Դպրություն

«42 Երևան». դպրոց, որն ուսուցիչներ չունի․ «Դպրություն»

«42 Երևան» ծրագրավորման նորաբաց դպրոցը ուսուցիչներ չունի։ Արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը եւ համակարգչային խաղերն այստեղ ստեղծում, ուսումնասիրում, սովորում են առանց ուսուցիչների։

22-ամյա ուսանող Անի Հովհանիսյանի երազանքն է ստարտափ ստեղծել։  «Ես ցանկանում եմ կրթությունն ավելի հասանելի դարձնել հավելվածների միջոցով: Այս գործում շատ կարևոր է հավելվածների որակն ու դրանց նկատմամբ ստեղծագործ մոտեցումը, հենց այդ պատճառով էլ պատրաստվում եմ կենտրոնանալ վեբ հավելվածների ոլորտում հմտանալու վրա»,- ասում է նա:

21-ամյա ուսանող Վահագն Գիշյանի համար «42-ը» պարզապես ուսումնական կենտրոն չէ, այլ հարթակ, որտեղ կարող է գաղափարակից ընկերներ գտնել ու միասին անցնել այս ճանապարհը: «Ես ցանկանում եմ ապագայում խաղերի ստեղծման ընկերություն հիմնել այստեղի իմ ընկերների հետ ու վերադառնալ «42»` կիսվելու փորձով ու ոգևորելու մեր օրինակով»,- ասում է:

Մարտին Հովհաննիսյանը 12 տարեկանից ծրագրավորման «դասեր է առնում» նախ` ԹՈւՄՈ-ում, այնուհետև ստարտափներում, հետո վեբ ծրագրավորող է աշխատել, իսկ այժմ «42»-ում է:

«42-ում ինձ ամենաշատը դուր է գալիս միմյանց օգնելը: Ես այս ոլորտում փորձառություն ունեմ, շատերը չունեին ու միմյանց օգնելով աճում էինք բոլորս»,- պատմում է նա:

Փոխօգնությունը նրան այնքան է դուր եկել, որ վերադարձել է «42» արդեն որպես կամավոր: Իր հեռահար ծրագրերի ու նպատակների մասին spoiler չենք անում, ինքներդ կլսեք ապագայում:

«42 Երևանի» ուսանող, 20-ամյա Մանեն հույս ունի գիշերը գոնե մի ժամ քնել։ Սա չափազանցություն չէ, երբ իմանում ենք, որ նա միաժամանակ տեղեկատվական անվտանգություն է սովորում Պոլիտեխնիկական համալսարանում, աշխատում է մասնագիտությամբ ու պատրաստվում է հունվարից սովորել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «42 Երևանում»:

«Ինչո՞ւ տեղեկատվական անվտանգություն» հարցի պատասխանը Մանե Համբարձումյանի համար չափազանց հստակ է. «Այս ոլորտում կայանալու համար պետք է իմանաս բառացիորեն ամեն ինչ` ծրագրավորում, ցանցային ադմինիստրացիա, անգամ համակարգչի կառուցվածք ու սարքավորումներ: «42»-ի բոլոր հնարավոր ոլորտներում հմտանալուց հետո վստահ կլինեմ, որ կկարողանամ պաշտպանել ինձ, մարդկանց ու միգուցե անգամ պետությանը»:

Եզրափակենք 42 Երևանի Ավազանի փուլի ուսանողների հետ ծանոթացումը 21-ամյա Արման Գրիգորյանով` Արարատի մարզից: Արմանը սովորում է ԵՊՀ-ում, 4-րդ կուրսում, աշխատում է ծրագրավորող: Նման զբաղվածության դեպքում ինչո՞ւ եկել նաև «42», հարցնում եմ։ «Եսիմ, հետաքրքիր էր պարզապես, բայց եկա ու մնացի»:

Ամաչկոտ Արմանին 42-ում ամենաշատը ձեւաչափն է դուր եկել, ստիպված պետք է շփվեր ընկերների հետ ու դադարեր լինել ամաչկոտ։ «Սկզբում բարդ էր, բայց հետո բացվեցի: Բայց միևնույնն է, սիրում եմ ինքնուրույն աշխատել: Հենց դրա համար էլ ծրագրավորող եմ»,- ծիծաղում է:

Կարիերայի հետ կապված Արմանը խոշոր պլաններ չունի։ Դրա փոխարեն ունի շատ պարզ մարտավարություն` «լավացնել հմտությունները, հետո հաստատ մի բան կստացվի»: Կարծես թե աշխատող տարբերակ է:

Back to top button