ԿարևորՀասարակություն

Համացանցային ռիսկերը կտրուկ ավելացել են հատկապես երեխաների համար

Թեև տեխնոլոգիաները և թվային լուծումները կրթվելու, ժամանակ անցկացնելու և կապի մեջ լինելու հսկայական հնարավորություններ են ընձեռում նաեւ երեխաներին, այդ նույն գործիքները կարող են անթիվ վտանգների պատճառ նույնպես լինել։  

Նույնիսկ նախքան համավարակը առցանց սեռական բռնությունը, վտանգավոր բովանդակությունը, ապատեղեկատվությունը և կիբերբուլինգը վտանգում էին երեխաների իրավունքները, սպառնում անվտանգությանն ու հոգեկան առողջությանը։

Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկարագրված իրավիճակում առանձնացնում է ծնողի դերը․


Երեխաների համար հետաքրքիր են նաև ուսուցողական խաղերը, նա կարող է դրանով և՛ սովորել, և՛ ժամանակ անցկանցնել։ Բայց շատ հաճախ երեխաները զբաղվում են այլ խաղերով, օրինակ՝ շատ ագրեսիվ խաղերով»։

Համավարակը պարտադրեց իրավիճակ, երբ երեխաներն սկսեցին ավելի շատ օգտվել համացանցից՝ ընդ որում հիմնականում ծնողների վերահսկողությունից դուրս։ Անգամ դասերն ավարտելուց հետո երեխաները շարունակում են մնալ վիրտուալ տիրույթում՝ տնային առաջադրանքներն անելու համար։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ծնողը չգիտի, թե երեխան ինչով է զբաղված համացանցում, իսկ երեխան կարող է տեղյալ չպահել՝ ինչ խնդիրների է բախվում վիրտուալ տիրույթում։

«Ե՛վ ծնողը, և՛ երեխան պետք է փորձեն կարգավորել իրենց օնլայն ժամանակը և օնլայն զբաղմունքները։ Երեխային պետք է սովորեցնել՝ որո՞նք են ուսուցողական խաղերը, որոնք՝ վնասակարները։

Ագրեսիվ խաղերի հետևանքների մասին Արթուրը պատկերացում է կազմել իր հնգամյա տղայի օրինակով։ Մինչև վերջին ժամանակները նրա որդին համակարգչային խաղերի սիրահար էր։ Երբ երեխայի պահվածքում  փոփոխություններ զգաց և նկատեց, որ նա փորձում է կրկնօրինակել խաղի հերոսներին՝ հասկացավ՝ պետք է որոշակի քայլեր նախաձեռնել։

«Օրինակ՝ աթոռի վրա էր բարձրանում և փորձում էր մեծ հեռավորության վրա թռչել, այսինքն՝ ինքն իրեն վնաս կպատճառեր դրանով, կամ օրինակ՝ խաղերի մեջ մի հերոսը դանակով հետապնդում է մյուսին, ինքն էլ ինչ–որ մի բան էր վերցնում, փորձում էր նմանակել»,–պատմում է Արթուրը։

Արթուրի խոսքով՝ նախկինում երեխայի խաղի ժամը համակարգված չէր, և հնարավոր էր, որ օրվա կեսը  խաղերով անցկացներ։ Հիմա պարզապես համակարգչից ջնջվում են այն խաղերը, որոնց մեջ ագրեսիա է նկատում։

«Ոչ թե իրեն կտրեցի, արգելեցի, այլ իր համար ուրիշ զբաղմունք գտա, այսինքն՝ իրեն համոզում, առաջարկում էի, որ նկարի, իր խաղալիքներով խաղա, ու ես էլ էի ներգրավվում այդ խաղերի մեջ։ Ժամանակ անցկացնում էի երեխայի հետ, բայց սկսեցի ավելի շատ ժամանակ անցկացնել»,-ասում է Արթուրը։

Երեխաներին համացանցում գրավելու տարածված սցենարներից մեկն էլ խոստացվող կեղծ մրցանակներն են։ Հաճախ դրանց անգամ ծնողներն են հավատում ու անձնական տվյալները, բանկային քարտի համարը մուտքագրելով՝ ցանցահենների զոհ են դառնում։ Համացանցում առկա վտանգներից Քրիստինե Գյոնջյանը առանձնացնում է ֆիշինգը և բուլլինգը՝ խարդախությամբ տվյալներ ձեռք բերելուց եւ երեխային ուղղված ծաղրից։ Երեխային պետք է կրթել նախադպրոցական տարիքից, որ հասկանա՝ ինչպես կողմնորոշվել ցանցում։ Հայաստանի օպերատորների միությունը «Համացանցի անվտանգ օգտագործում» անվանումով օնլայն դասընթաց է թողարկել՝ հասանելի բոլորին։ Դասընթացը կսովորեցնի՝ ինչպես անվտանգ օգտվել համացանից։

«Կիբեր կախվածությունը ռիսկ է ոչ միայն երեխաների, այլեւ նրանց ծնողների համար։ Օրինակ՝ երբ ծնողն ամբողջ օրը հեռախոսը կամ մեկ այլ գաջեթ ձեռքին սոցիալական ցանցի նորություններն է կարդում կամ յություբում վիդեոներ է նայում, երեխաների համար անհասկանալի է՝ ինչու են իրեն արգելում կամ չեն թողնում»։

Մասնագետը ծնողների ուշադրությունն է հրավիրում՝ օնլայն խաղերով տարված երեխաներն ինքնամփոփ են, չեն կիսվում խնդիրներով, հեշտությամբ կարող են իրենց տվյալները տրամադրել անծանոթներին, մինչդեռ զգոն վերահսկողությունը կբացառի դա։  

Back to top button