ԿարևորՀասարակություն

Չեղարկվող արտահերթ ընտրություն․ «15+»-ի ձևաչափից «գաղտնազերծում» են իրենց իրական թեկնածուին

ՀՀ շարքային քաղաքացին և ընտրողը անցած շաբաթվա ընթացքում տեղեկացավ, որ նույն շաբաթվա վերջին իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կհավաքվի և կորոշի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետները։

Կիրակի արդեն հայտնի դարձավ, որ ոչ ժամկետներ կան, ոչ էլ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջարկ։ Խորհրդարանական մեծամասնությունը այսպես է որակել հանրության շրջանում առկա տրամադրությունները։ Այսպիսով՝ իշխանությունը փակում է արտահերթ ընտրությունների օրակարգը, իսկ ընդդիմությունը պատրաստվում է նոր գործողությունների։

Փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիր թեւում հակված են կարծել, որ արտահերթ ընտրություններից հրաժարվելու իշխանության որոշումը մեծապես կախված է Ռոբերտ Քոչարյանի մտադրություններից՝ մասնակցել և, ինչպես ինքն է արտահայտվել, «կրել» այդ ընտրություններում։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձում է․

«Ոչ, այդ հայտարարությունը չի քննարկվել, և մեր որոշումները որևէ կերպ, ինչպես դուք ձևակերպեցիք, «վախենալու» կոնտեքստում չեն կարող լինել, որովհետև մեր կողմից է հենց հնչել արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը»։  

«Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք չեն տեսնում։ Ինչպես գնահատվեց՝ կարիքը կա, թե ոչ։ «Իմ քայլը» օգտվել է հանրային տրամադրությունների «չափման» այլընտրանքային ձևերից՝ ասում է Մակունցը: Ընտրությունների, հանրաքվեի կամ գոնե սոցոլոգիական հարցման փոխարեն հանրային տրամադրությունը որոշվել է այլ կերպ․

«Եթե ընդդիմությունը չի տեսնում հանրային պահանջ, որպեսզի հիմա գա և քննարկում ունենա արտահերթ ընտրությունների շուրջ, դա նշանակում է, որ առնվազն նրանք այդ ազդակը չեն ստանում։ Եթե ընդդիմությունը կազմակերպում է հանրահավաքներ, որոնց մասնակցում է մի քանի հազար քաղաքացի և գտնում են, որ դա բավարար պայման չէ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, ապա դա ձևակերպվում է նաև այդպես։ Նաև մեր շփումները քաղաքացիների հետ չեն հաղորդում մեզ այդպիսի ազդակներ։ Մենք կողմ էինք և կողմ ենք և չենք առարկում քննարկել արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր։ Ձեր դժգոհությունը, ձեր մտահոգությունը ուղղեք, խնդրում եմ, ընդդիմությանը և հարցրեք, թե ինչու նրանք չեն քննարկում կամ չեն քննարկել մեզ հետ այդ հարցը»։

Խորհրդարանական ընդդիմության սկզբունքայնությունը և վարչապետի հետ քննարկումների չնստելն ունեցավ այսպիսի վերջաբան։ Գնդակն իրենց դաշտ ուղարկելը «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն ազնիվ չի համարում։

Այս պահին արտահերթ ընտրությունների մասին խոսելը նա կեղծ օրակարգ է համարում․ «Իշխանությունն արեց մի հետաքրքիր մանիպուլյատիվ քայլ, ինչը հաջողությամբ այսօր իր ավարտին է հասցնում։ Ընդդիմադիր դաշտում նոյեմբերի 10–ից սկսած եղել է մեկ պահանջ՝ վարչապետի հրաժարականի պահանջը, որի վերաբերյալ ձևավորվել էր «կոնսենսուս -1»։ Ի պատասխան այս հայտարարությունների վարչապետը առաջարկում է ընտրություններ և սկսվում է արտահերթ ընտրությունների մասին «նիսյա» խոսակցություն։ Տեսեք՝ դուք ինձ չեք հարցնում՝ ինչու՞ վարչապետը չտվեց հրաժարական, եկել եք հարցնում եք արտահերթ ընտրությունների մասին, այսինքն՝ մենք բոլորս, ամբողջ դաշտը մանիպուլացված է կեղծ օրակարգերով։ Դա եղել է իր օրակարգը, որը չի մերժվել ոչ մեկի կողմից, ինքն էլ ի պատասխան հիմա էլ առաջարկել է հուշագիր ստորագրել։ Կարող է ասենք հուշագիրը ստորագրում ենք, հիմա էլ ուրիշ բան ուզեն։ Ուզում եք ընտրություններ անենք՝ ցրեք խորհրդարանը անենք։ Չեք ուզում անեք, ասենք, որ չեք ուզում»։

Արտահերթ ընտրություններից հրաժարվելը տանելու է հակասահմանադրական գործընթացի, համոզված է պատգամավորը, բայց կրկին հավատարիմ է մնում իր սկզբունքքին՝ «լուսավորականներին» չհանելով փողոցային պայքարի։

Այդ տարբերակն ընտրած ընդդիմադիրները՝ «15+»-ի ձևաչափով արդեն պատրաստվում են ակտիվ գործողությունների։ Փետրվարի 20–ին հանրահավաք են հայտարարել։ Ձևաչափից Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքում գրառմամբ՝ 3 հիմնական պատճառ է նշել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից։ Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ իշխանական թիմը հասկացել է, որ տանուլ է տալու։

«Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող՝ «Ազգային Համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը վստահ է, որ «15+»–ի ձևաչափն ուժեղ է, քան երբևէ և այս հարցում հորդորում է ազնիվ լինել։  

«Քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ էլ տեղ չկա հետ գնալու և «խաղեր» տալու։ Այսօր Քոչարյանի պարագայում հեշտացել է գործը, որովհետև այդ մարդը հստակ արդեն ասաց, որ պատրաստ է Հայաստանը այս վիճակից հանելու։ Չի կարելի , որ Քոչարյանը մեկ տարով գար, դրա համար Վազգեն Մանուկյանը շատ հարմար ֆիգուր էր՝ անցած ճանապարհով մարդ նաև այն պայմանը, որին ինքը համաձայնել է այն է, որ ինքը չի մասնակցելու ընտրություններին։ Գործնական առաջարկ եմ անում Վազգեն Մանուկյանին, որ առաջիկա նիստում Ռոբերտ Քոչարյանին հրավիրի, այդ հանդիպումները պետք է լինեն բաց, և բոլորը պետք է տեսնեն։ Պետք չէ վախենալ, որ որևէ մեկը ասի՝ «17»-ի հետևում Քոչարյանն է։ Քոչարյանը ոչ թե հետևում է, Քոչարյանը առաջն է «17»-ի»։


Մինչ ընդդիմությունների տարբեր թևերը պատրաստվում են պայքարի՝ իշխանությունն իր հերթին հայտարարում է՝ հավատարիմ է մնում հայտարարված ճանապարհային քարտեզի իրագործմանը։ Այդ աշխատանքների ամփոփման ժամանակ, հարկ եղած դեպքում,  հնարավոր կլինի կրկին վերադառնալ արտահերթ ընտրությունների թեմային՝ ասում են։  

Back to top button