ԿարևորՀասարակություն

4 տարի, 8 ամիս, 19 օր․ ո՞վ է զբաղվում ժամավաճառությամբ Աժ-ում

Փոխադարձ մեղադրանքներով է այսօր սկսվել Աժ–ի հերթական լիագումար նսիտը․ ընդդիմությունն ու իշխանությունը կրկին հարաբերություններ են պարզել։ Այսօրվա հիմնական վեճը ժամանակ ճիշտ օգտագործելու հետ էր կապված։

Միջանցքներում օրակարգային էր արտահերթ ընտրությունների չեղարկման թեման, նիստերի դահլիճում՝ դատաիրավական ոլորտը։ Ուշագրավ էր, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու պետք է առաջադրեր, բայց իշխանությունների հետ հեռակա բանավեճի մեջ մտած ԲԴԽ նախագահը հանկարծակի արձակուրդ է գնացել։ Բացահայտումներ եղան նաև թեկնածուին հարցեր ուղղելու ժամանակ։

Խորհրդարանական ընդդիմությունը մեծամասնությանը մեղադրում է օրակարգային անկարևոր հարցերի շուրջ ժամավաճառության մեջ։ ԱԺ-ի այս լիագումար նիստի 14 հարցերից ոչ մեկը, ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի, չի արտացոլում առկա մարտահրավերները։

«4 տարի, 8 ամիս, 19 օր։ Սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է այն տխրահռչակ հայտարարության հիման վրա պահանջել ռուսական խաղաղապահ ուժերի դուրս բերումն Արցախից։ Սա նաև այն ժամանակն է, որ մենք պետք է օգտագործենք, որ պատրաստ լինենք նման հավանական զարգացմանը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ մեր ժամանակը մենք արդյունավետ օգտագործո՞ւմ ենք, թե ոչ։ Բացարձակ իշխանություն ունեցող խմբակցությունը պետք է բերեր և օրակարգում ընդգրկեր «Զենքի մասին» օրենքի հետ կապված հիմնախնդիրները, բանակաշինության հետ կապված հիմնախնդիրները, սահմանային հարցերի հետ կապված հիմնախնդիրները։ Սրանք օրենսդրական կարգավորման առարկաներ են և ԱԺ տիրույթում են»։  

Մի կողմից խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ մեծամասնությունը համատարած մերժում է իրենց մշակած նախագծերը, մյուս կողմից խորհրդարանական մեծամասնությունը վկայակոչում է ընդդիմադիրների կեցվածքը՝ հաճախ բոյկոտում են նիստերը, չեն մասնակցում օրակարգի հաստատման ԱԺ խորհրդի նիստերին։ Նույնը եղել է նաև այս նիստից առաջ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան․

«Իսկապես, այս դժվար ժամանակներում շատ մեծ մարտահրավերներ ունենք, որոնց պետք է ադեկվատ արձագանքենք, և դրանով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ։ Աժ այլ առօրյա պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել, չի էլ կարող, և մենք ունենք նաև բազմաթիվ այլ խնդիրներ։ Մենք չենք չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով, մենք կարող ենք զբաղվել ըստ առաջնահերթությունների՝ 5-րդ հարցով, 26-րդ հարցով և այլն։ Սա մեր առաքելությունն է և պարտավորությունը»։

Մարտահրավերների պատճառով մեկ հարցում, օրինակ, ժամկետեր են խախտվել։ Ամիսներ շարունակ Վճռաբեկ դատարանն առանց նախագահի է։ Նախկին ղեկավար Երվանդ Խունդկարյանին ՍԴ անդամ առաջադրելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը չհասցրեց դատարանի նախագահի նոր թեկնածու առաջադրել։ ԱԺ–ը հարցը կարողացավ քննարկել միայն այսօր։ Հաշվի առնելով իշխանություն–դատական համակարգ բարդ հարաբերությունները, միանգամից աչքի ընկավ,  որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարին էր ուղարկել խորհրդարան։ Այդ կերպ հավանաբար  փորձել էր խուսափել  «պատերի տակ վնգստացող դատավորների» մասին վարչապետի ու իր փոխադարձ հայտարարությունների մասին հնարավոր հարցերից ։

Արման Բաբաջանյան․ «Անցյալ երկուշաբթի օրը ԲԴԽ նախագահը ողջ–առողջ եկել էր աշխատանքի՝ մինչև ուրբաթ ներառյալ։ Հանկարծ մեկնել է արձակուրդ։ Ի՞նչ է պատահել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ինչո՞ւ է նա «փախել» այսօրվա նիստին մասնակցությունից»։

ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ստեփան Միքայելյան․ «Ես չգիտեմ՝ որքանով եք տեղյակ, բայց հեծանիվ վարելու ընթացքում նա վնասվել էր, և ողնաշարի հատվածում նա պարբերաբար, պրոֆիլակտիկ բժշկական միջամտություննեի կարիք է զգում»:

Ամեն դեպքում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար ԲԴԽ–ն ԱԺ–ին առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը։ Վերջինս Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է։ Հայտարարում է, որ երբևէ ներգրավված չի եղել և չի պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում: Թեկնածուի հետ կապված առաջին «ընդվզումը», այսպես ասենք, «դրսից» էր։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նամակ է ստացել քաղաքացի Հովսեփ Խուրշուդյանից,  որն ընթերցեց Անի Սամսոնյանը․

Անի Սամսոնյան․ «Տեղեկացնում եմ, որ տիկին Թադևոսյանը մեղսակից է Եվրադատարանի կողմից օրերս ապօրինի ճանաչված «Սարի թաղի» գործով իմ և իմ պայքարակիցների կալանավորումների որոշումներն ուժի մեջ թողնելու հարցում և, ինչպես կարող եմ կռահել, նախկին իշխանությունների քաղաքական պատվերով շատ այլ ապօրինի որոշումներ «դակելու» հարցում»։

Լիլիթ Թադևոսյան․ «Անշուշտ ծանոթ եմ այդ խնդրին։ ՀՀ–ն ընդունելով խախտման փաստը միակողմանի հայտարարություն է արել, ինչը ենթադրում է, որ ԵԴ–ում քննության ենթակա գործերի շարքից հանվում է այդ գործը։ Բայց այս պահի դրությամբ այդ դատական ակտը դեռևս օրինական ուժի մեջ է, ուստի ավելի մեկնաբանություններ ներկայացնել չեմ կարող։ Ես բացառում եմ որևէ քաղաքական գործոն ամենայն պատասխանատվությամբ։ Օրենսդրական կարգավորումը եղել է խիստ խոցելի, քանի որ կալանավորումը չուներ այլընտրանքային արդյունավետ խափանման միջոցներ։ Հաշվի առնելով, որ չի բացառվում՝ ԵԴ վճռի հիման վրա հետագայում վճռաբեկ բողոք ներկայացվի նախկինում կայացված դատական ակտը վերանայելու խնդրանքով, ուստի չեմ կարող ինձ կաշկանդել, այլ մեկնաբանություններ ներկայացնել չեմ կարող»։

Հետագա գործերում կաշկանդված չլինելու հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն հստակ պատասխան չտվեց նաև քաղաքական ենթատեքստ ունեցող այլ հարցերի։ Որպես քաղաքական գործիչներ՝ պատգամավորները դժգոհ մնացին, հաճախ օգտագործում էին «խուսանավում» ձևակերպումը։ Իրավաբան–պատգամավորների հատվածը գոհ էր թեկնածուի պատասխաններից և պրոֆեսիոնալ մոտեցումից։ Փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը վճռեց․ Լիլիթ Թադևոսյանը Վճռաբեկ դատարանի նախագահ է։

Back to top button