Սփյուռքի ձայնը

Պատմական Հայաստանի արհեստները՝ 21–րդ դարում արդիական. «Սփյուռքի ձայնը»

Ինքդ քեզ համար ստեղծած իրը հանել վաճառքի՝ անսովոր է: Սիրիայից Հայաստան տեղափոխված ասեղնագործության վարպետ Մարալ Շեոհմելյանը՝ «Մարալ Արտ» օնլայն հարթակի հեղինակը, իր աշխատանքների առաջին ցուցահանդես-վաճառքի ժամանակ նման մտավախություն ուներ:

Սիրիայում ապրելու տարիներին իր մեծ մայրերից էր սովորել տարբեր տարածաշրջաններին բնորոշ ասեղնագործությունների գաղտնիքները, ինչով առավել ակտիվ սկսեց զբաղվել Հայաստան տեղափոխվելուց հետո:

Սիրիահայ Մարալ Շեոհմելյանն ասեղնագործության և թաղիքագործության ժողովրդական վարպետի կոչում ստացել է Հայաստանում, 2015-թ.-ին է Սիրիայից հայրենիք տեղափոխվել: Իր մեծ մայրերից լսածն ու տեսածն այսօր Մարալի համար դարձել են և աշխատանքի ու ապրուստի, և նախնիներից ժառանգածը փոխանցելու միջոց:

Խոսքը՝ Արևմտյան Հայաստանի տարբեր տարածաշրջանների ասեղնագործության ու թաղիքագործության գաղտնիքներն ու գեղեցկությունը 21-րդ դարում ներկայացնելու մասին է:

Մարալ Շեոհմելյանը ընտանիքի հետ Հայաստան է եկել Սիրիայում սկսված պատերազի ժամանակ: Ասում է, որ միակ երկիրը, որտեղ կարող էին հաստատվել՝ Հայաստանն էր: «Գիտեինք Հայաստանում հաստատվելու և աշխատանք սկսելու դժվարությունների մասին, սակայն որոշումն անփոփոխ էր, պետք է գայինք հայրենիք»,- ասում է Մարալը:

Հայաստանում թաղիքագործության դասընթացներ անցնելուց հետո Մարալ Շեոհմելյանն ասեղնագործությանը կից սկսեց աշխատել նաև այս ուղղությամբ:

Հիմնեց «Մարալ Արտ» օնլայն հարթակը, որի միջոցով այսօր նրա գործերին ծանոթանում, ցանկության դեպքում՝ ձեռք են բերում ոչ միայն հայաստանցիներն ու սփյուռքահայերը, այլև օտարները:

«Հայաստանում անհրաժեշտ պարագաները քիչ են»,- ասում է Մարալը: Անհրաժեշտ միջոցները շարունակում ենք ձեռք բերել Լիբանանից և այլ երկրներից:

Կարևորելով նրա աշխատանքները` Սփյուռքում ապրող հայերից շատերը աջակցել են Հայաստանում ապրելու և բիզնես սկսելու նրա գործին: Ինչպես նաև մի շարք կազմակերպություններ պատրաստակամ են՝ աշխատանքները այլ երկրներ տեղափոխել:

Մարալ Շեոհմելյանն ասում է, որ իր մեծ մայրերը հավատացյալներ էին: Հաճախ էին ասեղնագործության ժամանակ շարականներ երգում։

Թաղիքագործությունն ու ասեղնագործությունը 21-րդ դարում սկսել են հետաքրքրել ժամանակակիցներին: Գրավիչ են հատկապես այն գործերը, որոնք միաձուլվում են և որոնցից նոր գործեր են ծնվում:

Back to top button