ԿարևորՏնտեսական

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Համավարակով պայմանավորված ամենատուժած ոլորտներից մեկը՝ զբոսաշրջությունը խթանելու և վերջինիս զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ շարունակում է իրականացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքների Զարգացման (ՏՏԵԶ) Ծրագրի» Հանրային-մասնավոր ներդրումներ (ՀՄՆ) բաղադրիչը։

Բարելավելով հանրային ենթակառուցվածքների որակը, աջակցելով զբոսաշրջության, ինչպես նաև ագրոբիզնեսի զարգացմանը՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծելու նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար՝ խթանելով տնտեսական աճը և զբաղվածությունը Հայաստանի ինը մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց Ձոր:

ՏՏԵԶ ծրագրի այս բաղադրիչի ներքո աջակցություն կտրվի ծրագրի տարածքում ընտրված մասնավոր հատվածին՝ ներդրումների կենսունակությունը խրախուսելու նպատակով հանրային ենթակառուցվածքների ապահովման միջոցով (օրինակ՝ ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/ մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն):

Ներդրումները կարող են իրականացվել միայն զբոսաշրջության և ագրոբիզնեսի  ոլորտներում։

ՀՄՆ մոդելը բացառում է ուղղակի բիզնեսի ֆինանսավորման կամ կապիտալի ներդրման հնարավորություններ: Այն նախատեսում է հանրային ենթակառուցվածքների (ճանապարհ, ջուր, կոյուղի, էլեկտրամատակարարում և այլն) կառուցման ֆինանսավորում միայն ներդրողի կողմից ծավալվող գործունեության տարածքից դուրս:

Մասնավոր ներդրումների և ՏՏԵԶ ծրագրի ֆինանսավորման հարաբերակցությունը պետք է լինի առնվազն 4:1, իսկ մասնավոր ներդրումների նվազագույն ծավալը՝ 200 մլն ՀՀ դրամ։ Բոլոր առաջարկվող ներդրումները պետք է նպաստեն հարող տարածքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։

Ծրագիրն արգելում է իրականացնել ներդրումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գոտիներում և ակնհայտ կանաչ տարածքների՝ անտառների, ալպիական/ենթալպյան մարգագետինների մոտակայքում՝ բացառելու բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Ծրագրի մասնակցության պայմաններն ու դիմում-հայտը հասանելի են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում՝ հետևյալ հղումով:

Back to top button