ԿարևորՀասարակություն

Ռազմական արդյունաբերության նոր լուծումներ ապագա պատերազմի համար

Արցախյան երկրորդ պատերազմը ստիպեց ավելի համակարգային մոտեցումներ որդեգրել՝ ասում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ 2020 թ․ ձեռքբերումներն ու ձախողումներն ամփոփելիս։ Ձեռքբերումներն ու ձախողումները շեշտադրվում են առավելապես պատերազմի ու համավարակի ստեղծած ֆորսմաժորային իրավիճակի համատեքստում։

«Ռադիոլուրի» հարցին, թե ինչպես է նախարարը պատկերացնում Հայաստանի ռազմաարդյունաբերության ապագան, և արդյո՞ք ԱԹՍ–ներ զարգացնելու թեզն արդեն հնացած չէ 6-րդ սերնդի հնարավոր պատերազմներին պատրաստ լինելու համար, Հակոբ Արշակյանն արձագանքում է․

«Միանշանակ, ապագայի տեխնոլոգիաները չեն սահմանափակվելու անօդաչու թռչող սարքերով, դրանք պետք է լինեն ռոբոտացված համակարգեր, օպտիկալազերային միջոցներ, էլեկտրոնային խոցման միջոցներ։ Գալու է մի ժամանակ, երբ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով ուղղակի անհնար է լինելու կապը խափանել։ Այդ տեսանկյունից անհրաժեշտ են լինելու խոցման այլ համակարգեր։ Բարձր հզորության էլեկտրոնային ալիքի միջոցով խոցում կամ օպտիկալազերային սարքերի միջոցով խոցում․ այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,– ասում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։

Ռազմաարդյունաբերության զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի, անկախ նրանից՝ մենք առաջիկայում պատերազմ կունենանք, թե ոչ, կամ վերջին պատերազմում հաղթել ենք, թե պարտվել։ Նախարարը շեշտում է, որ ռազմական արդյունաբերությունը կա և մնալու է կառավարության առաջնահերթությունների շարքում, քանի որ դա ոչ միայն անվտանգային երաշխիք է, այլև տնտեսական զարգացման լուրջ խթան։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան

«2020թ․–ին ստեղծված հնարավորությունները 2021թ․ արդեն մեզ հնարավորություն կտան մեր տեղական պահանջարկի զգալի մասի արտադրությունն ամբողջությամբ բերել Հայաստան։ Սա վերաբերում է հրետանային միջոցներին, տարբեր տեսակի արկերին։ Այս ուղղություններով բավականին մեծ ներդրումներ են իրականացվել, մենք արդեն արտադրական պրոցես ունենք և դրա ընդլայնման հնարավություններ»,– ասում է նախարարը։

Ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքների համար ընթացիկ տարում 4.6 միլիարդ դրամ կհատկացվի՝  երեք անգամ ավելի, քան 2017-ին, և շուրջ 40 տոկոսով ավելի նախորդ տարվա ցուցանիշից։  Դրա միջոցով 2020թ–ին, թե հարվածային, թե հետախուզական ԱԹՍ-ների արտադրությունը զարգացել  է և արդեն հասել արտադրական հնարավորությունների։

«Հետախուզական անօդաչու թռչող սարքերը, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն կարող են արտադրվել Հայաստանում և վերջին պատերազմի ժամանակ լայնորեն կիրառվել են զինված ուժերի կողմից»,– ասում է Հակոբ Արշակյանը։

Մինչ քաղաքագետներն ու ռազմական փորձագետները շարունակում են քննարկել պատերազմի անհաջող ելքը Հայաստանի համար՝ խնդիրների հիմքում տեսնելով նաև ռազմարդույթքնաբերական խնդիրները, Հակոբ Արշակյանը խոսում է նաև ոլորտի նվաճումներից։ Դրանց շարքում է դիտարկում նաև արհեստական բանականության կիրառումը պաշտպանական համակարգում, ինչը հնարավորություն է տալիս, օրինակ, խոցող անօդաչու սարքերին՝ ինքնուրույն՝ առանց հետադարձ կապի, գտնել ու ոչնչացնել թիրախին։ Սա, իր հերթին, նվազեցնում է հակառակորդի կողմից անօդաչու թռչող սարքի հայտնաբերման և ոչնչացման հավանականությունը։

Որքանով են կենսունակ ռազմարդյունաբերության զարգացման պետական մոտեցումները․ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը դրանց հանդեպ լուրջ վերապահումներ ունի․ պատերազմը վեր հանեց լրջագույն խնդիրներ, և այսօր առանձնապես իրատեսական չէ խոսել տեղական արտադրանքով պահանջարկը լրացնելու մասին։ Փորձագետն իր դիտարկումներն ունի ռազմարդյունաբերության զարգացման իրատեսական ուղղությունների մասին, որոնք իրոք կարող են, իր ձևակերպմամբ, մեկ քայլ առաջ տանել։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան

«Առաջին հերթին դա ռազմական տեխնիկայի վերանորոգումն է․ սա կարևոր ուղղություններից մեկն է, եթե հաշվի առնենք, որ պատերազմական իրավիճակում տեխնիկան այլ երկիր տեղափոխել ու վերանորոգելը շատ բարդ գործընթաց է։ Երկրորդը քարշակային հրետանային միջոցներն ավելի մոբիլ դարձնելն է։ Սա ևս մի մոտեցում է, որն իրատեսական է մեր արդյունաբերության դեպքում»,– ասում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Փորձագետը նշում է՝ պատերազմական իրադարձությունները պարտադրում են լրջագույն մոտեցում ու ժամանակ վատնելու ժամանակ չեն թողնում։

Back to top button