ԿարևորՎերլուծական

Արցախի սուբյեկտայնության պահպանումը՝ նոր ասելիք քաղաքական օրակարգում

Արցախի օրակարգում այսօր տակտիկական ու մարտավարական փոփոխություններն են։ Այս մասին Ռադիոլուրին տված հարցազրույցում նշել էր Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ Արցախի արտաքին քաղաքականության առջեւ այսօր նոր պահանջներ են, եւ Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն առաջնային է։ Դավիթ Բաբայանը նաեւ հստակեցրել էր, որ Արցախի սուբյեկտայնության պահպանումը պետք չէ նույնականացնել Արցախի կարգավիճակի հետ։

Ի՞նչ է ենթադրում «աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը», եւ ո՞րն է առաջնահերթը ներկայիս իրողություններում:

Արցախի կարգավիճակի ճանաչման այլընտրանք այս պահի դրությամբ, որպես այդպիսին, գոյություն չունի՝ «Ռադիոլուրին» ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ օրերս արած ձեւակերպմանն այն մասին, որ Արցախի օրակարգում այսօր տակտիկական ու մարտավարական փոփոխություններ են ու առաջնահերթորեն՝ Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։

Սուրեն Սարգսյանն իր դիտարկումն ունի՝ ինչպես հասնել դրան։ Սա, ամեն դեպքում, Արցախի կարգավիճակի ճանաչման այլընտրանքը չէ՝ ասաց.

«Այսինքն՝ Արցախի միջազգային ճանաչումը պետք է հնարավորինս արագ դարձնել արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Բնականաբար, այստեղ խոսքը վերաբերում է ո՛չ միայն Հայաստանի կողմից ճանաչմանը, որովհետեւ այս պատերազմի հետեւանքով տվեցինք այն ամենը, ինչ-որ կարող էինք տալ, կամ՝ գոնե, տվեցինք այն, ինչ-որ պետք է տայինք, եւ նաեւ այն, ինչ-որ չպետք է տայինք, բայց դրա դիմաց դեռ որեւէ բան չենք ստացել։ Իսկ միակ բանը, որ մենք կարող ենք ստանալ, Արցախի ճանաչումն է։ Սա էլ հենց Արցախի սուբյեկտայնության բարձրացման միակ երաշխիքն է»։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրին» ասել էր՝ սուբյեկտայնությունը ու մեր՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի պահպանումը պետք չէ նույնացնել կարգավիճակի հետ։ Իհարկե, կարգավիճակի ճանաչման համար պետք է պայքարենք, բայց եթե մենք պահպանում ենք սուբյեկտայնությունը, անկախ նրանից՝ ճանաչված ենք, թե ոչ, մենք լինելու  ենք գործոն։ Հիմա և տեսանելի ապագայում մենք կլինենք դե ֆակտո ինքնակառավարվող անկախ երկիր՝ բացատրել էր Բաբայանը։

«Կան նոր պահանջներ, որոնք, փաստորեն, դրված են մեր արտաքին քաղաքականության առջեւ։ Ամենակարեւորը հիմա այն է, որպեսզի մենք պահպանենք Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը. որպես գործոն մենք մնանք եւ մեր դերակատարությունը ունենանք։ Սա ե՛ւ արտաքին քաղաքական գերնպատակ է, ինչպես նաեւ պետականաշինության՝ առհասարակ»։

Արցախի նախկին արտգործնախարարի խորհրդական, քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը, սակայն, կարծում է՝ այսօր նախ պետք է մտածել Արցախը էթնիկ հայկական պահելու մասին, հետո՝ այն հայկական պետականության ներքո բերելու, որից հետո՝ միայն տարածաշրջանային դերի մասին։

Այս հարցերը հաջող լուծելուց հետո է միայն հնարավոր մտածել այլ բաների մասին՝ ասաց Հրաչյա Արզումանյանը։

«Հիմա դիվանագիտական ասպարեզում փորձում են վերականգնել Մինսկի գործընթացը՝ վերականգնել դիսկուսիաներն Արցախի ստատուսի մասին։ Այսօր պետք է խոսել Արցախի ստատուսի մասին՝  հետ բերել ստատուսի հարցը»։  

Միջազգային հանրության աջակցությամբ, միջազգային հանրությանը ճշգրիտ ներկայացնելով իրողությունը՝ պետք է հասնել միջազգային խոշոր խաղացողների կողմից Արցախի անկախության ճանաչմանը՝  իր հերթին շեշտեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button