ԿարևորՄշակույթ

Որտե՞ղ է հանգրվանել Արցախից Հայաստան տեղափոխված ձեռագրական ժառանգությունը

Որտե՞ղ է հանգրվանել Արցախից Հայաստան տեղափոխված ձեռագրական ժառանգությունը։ Մատենադարանի արցախյան մասնաճյուղի՝ մաշտոցյան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի արցախյան ձեռագրերը Երևանի Մատենադարանում են՝ հատուկ ցուցասրահում։ Սակայն Արցախում ստեղծված 100-ից ավելի ձեռագիր-մատյաններից, հնատիպ գրքերից, արխիվային մեծարժեք փաստաթղթղերից ցուցադրության է դրված մոտ 5 տասնյակ նմուշ։ Արցախյան ձեռագիր ժառանգությունը Երևան է բերվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելուց հետո։

Մաշտոցյան մատենադարան Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյան․ «Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում, երբ մենք համոզվեցինք, որ թիրախավորվում են մշակութային հաստատությունները, եկեղեցիները, վանքերը, և թշնամին չի դադարել իր մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, և գերճշգրիտ հարվածներ հասցրեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, մենք որոշեցինք ձեռագրական հարստությունը դուրս բերել ռազմական գործողությունների շրջանից և բերել ավելի ապահով վայր։ Ամբողջությամբ դուրս ենք բերել»։

Գանձասարից մեզ հասած հնագույն ձեռագիր մատյան, Ավետարանից մինչև կույս Գայանեի գրած Ծաղկաց ձեռագիր, Նապոլեոն Բոնապարտի հրամանագրերը՝ արցախցի թիկնապահ Հովհաննես Պետրոսյանին պատվո–լեգեոնի շքանշան շնորհելու վերաբերյալ․ այս և այլ հետաքրքիր ու պատմական արժեք ունեցող նմուշները հանգրվան են գտել Երեւանում՝ Մատենադարանի նոր ցուցասրահում։

«Այս մասում մենք ցուցադրում ենք Նապոլեոն Բոնապարտի հրամանագիրը, որով ծագումով արցախցի թիկնապահ Հովհաննես Պետրոսյանին շնորհվում է պատվո լեգեոնի շքանշան։ Այս արխիվային փաստաթուղթն առանձնահատուկ հետաքրքրում է օտարերկրացի այցելուներին։ Պատմաբան Լեոյից մի շարք փաստաթղթեր՝ նրա ավարտական վկայականը և այլ փաստաթղթղեր։ Ալեքսանդր Երկրորդ Կայսեր հրովարտակը, որով Սարգիս Հասան Ջալալյանին շքանշան էր շնորհում»,- ասում է Արամ Թորոսյանը։

Ցուցադրության մի հատվածում ներկայացված են կաթողիկոսական ու մելիքական գրությունները, հայ գրատպության խոշոր կենտրոններից՝ Շուշիում լույս տեսած գրքերը։

«Այս մասում մենք ցուցադրում ենք Շուշիում լույս տեսած գրքերը։ Շուշին ունեցել է 5 տպարան։ Ամենատարբեր բովանդակության գրքեր են մեկտեղված այս հատվածում»,- նշում է Մաշտոցյան մատենադարան Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենը։

Արցախյան ժառանգությունը Մատենադարանի երևանյան մասնաճյուղում երկար չի մնալու։ Ղեկավարությունն այս հարցում վճռական է։ Հավանաբար, տարվա երկրորդ կեսին անվտանգության երաշխիքներ ունենալու դեպքում դրանք կտեղափոխվեն իրենց «բնակավայր»՝ Գանձասար։

«Ժամանակավոր, հարկ եմ համարում ընդգծել, քանի որ մենք այս հարցում համառ ենք լինելու։ Ցուցադրությունն առաջին իսկ հնարավորության դեպքում, տեխնիկական որոշ խնդիրների լուծումներից հետո, վերադառնալու է Արցախ և նորից բաց է լինելու այցելուների համար»,- հավելում է Թորոսյանը։

Երևանում պահվող մշակութային ժառանգությունը վերադարձվելու է Արցախ՝ լիահույս է նաև հայկական երկրորդ հանրապետության թեմի նորանշանակ առաջնորդը։ Դադիվանքից հանված մասունքները, որոնք ներկայում պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, վերադարձվելու են վանական համալիր․ «Ռադիոլուրին» ասում է Սրբազան Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Դադիվանքից ինչ հանվել է, գտնվում է ապահով տեղում՝ Մայր աթոռում, և առաջին հնարավորության դեպքում, երբ մենք ավելի վստահ կլինենք, թեև մենք ոչ մի առիթ չունենք անվստահության, Դադիվանք կվերադարձվեն այդ բոլոր մասունքները»։

Սրբազանը մեկ հարցում ևս լիահույս է, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում և Արցախի մյուս՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած վանական համալիրներում ռուս խաղաղապահների վերահսկողությամբ պատարագներ կանցկացվեն, կկազմակերպվեն ուխտագնացություններ, ծիսական արարողակարգեր։ Ռուսական խաղաղապահ ուժերի հետ այս հարցերը քննարկվում են, ակնկալվում են դրական արդյունքներ։

«Ոչ միայն Շուշին, այլ նաև մենք մեր մտքի մեջ և Վեհափառի օրհնությամբ ուզում էինք, որ նույն կացությունը լինի նաև Ծիծեռնավանքում։ Այդ հարցերը դեռ օրակարգի մեջ են, քննարկվում են, որովհետև Ծիծեռնակավանքը մեկ կիլոմետրով է բաժանվում Հայաստանի սահմանից։ Եվ այդպիսի հարցադրում–նամակով մենք դիմել ենք համապատասխան մարմիններին, որ և՛ Ծիծեռնավանքը, և՛ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, և՛ մյուս այլ եկեղեցիներում  ռուս խաղաղապահների օգնությամբ մենք պարբերաբար այնտեղ աղոթքներ անենք, ուխտավորներ գնան։ Եվ սա օրակարգի մեջ է, չի բացառվում, որ նաև դրական լուծում ստանա»։

Իսկ մինչ այդ՝ Մատենադարանում արցախյան ժառանգության ցուցադրությունն այցելուներին կընդունի ռաջիկա օրերին։ ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների մուտքը կլինի անվճար։

Back to top button