ԿարևորՀասարակություն

Արարատի մարզից նորակոչիկները մեկնեցին զինծառայության

Արարատի մարզկենտրոն Արտաշատում տեղի է ունեցել 2020 թվականի ձմեռային զորակոչին Արարատի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման արարողությունը, որին մասնակցել է Արարատի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Թևոնյանը: Ներկա են եղել նաև Հայ առաքելական եկեղեցու Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, Պաշտպանության նախարարության և Զինված Ուժերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը, այնուհետ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի մատուցմամբ՝ հնչել է տերունական աղոթքը:

Ներկաներին ողջունել է և նորակոչիկներին իր բարեմաղթանքի խոսքն է հղել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը՝ մասնավորապես նշելով.

«Սիրելի նորակոչիկներ, ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում դեպի նոր կյանք, դեպի Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր: Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ դուք, որպես զինվորներ, որպես ապագա սպաներ՝ պատվով և ամենայն պատասխանատվությամբ կկատարեք ձեր առջև դրված ցանկացած առաջադրանք: Ձեր ծառայության երկու տարվա ընթացքում այսուհետ դուք եք ստանձնելու հայրենիքի պաշտպանի դերն ու անսասան պահելու մեր երկրի դարպասները:

2020 թ-ի պատերազմից հետո ինձ համար, թերևս, ամենաերջանիկ օրն է սա՝ տեսնելով ձեզ այստեղ՝ առողջ ու պինդ կանգնած: Ամենակարևորը՝ թող ձեր ծառայությունն անցնի խաղաղության պայմաններում, իսկ բանակային տարիներն էլ նպաստեն ձեր ռազմական գիտելիքների ու հմտությունների հարստացմանը:

Մեր նորակոչիկների հարգարժան ծնողներ, ձեզ էլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ ձեր զավակների մեջ հայրենասիրություն սերմանելու համար:

Այստեղ կանգնած մեր նորակոչիկների ու այս պահին էլ մեր սահմանները հսկող զինվորների անունից ձեզ վստահաբար ասում եմ՝ հանգիստ քնեք, հանգիստ աշխատեք ու արարեք, որովհետև բոլորիս նպատակը մեկն է՝ ուժեղ և ամուր հայրենիք ունենալը: Համբերություն և տոկունություն ձեզ»:

Back to top button