ԿարևորՀասարակություն

Մոբիլիզացիոն ռեսուրսի զինծառայողների վճարների խնդիրը մինչև մարտի 1-ը կլուծվի

Պաշտպանության նախարարությունը մինչև մարտի 1-ն ամբողջությամբ կլուծի մոբիլիզացիոն ռեսուրսի զինծառայողների վճարների խնդիրը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

«Առ այսօր չի վճարվել մոբռեսուրսների 3-4 տոկոսը»,- ասաց նախարարը։

Նա նաև ներկայացրեց պատճառները, որ կապված են հաշվառման խնդրի հետ, քանի որ մարդիկ կա՛մ չեն ներկայացրել անձնական տվյալները, կա՛մ դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել:

«Բնական է՝ այստեղ հաշվառման հարց է առաջանում: Այդ գործընթացը գնում է, և մենք համարում ենք, որ մինչև մարտի 1-ը այդ հաշվառման խնդիրները կլուծենք և կվճարենք»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ խնդրահարույց է, երբ մարդը կամավոր գնացել է, զորամասում չի գրանցվել: Ըստ Հարությունյանի՝ որպեսզի այդ վճարումներն իրականացվեն, պահանջվում է՝ զորամասում, որտեղ նրանք եղել են, ներկայացնեն տվյալներ, և ըստ այդմ՝ կիրականացվեն վճարումները:

Back to top button