ԿարևորՀասարակություն

Հայտնաբերվել են գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ. ԱՆ

2021թ.-ին գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, բոկավիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից, նաև հիշեցնում են, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում` սեզոնային գրիպի կանխարգելումը:

«ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով` անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65-ից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
 

Back to top button