ԿարևորՀասարակություն

Եկեղեցին այն կարևոր օղակն է, որը մշտապես կապել է ժողովրդի տարբեր շերտերին. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հանդիպում է ունեցել Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ: Նա Սրբազան հորը և թեմի հոգևոր հայրերին շնորհավորել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող Սուրբ Ղևոնդյանց քահանայական տոնի կապակցությամ՝ կարևորելով հայ առաքելական եկեղեցու դերը երկրի հոգևոր-մշակութային կյանքում:

«Բազմիցս առիթներ են եղել ասելու՝ եկեղեցին այն կարևոր օղակն է, որը մշտապես կապել է ժողովրդի տարբեր շերտերին: Մարզային, համայնքային իշխանությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցությունը միայն մեկ նպատակ ունի՝ նպաստել հոգևոր մշակույթի զարգացմանը և գործել ի շահ Լոռու մարզի և լոռեցի հավատացյալների», — նշել է Արամ Խաչատրյանը:

Մարզպետը նաև առանձնակի կարևորեց փորձություններով հարուստ այս ժամանակաշրջանում եկեղեցու և հոգևոր դասի դերակատարությունը:

«Ձեր աջակցությունն այսօր մեր ժողովրդին անհրաժեշտ է առավել քան երբևէ: Ինքս պատերազմի ընթացքում բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է հոգևորականը զինվորին հավասար պայքարել մարտի դաշտում: Ձեր ջանքերը գովեստի ու բարձր գնահատանքի են արժանի», — ասել է մարզի ղեկավարը:

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն իր հերթին վստահեցրել է՝ որպես թեմի առաջնորդ՝ պատրաստ է շարունակել սկսված բոլոր ողջունելի նախաձեռնությունները, որոնք միտված կլինեն լոռեցիների բարօրությանը: Իսկ գնահատված լինելը, ջերմ մթնոլորտում աշխատելն ավելի է պարտավորեցնում և ստիպում աշխատանքը շարունակել եռանդով:

Back to top button