ԿարևորՀասարակություն

Ապագայի փողի արժեքն այսօր․ 1 բիթքոին = բնակարան Երևանում

Այն «թափանցիկ» է, բայց ոսկեգույն․ այսօր մեկ միավորն արժե շուրջ 48 000 դոլար, մինչդեռ ընդամենը 8 տարի առաջ՝ ընդամենը 10 դոլար էչ։ Ինչ կարժենա բիթքոինը վաղը՝ կանխատեսելը նույնքան բարդ է, որքան դրանով հարստանալու վրա հույս դնելը:

 «Ես ինչ–որ բիթքոին քանակ պահում եմ, բայց ամբողջությամբ չեմ վստահում, քանի որ այսօր կարող ես միլիոնատեր լինել, վաղը շատ վատ վիճակում հայտնվել»,- ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, երբ հարցնում ենք վերջին օրերին բիթքոինի արժեքի տատանումների մասին։

Առհասարակ, ի՞նչ է բիթքոինը, որի մեկ միավորն այսօր արժե այնքան, որքան 2-3 սենյականոց բնակարանը Երևանում․ բացատրում է «Nooor բլոքչեյնի հայկական ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Վիգեն Առուշանյանը․

«Կարելի է ասել՝ բիթքոինը փողի նոր տեսակ է կամ ապակենտրոնացված փողի տեսակ է, որն, ի տարբերություն մնացած բոլոր փողերի, որոնք թողարկվում են կենտրոնական բանկերի, կառավարությունների կողմից, կենտրոնական որևէ մարմին չունի, և չկա որևէ մեկը, որը թելադրում է բիթքոինի թողարկման քանակը և այլն»,– ասում է Վիգեն Առուշանյանը։

«Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Սիփան Մուսախանյանը, բիթքոինի մասին լսեց մի քանի տարի առաջ, ուսումնասիրեց՝ ինչքան հնարավոր է, վիդեոդասեր, տեսահոլովակներ  նայեց ու ինքն իրեն համոզեց՝ այս ոսկեգույն անտեսանելի երևույթն ապագայի փողն է։ Այսօր արդեն Սիփանը հատուկ հավելվածների միջոցով օրվա ընթացքում մի քանի անգամ հետևում է բիթքոինի արժեքի տատանումներին ու որսում ամենաշահավետ պահը գործարք անելու համար։

«Կան հավելվածներ, որոնց կարող եմ հանձնարարություն տալ, և երբ արժեքն իջնի կամ բարձրանա, ինձ հաղորդագրություն կգա։ Ես էլ հետևում եմ ու, երբ արժեքն իջնում է, գնում եմ»,– ասում է Սիփան Մուսախանյանը։

Բիթքոինի արժեքի տատանումներն անկանխատեսելի են։ Դրա արժեքի վայրիվերումներն էլ պակաս ուշագրավ չեն։ Եթե 2013թ սկզբին այն արժեր մոտ 10-15 դոլար, ապա նույն թվականի վերջին գինը հասավ ընդհուպ մինչեւ1163 դոլարի: Հաջորդ 18 ամսվա ընթացքում բիթքոյնի գինն իջավ մինչև 200 դոլարի: 2017թ վերջին բիթքոինի գինը հատեց արդեն հասավ 20000 դոլարի սահմանը: Մինչ ֆինանսական ոլորտի մասնագետները կհասցնեին դիտարկել վիճակագրությունը՝ այս օրերին գրանցվեց թվային արժույթի՝ իր պատմության մեջ ամենաբարձ գինը՝ մեկ միավորը՝ 48000 դոլարի։

«Վերջին շրջանում արժեքն աճում է, քանի որ որոշ խոշոր կազմակերպություններ, օրինակ Տեսլան, ներդրումներ արեցին, և հիմա իրենք իրենց փողերը պահում են բիթքոինով։ Տեսլան վերջերս գնեց 1.5 միլիարդի բիթքոին։ Պարզ է, որ արդյունքում պահանջարկն ու վստահությունը աճում են, քանի որ մարդիկ տեսնում են, որ նույնիսկ մեծ կազմակերպություններն են իրենց փողերը պահում բիթքոինով»,– ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Կրիպտոարժույթը՝ այդ թվում բիթքոյնը, գնալով ավելի շատ է մտնում մեր առօրյա։ Առաջիկայում հնարավոր է՝ իր սեփական կրիպտոարժույթն ունենա նաև Facebook-ը։ Հայկական իրականության մեջ բիթքոինի շրջանառությունն աճի միտում ունի, բայց դրա մասին դեռ շատ բան չգիտեն․ խնդիրը նաև հոգեբանական կողմ ունի․ քանի դեռ փողը չես շոշափում, դժվար է այն հուսալի համարել։

«Տեխնիկապես բիթքոինի տեր կարող է լինել ցանկացած ոք՝ անկախ տարիքից ու անձից, այսինքն՝ այստեղ որևէ սահմանափակում չկա։ Բիթքոին ունենալն այսօր այնքան հեշտ է, որքան ձեր սմարթֆոնի մեջ հավելված տեղադրելը»,– ասում է «Nooor բլոքչեյնի հայկական ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Վիգեն Առուշանյանը։

Բիթքոինով կուտակած «հարստությունը» կանխիկացնելու եղանակներ ևս կան․ օրինակ կարելի է դա կանխիկ դրամի դիմաց վաճառել, կամ փոխանակման հատուկ կետերում փոխանակել կանխիկ դրամի կամ մեկ այլ կրիպտոարժեքի հետ։ 

«Nooor բլոքչեյնի հայկական ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Վիգեն Առուշանյանը արագ հարստանալու հնարավոր ցանկություն ունեցողներին, այնուամենայնիվ, զգուշացնում է․ «Ինչքան արագ, որ աճել է բիթքոինի արժեքը, այնքան արագ կարող է նվազել ու այստեղ կանխատեսումներ անելը շատ բարդ է»։

Արդեն որոշակի բիթքոին–կարողություն ունեցող Սիփանին սա չի մտահոգում, կարծում է՝ դրանից վախենալը նույնն է, ինչ դոլարի փոխարժեքի տատանումից վախենալը։  Սամվել Մարտիրոսյանն էլ զգուշացնում է՝ եթե անվերապահորեն վստահենք բիթքոինին, այսօր կարող ենք լինել միլիոնատեր, վաղը՝ պարզապես սնանկ։

Back to top button