայտերը ստացել են,մրցույթն անցկացրել,սակայն,գումարը ընկերություններին դեռ չի հասել։

«Expper Technologies» ընկերությունում «Ռադիոլուրին» պատմել են, թե ինչպես են ծախսելու դեռ չստացած 20 մլն դրամը։ Ոլորտի պատասխանատուն խոստացել է՝ ծրագրի վերագործարկման հարցը կներառվի կառավարության առաջիկա նիստում։  

Հայկական Ռոբին ռոբոտը դարձել է հայաստանյան ու ամերիկյան մանկական հիվանդանոցների սիրելին, աշխատակիցն ու բարեկամը։ Ռոբինն ունի էմոցիաներ,սրտացավ է ու զգացմունքային։ Միայն թե նրա սիրտն էլեկտրոնային է։ Ռոբինն արհեստական բանականության օգնությամբ խոսում է, զրուցում երեխաների հետ։ Երևանի երկու հիվանդանոցում Ռոբինն օգնում է բժիշկներին,  երեխաներին հորդորում է խմել դեղերը, հազար ու մի հարցեր տալիս։  Ռոբինը  կարող է փոքրիկին համոզել չվախենալ ատամնաբույժից․

«Ես շատ կուզեի գնալ ատամբանույժի մոտ։Ինձ շատ հետաքրքիր է։Ես այստեղ կարող եմ բուժել իմ ատամները»:

2020թվականին Ռոբին  ռոբոտը հայտնվեց «Ֆորբս» ամսագրի ուշադրության կենտրոնում։ Համավարակի օրերին հայկական Ռոբինը ամերիկացի բժիշկների փոխարեն մտավ հիվանդասենյակներ ու խոսեց երեխաների հետ։

«Expper Technologies» ընկերության համահիմնադիր տնօրեն Կարեն Խաչիկյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ առաջիկայում Ռոբինը կդառնա տարեցների խնամքի կենտրոնի «բնակիչ»․ «Համավարակի ընթացքում տարեցները մեկուսացել են,նրանք հաղորդակցման խնդիրներ ունեն։Ռոբինի միջոցով հնարավոր կլինի շփվել տարեցների հետ,նրանց դեղերն ընդունելու ժամերը հիշեցնել»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 185 ընկերություններից մի մասը ֆինանսական, մյուսն էլ կադրային խնդիրներ ունեն։ Ընկերությունների 74 տոկոսը պատրաստ է նոր արտադրանք ստեղծել, վերամասնագիտացվել ու  ներդրումներ կատարել, բայց գումար  չունի։  Համավարակի օրերին կառավարությունը հայտարարեց  ՏՏ ոլորտին աջակցելու ծրագրի մասին։ Որոշեց դրամաշնորհ տրամադրել․ 10.0 մլն դրամ՝ նորարարական գաղափարների, 20 մլն՝ կայացած ընկերությունների ընդլայնման համար։ Նախատեսված էր նաև 100% համաֆինանսավորման դրամաշնորհ՝ նոր պրոդուկտ մշակելու նպատակով։

«Expper Technologies» ընկերությունը դիմեց ծրագրին, շահեց ու դեռ գումարին է սպասում։ Ընկերության համահիմնադիր, տնօրեն Կարեն Խաչիկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ անգամ պայմանագիրը կնքված չէ։ 

«Մենք պայմանագրերի ստորագրման փուլում էինք, երբ սկսվեց պատերազմը,կարծես թե ծրագիրը սառեցվեց։ Անընդհատ նամակներ ենք ստանում,որ շուտով կսկսվի պայմանագրերի կնքման գործընթացը։20մլն դրամով մենք Ռոբին կարտադրենք ու կարտահանենք։ Բացի այդ, կիրականացնենք մեր հիմնական նպատակը՝հայաստանյան հիվանդանոցներ կտանենք»,- ասաց Խաչիկյանը։

Նախարար Արշակյանի պարզաբանմամբ՝ պայմանագրերը կնքելուն պատերազմը խանգարեց։ Հենց այդ փուլում ծրագիրը կանգ առավ, բայց շուտով  կվերագործարկվի։    

«Կառավարությունն առաջիկա նիստին կքննարկի ծրագրի վերագործարկման հարցը,և հաղթող ընկերություններին կտրամադրենք գումարը»։

Դրամաշնորհային այս ծրագրի համար 290-ից ավելի հայտ է ստացվել, հաղթել է 60 ընկերություն։ Տարբեր ոլորտներ են ներառում՝ ռազմարդյունաբերությունից մինչև նորարարական գյուղատնտեսական լուծումներ։

Կարդացեք նաև
Close
Back to top button