

Յուրաքանչյուրիս մեջ կա մի ծուռ գիծ ու այն շտկելու կարիք կա, բայց ահա հմուտ ծաղրանկարչի աչքից երբեք չի վրիպում մարդու արտաքինի և բնավորության ամենացայտուն ու ամենագաղտնի կողմերը, և երբեմն վայրկյաններն էլ բավական են որսալու ու կայծակնային արագությամբ ստեղծելու հերոսի իրական կերպարը. մեկ պատժող, մեկ գովերգող, մեկ պարզապես ժպիտ պարգևող:
Ծաղրանկարը հումորի, ծիծաղի և ժպիտի լեզուն է: Հայտնի ու անվանի մարդիկ հաճախ են դառնում ծաղրանկարիչների համար հերոսներ, երբեմն ապահովելով լրատվամիջոցին հաջողություն, երբեմն այն դարձնելով սպառնալիքի, ինչու չէ, նաև ահաբեկչության թիրախ:
Ծաղրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Հարություն Չալիկյանի ծաղրանկարները հանդիսատեսին պարգևում են կենսական էմոցիաներ, ուրախություն և ժպիտ, ստիպում խորը մտածել, ազդում հասարակական կարծիքի վրա:
Հերոսները շատ բազմազան են․ քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ: Արվեստագետն իր ծաղրանկարներում շատ է սիրում արտահայտել յուրաքանչյուր հերոսի բնավորության ամենացայտուն և ամենագաղտնի կողմերը, բնավորությունն ու ներքին էությունը, յուրաքանչյուր ծաղրանկար ունի իրեն բնորոշ, հումորային ու դիպուկ երկտող։ Զրույց ծաղրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Հարություն Չալիկյանի հետ։