ԿարևորՀասարակություն

Պատերազմը հավատքի վրա հետք չի թողել․ Արցախի թեմը մուտք է փնտրում հոգևոր տարածքներ

Արցախի թեմը և հայ եկեղեցին մշտապես եղել են իր ժողովրդի, պետականության և բանակի կողքին։ Պատերազմը թողել է իր հետքերը, ժողովրդի մեջ կա անորոշության զգացում, որը հաղթահարելու համար հարկավոր է ապավինել Աստծուն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սրբազանի հետ զրույցին հաջորդում է Ստեփանակերտի Աստվածամոր ՍԲ հովանի մայր տաճարում մատուցված առաջնորդական առաջին պատարագը։ Հոգևոր արարողությունները մեծ նշանակություն ունեն մարդկանց մեջ հավատը պահելու և ամրապնդելու հարցում։ Այս նպատակով նաեւ ամեն կիրակի Դադիվանք այցելություններ են իրականացվում։ Տեր Վրթանեսն ասում է՝ ամեն բան պետք է անել, որպեսզի նմանատիպ այցերը կազմակերպվեն նաև դեպի Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի:

«Հիմք ընդունելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ ես ևս արել եմ նման արտահայտություն, որ Շուշիի եկեղեցում պետք է սկսել արարողություններ։ Մենք Շուշիի մզկիթը վերանորոգեցինք ժամանակին։ Իրանից իմամները գալիս էին և իրենց արարողություններն իրականացնում։ Մենք նույնպես հուսանք, որ կունենանք այդ հնարավորությունը՝ նաև վերականգնելու եկեղեցին, այն հատվածները, որոնք ավերվել են»,-ասում է Տեր Վրթանես Աբրահամյանը։

Պատարագը հանդիսապետում էր հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը 30 տարուց ավելի առաջնորդել է Արցախի հոգևոր թեմը: Հընթացս պատարագի Պարգև Սրբազանը վեհափառի կոնդակը փոխանցեց տեր Վրթանեսին։

Առաջնորդական առաջին պատարագին մասնակցում էին ԱՀ իշխանությունները՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է պատարագի կարևորությունը և նշում, որ հոգևոր արժեքները հիմա առավել քան երբևէ գնահատելու ժամանակն է։

«Շուշիի եկեղեցին և, առհասարակ, մեր մնացած բոլոր տարածքները պետք է վերադարձվեն, դեօկուպացվեն։ Սա ոչ թե մեր մշակութային, այլ սոցիալական, պետական իրավունքն է։ Սակայն մինչ սա, մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի մուտք ունենանք այդ տարածքներ, մեր մշակութային կոթողներ, եկեղեցիներ։ Հիմա տարբեր բանակցություններ են ընթանում, հուսամ՝ շուտով կտան իրենց արդյունքը»,-ասում է Արտակ Բեգլարյանը։

Խաղալիք զենքը ձեռքին պատարագին էր եկել մասնակցելու փոքրիկ ստեփանակերտցին։ Եկեղեցու բակում անվաչմուշկ էր քշում, սպասում, մինչև արարողությունը կսկսվի:

«Որ մեծանամ, ուզում եմ զինվոր դառնամ, որ թուրքերին սպանեմ, թե չէ եկել են գրավել են մեզ, Շուշիում ոնց կլինի թուրքերը մնան»։

Տղայի մայրիկն ասում է՝ պատերազմի օրերին եղել են Երևանում, պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձել են իրենց տուն՝ Ստեփանակերտ։

«Անկախ նրանից, թե հայը որտեղ է ապրում, կապված է եկեղեցուն, դա է երևի պատճառը, որ մենք հիմ աայսքան ծանր ենք տանում Դադիվանքի, Շուշիի եկեղեցու կորուստը, որովհետև հողի կորուստը կապում ենք եկեղեցու, հոգևորի հետ»։

Զրուցակիկս եկել է խաղաղության աղոթքի, իրավիճակն անորոշ է, բայց պետք է շարունակենք ապրել և արարել, ասում է երիտասարդ մայրիկը․

«Երկու տղա ունեմ, երկու զինվոր ունեմ մեծացնելու, երբ Արցախում տղա է ծնվում, գիտենք, որ զինվոր է լինելու, դրա համար միայն խաղաղություն ենք ուզում, ուրիշ ոչինչ»,-ասում է զրուղակիցս։

Արցախ վերադառնում են։ Արցախում կյանքը շարունակվում է։ Հոգևոր ներուժով զինված՝ մարդիկ խոսում են ապագայի, ապրելու և լինելու մասին։

Back to top button