Սփյուռքի ձայնը

Այնթափից մինչեւ Վան. ինչպես միախառնել ասեղնագործության դպրոցները․ «Սփյուռքի ձայնը»

Ասեղնագործությունը՝ դիվանագիտություն է, տարածաշրջանում ապրող հայերի նիստուկացը, ունեցվածքը, հավատքն ու այլ ժողովուրդների հետ հարաբերությունները ներկայացնող կարևոր ուղղություն:

Յուրաքանչյուրն այստեղ ունի իր դրոշմը, ասում է ասեղնագործության վարպետ, սիրիահայ Մարալ Շեոհմելյանը։ Հայաստանում այս դաշտում մրցակցություն կա: Դա է պատճառը, որ առաջարկն ավելի շատ է, քան՝ պահանջարկը: Բայց, իհարկե, կարևորն այն է, որ արվեստի այս ճյուղը զարգանա և տիրապետողներն ավելանան:

Մրցակիցների մասին խոսելով` նշում է, որ հիմնականում դրանք խորհրդակցությունների տեսքով են լինում։ Կարևորում է նաև մասնագետների հետ հանդիպումներն ու խորհուրդները:

Արևմտյան Հայաստանի ասեղնագործությունը շատ յուրահատուկ է, ընդգծում է Մարալը: Նա կարևորում է հատկապես տարածաշրջաններին բնորոշ գործերը, որոնք առանձնացել են թելի, գույնի, կտորի և բուն ասեղնագործության յուրահատկությամբ և ընտրությամբ:

Բնության տված բարիքները, տարածաշրջանում արտադրության հնարավորությունները, բարգավաճումը, և, իհարկե, մարդկանց բնավորությունը ևս կարելի է տեսնել այս գործերում:

«Ասեղնագործում էին նաև իշխանուհիները,- ասում է Մարալ Շեոհմելյանը,- իրենց ձեռագիրը թողնելով եկեղեցիների վարագույրների, իշխանական պալատների զարդարանքների վրա»:

Մարալ Շեոհմելյանը ցավով է հիշում Սիրիայում պատերազմի ժամանակ շատերն իրենց աշխատանքները չկարողացան տեղափոխել Հայաստան կամ այլ երկրներ: Իրադրություն, որի օրինակը տեսանք նաև արցախյան երկրորդ պատերազմի օրերին, նկատում է Մարալը:

Անդրադառնալով իր աշխատանքներին` նշում է, որ հիմա փորձում է մեկտեղել տարբեր տարածաշրջանների ասեղնագործությունները։ «Սկսել եմ աշխատել Այնթափի ասեղնագործության վրա, որին միաձուլելու եմ Վանի ասեղնագործությունը: Այս գործը երկար կտևի, բայց կարծում եմ հետաքրքիր է լինելու»,- հպարտությամբ պատմում է նա:

Սփյուռքից Հայաստան հիմնական բնակություն հաստատելուց հետո աշխատանք ունենալը շատ սփյուռքահայերի համար՝ առաջնային է: Ի՞նչ հնարավորություններ ունեն սփյուռքահայերը Հայստանում գործունեություն սկսելիս, ի՞նչ խոչնդոտներ կան ներդրումներ անելիս և ինչպե՞ս կայանալ մրցակցային նման իրավիճակում, Մարալ Շեոհմելյանը նշում է, որ կարևոր է հայրենիքում ապրելը, իսկ դժվարությունները հաղթահարելի են:

Ցուցադրել ավելի
Back to top button